Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմունիտետի ձեւավորման փուլում ենք, մենք էլ, ողջ աշխարհն էլ, թե ե՞րբ կհասնենք այդ մակարդակին` մի քիչ դժվար է գնահատել». Արարատ Մկրտչյան

Հոկտեմբեր 22,2020 17:59

Aravot.am-ը առողջապահության նախկին նախարար, համաճարակաբան Արարատ Մկրտչյանից հետաքրքրվեց՝ կորոնավիրուսի թվերի աննախադեպ աճը, որն արդեն քանի օր է` արձանագրվում է, կարո՞ղ է ձեւավորել կոլեկտիվ իմունիտետ՝ ինչպես որ նշում էին առողջապահության ոլորտի մի շարք մասնագետներ:

«Իմունիտետի ձեւավորման փուլում ենք, մենք էլ, ողջ աշխարհն էլ, պարզապես, թե ե՞րբ կհասնենք այդ մակարդակին, մի քիչ դժվար է գնահատել, քանի որ հարուցիչը մեզ անծանոթ է»,-ասաց պարոն Մկրտչյանը:

Արարատ Մկրտչյան

Նրա խոսքով կայուն իմունիտետի ձեւավորման տեսանկյունից՝ հետազոտությունները բազմաթիվ են եւ իրարամերժ, ուստի հիմա կանխատեսումներ անել՝ երբ տեղի կունենա, դժվար կլինի ասել. «Պետք է ասեմ, որ գնահատականները տարբեր են, բայց հասանելի հետազոտություններում նշվում է, որ նվազագույնը 5 ամիսն է, որ ընկալելին դառնում է անընկալ այդ հիվանդության նկատմամբ: Կան հետազոտություններ, որոնք վկայում են մինչեւ մեկ կամ երկու տարվա մասին: Բայց, ինչպես գիտենք, աշխարհի ամբողջ գիտական հանրությունը այս հիվանդության հետ կապված դեռ ծանոթացման փուլում է»:

Սակայն, ըստ պարոն Մկրտչյանի, այդ գործընթացն ավելի ինտենսիվ է ընթանում, քանի որ հիվանդացության բարձր ցուցանիշներ ունենք: «Կձեւավորվի, բայց, երեւի թե որոշակի ժամանակ էլ պետք է անցնի, համաճարակային գործընթացի լայն տարածում ենք արձանագրում նախ ողջ աշխարհում եւ մասնավորապես՝ Հայաստանում: Եվ մեզ մոտ իրավիճակը փոքր-ինչ բարդանում է նաեւ պատերազմական իրավիճակից ելնելով՝ անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը հետին պլան է մղվել, սոցիալական հեռավորություն չի պահպանվում, դիմակ չեն կրում, հատկապես՝ շատ-շատերը զբաղված են մարդասիրական օգնության գործերով, մարդաշատ թաղումները, հոգեհանգիստները, այս բոլորն էլ իրենց հերթին իրավիճակը բարդացնում են»,-ասաց Արարատ Մկրտչյանը:

Նրա խոսքով, տարածվելիությանը նպաստում են նաեւ հանրապետության տարածքում տեղի ունեցող զանգվածային տեղաշարժերը, ինչի արդյունքում օրեցօր դեպքերի աճ ենք ունենում: «Ընդհանուր կատարված հետազոտությունների երեկվա ցուցանիշը 44,4 էր, ինչը արդեն իսկ բավականաչափ բարձր թիվ է: Նույնիսկ մեր հիվանդացության ամենաբարձր մակարդակի ժամանակ, որը ամռան ամիսներին էր, նման ցուցանիշ չկար»,-նշեց Արարատ Մկրտչյանը:

Նրա խոսքով, մեր երկիրը շատ լավ ցուցանիշների էր հասել եւ հիվանդացությունը գնում էր նվազման ուղղությամբ, պարզապես իրավիճակի փոփոխության հետ կապված ունեցանք այսպիսի բարձր թվեր. «Բայց ասեմ, որ հիմա մենք արձանագրում ենք, որ առողջապահության համակարգը բավականաչափ լուրջ դիմակայում է եւ խնդիրներ չունենք, ուստի այս աճին համակարգը պատրաստված է դիմակայել: Եվ բարդ դեպքերի տեսանկյունից կարծես թե նախկին պատկերը չէ: Այո մահվան դեպքերը շատացել են, բայց հիվանդացության թվերն էլ են շատ բարձր»:

Մեր զրուցակցի խոսքով, առողջապահության ողջ համակարգը երկակի ծանրաբեռնվածությամբ է աշխատում թե ՛ պատերազմական գործողությունների հետեւանքներին արձագանքելով, թե՛ համաճարակին. «Հուսանք, որ այսպես էլ կայուն, մինչեւ վերջ կգնա համակարգը: Դա շատ գնահատելի իրավիճակ է: Ուզում եմ ասել, որ բոլորս պետք է մասնակից լինենք այս ամենին եւ փորձենք այս ծանր իրավիճակում դիմակներ կրել, սոցիալական հեռավորությունը հնարավորինս պահել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031