Լրահոս
Օրվա լրահոսը

Սա բարբարոսություն է և ֆաշիզմ. պետք է հասնել հրադադարի պահպանմանը. Միքայել Մելքումյանը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովին

Հոկտեմբեր 22,2020 17:44

ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՇԱՆՀԱՅԻ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
(համառոտ)

Նախ թույլ տվեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից ջերմորեն ողջունել «Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների միջտարածաշրջանային սոցիալ-տնտեսական համագործակցություն. միջկուսակցական տեսակետ» համաժողովի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին, մաղթել արդյունավետ աշխատանք:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայից և Սիրիայից տեղափոխված միջազգային ջիհադական ահաբեկիչների ներգրավմամբ լեռնային ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պատերազմ սկսեց Արցախի պաշտպանության բանակի և խաղաղ ազգաբնակչության դեմ: Միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է ռազմական գործողություններին վարձկանների մասնակցությունը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:

Հարկ է առանձնակի ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից կասետային մարտագլխիկներով զինված հարձակումների իրականացման վրա, ինչը միանշանակ անթույլատրելի ռազմական ագրեսիա է խաղաղ բնակչության նկատմամբ: Ինչպես Ժնևյան կոնվենցիաները, այնպես էլ «Կասետային զինամթերքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան հստակ սահմանափակում են պատերազմելու մեթոդների ու միջոցների ընտրության իրավունքը՝ չթույլատրելով նման վտանգավոր զինատեսակների կիրառումը:

Միջազգային իրավական փաստաթղթերը և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքն արգելում են կասետային զինատեսակների կիրառումը՝ դրանք համարելով մահաբեր և անմարդկային: Նշված զինատեսակներն ունեն ոչ ընտրողական ազդեցություն և վտանգում են խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, պատճառում լրացուցիչ վնասներ ու տառապանքներ:

Ռազմական գործողություններն ընթանում են նաև թուրքական ու իսրայելական հարվածային և այլ տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ: Ավերվում են տներ, մշակութային և պատմական արժեք ներկայացնող հուշարձաններ, հրթիռային հարված է հասցվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն: Սա բարբարոսություն է և ֆաշիզմ: Շատ պետություններ դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի ժողովրդի, ինչը, սակայն, բավական չէ:

Կան նաև պետություններ, որոնք կոնկրետ քայլեր են ձեռնարկում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ: Նրանց թվում է Ռուսաստանի Դաշնությունը՝ ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը:

Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ 2 անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակի դադարեցման ուղղությամբ, սակայն գործնականում ադրբեջանական կողմը հրաժարվել է պահպանել հրադադարը, ինչի արդյունքում այսօր մենք ունենք հումանիտար աղետ այն առումով, որ ռազմական գործողությունների վայրերից դիակների դուրսբերում չի իրականացվում: Պետք է հասնել հրադադարի պահպանմանը:

Ուշագրավ է, որ Հայաստանն ընդդեմ Թուրքիայի թիվ 43517/20 գանգատի հիման վրա մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 6-ին բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և որոշում է կայացրել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:

Հիշյալ որոշման մեջ մասնավորապես ասված է. «Եվրոպական դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»:

Առկա իրավիճակի վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգում անել Հայաստանի Հանրապետության կողմից իր ինքնապաշտպանության իրավունքի իրացման մասին. ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկայի թիրախավորումից հետո Հայաստանը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով իրավունք է ձեռք բերում դիմելու ինքնապաշտպանության և խոցելու այն բոլոր ռազմական օբյեկտները, որոնցից ակնհայտ վտանգ է սպառնում Հայաստանի Հանրապետության տարածքին: Հայերը հազարամյակներով ապրում են Արցախում:

Դրա վկայությունն են հազարամյա վանքերը, գերեզմանները, մշակութային արժեք ներկայացնող հուշարձանները: Արցախյան պատերազմի ժամանակակից փուլն ունի իր առանձնահատկությունները.

1.Առաջին անգամ Թուրքիան ոչ միայն ուղղակի կերպով զենք է մատակարարում Ադրբեջանին, այլև թուրք գեներալներն անձամբ են ղեկավարում ռազմական գործողություններն ընդդեմ արցախահայության:

2.Առաջին անգամ տարածաշրջան են տեղափոխվել և ադրբեջանական բանակի կազմում կռվում են իսլամիստ-ծայրահեղականներ Սիրիայից:

3.Չեն պահպանվում Մոսկվայում ձեռք բերված հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները և այս հարցում ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա:

Միքայել Մելքումյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031