Վանաձորցի կամավորականները շարունակում են ամեն կերպ աջակցել առաջնագծում կանգնած տղաներին: Այս անգամ քաղաքացիները լծվել են մեկ այլ գործի:
Արդեն մի քանի օր է՝ քաղաքի տարբեր հատվածներում սահմանի համար պաշտպանիչ ցանցեր են գործում. «Այն զգացումով եմ գալիս, որ ինչ-որ կերպ կարողանամ օգտակար լինել: Թե չէ ավելի լավ էր մենք նման բան չանեինք, ցանցեր պատրաստեինք միայն ուսուցողական նպատակով: Այս պահին միակ ուրախալի փաստն այն է, որ նույնիսկ շատ փոքր երեխաներն են օգնում, թեկուզ միայն կտորը բռնելով օգտակար են լինում,- ասում է կամավոր Հայկուհի Ավագյանը:
Տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդկանց միայն մեկ միտք է համախմբել՝ ամեն ինչ արվում է զինվորի ու մեր հաղթանակի համար. «Աշխատում ենք ու տուն ենք գնում բարձր տրամադրությամբ: Առաջին օրից միայն ասում եմ, որ երբ ցանցերը վերջացնենք, ասեն՝ ցանցերը թող մնան միայն ուսումնական նպատակով: Մեր զինվորներին մաղթում եմ խաղաղություն, հաղթական ոգի, թող իմանան, որ թիկունքն իրենց հետ է եւ անում ենք ամեն հնարավորը, որ իրենց ուժ պարգեւենք: Մենք իրենց հաղթանակած ենք սպասում,- ասում է Սուսաննան, որն արդեն 3 օր է՝ միացել է այս գործին:
Մեծից փոքր՝ մի մարդու պես առավոտից մինչ երեկո առանց տրտնջալու իրենց գործն են անում:
Կարդացեք նաև
10 տարեկան Արմենը մոր հետ է գալիս ցանց գործելու: Ապագա զինվորն ասում է՝ ամեն օր աղոթում է, որ պատերազմը շուտ ավարտվի, եւ բոլոր զինվորները ողջ ու առողջ վերադառնան իրենց տները. «Եկել եմ, որ այս ցանցը պատրաստեմ ու օգնեմ մեր զինվորներին, որ պատերազմը շուտ ավարտվի ու մեր հաղթանակով: Գիտեմ, որ այս ցանցերը սարքում ենք, նրա համար է, որ հակառակորդը մեր զինվորներին չտեսնի: Ուզում եմ, որ մեր զինվորներն իմանան, որ միշտ իրենց կողքին եմ, որ հաղթեն, որ իրենց բան չպատահի, ու իմանան, որ աղոթում ենք իրենց համար»:
Կամավորների այս խումբը մի քանի օրվա մեջ գործել ու ավարտին է հասցրել 4 պաշտպանիչ ցանց, յուրաքանչյուրը՝ 10-15 մ երկարությամբ: Ասում են՝ ցանկացած մանրուքի ուշադրություն են դարձնում, որ ոչ մի բացթողում ու թերություն չլինի: