Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աստղերը՝ զինվորների կողքին. Մերլին Մոնրոյից մինչեւ Արցախյան գոյամարտ

Հոկտեմբեր 22,2020 15:49

Բազմաթիվ օրինակներ կան, թե որքան կարեւոր է կին արվեստագետների դերակատարությունը ռազմաճակատում կամ ընդհանրապես բանակի կողքին: Հայաստանցի երգիչ-երգչուհիները, կինոռեժիսորները, նկարիչները, դերասաններն ու պարողները միշտ էլ ելույթներով հանդես են եկել զորամասերում:

Այս օրերին ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան եւս առաջնագծում էր եւ իր երգով բարձրացնում էր Արցախի պաշտպանների ոգին, ինչի մասին տեսանյութ էր հրապարակել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը:

Ամենատպավորիչ օրինակներից մեկը ամերիկացի կինոդերասանուհի, մոդել, երգչուհի Մերլին Մոնրոն է, որը թեեւ մեղրամսի մեջ էր բեյսբոլիստ Ջո ԴիՄաջիոյի հետ, սակայն դա չխանգարեց, որ 1954-ին համերգաշար ունենա ԱՄՆ-ի՝ Հարավային Կորեայում գտնվող ռազմաբազաներում:

«Ես երբեք ինձ այդքան աստղ չեմ զգացել, ինչքան Կորեայում: Բեմից ներքեւ էի նայում ու տեսնում էի այդ տղաների՝ ինձ ուղղված ժպիտները»,- հարցազրույցներից մեկում ասել է Մոնրոն, որը ցրտին ելույթ էր ունենում թրթռուն զգեստով:

Մինչ Մերլին Մոնրոն՝ որեւէ այլ աստղի չի հաջողվել նման մասշտաբի բացօթյա համերգներ ունենալ ամերիկացի զինվորների համար: Հենց այս համերգաշարն էլ դարձավ սիրած էակից նրա բաժանման պատճառ: Մերլին Մոնրոն ընդունեց գեներալ Կրիստենբերրիի հետ Կորեա մեկնելու առաջարկը՝ առանց իմանալու, որ իրեն 10 լարված օրեր են սպասվում այնտեղ, մինչդեռ Մոնրոյի խանդոտ ամուսինը գերադասեց մնալ Ճապոնիայում: Հետագայում հմայիչ շիկահերն այդ բարդ, բայց լեցուն ժամանակահատվածն անվանելու էր իր կյանքի լավագույն օրերը: Մերլին Մոնրոյի համերգները կայացան ԱՄՆ-ի կորեական 10 բազաներում, որտեղ նրան ունկնդրեց ավելի քան 100000 մարդ:

Իմանալով, որ աստղն իրենց համար ելույթ է ունենալու, զինվորները ժամեր առաջ էին տեղեր զբաղեցրել բեմի մոտ, ըստ որոշ աղբյուրների՝ անգամ ծեծկռտուք էր սկսվել լավ տեղերի համար, որոշ զինվորների նույնիսկ վնասվածքներով հոսպիտալ էին տեղափոխել:

Մոնրոն ելույթ էր ունեցել բարակ զգեստով, իսկ զինվորները հաստ շինելներ էին հագել, քանի որ մինուս 30 աստիճան ցուրտ էր դրսում: Հետո երգչուհին պետք է հիվանդանոց պառկեր թոքերի բորբոքումով:

Aravot.am-ի հետ զրույցում կին երաժիշտներից ոմանք, որոնք մշտապես հայ զինվորների համար համերգներ են ունենում, չցանկացան այս պահին խոսել, խնդրեցին նաեւ չհիշատակել իրենց անունները եւ խոստացան հարցազրույցներ տալ հաղթանակից հետո՝ ասելով, որ չեն ցանկանում առաջնագծում կանգնած հայ զինվորի հաշվին PR-վել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մերլին Մոնրոյի լուսանկարները՝ chronopus.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031