Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անկարայի պայմանները եւ Մոսկվայի մերժումները. Շահան Գանտահարյան

Հոկտեմբեր 22,2020 15:21

Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը՝ Ադրբեջան զորքեր ուղարկելու առումով, լուսարձակներ է կենտրոնացնում պատերազմի շարժառիթների եւ նպատակների վրա։ Պարզ է դառնում, որ Անկարան ինչո՛ւ սկսեց պատերազմը, ինչպես է օգտագործում Ադրբեջանին եւ ինչ առաջադրանքներ է փորձում իրականացնել հրահրելով արցախյան պատերազմը։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը ստանձնել է պարտականություն բացելու բոլոր փակագծերը։ Օքթայի ասածն ունի հիմնական երկու բաղադրիչային բովանդակություն։ Քաղաքական եւ ռազմական։ Առաջինը այն, որ որեւէ բանակցություն եւ պայմանավորվածություն չի կայանա առանց Անկարայի մասնակցության։ Երկրորդը, եթե ծրագրավորվում է ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնելու մասին, ապա իրենց զորքերը պատրաստ են ռազմական գոտի մեկնելու, եթե Բաքուն դրա կարիքը զգա եւ դիմի։

Անկարայի մասնակցությունը արդեն պայմանականացվել է թե Բաքվի եւ թե Անկարայի կողմից։ Կարգավորում չի լինելու առանց Թուրքիայի մասնակցության։ Այստեղ Ալիեւը պարզապես կրկնել է Անկարայի իր վարիչների ասածը։ Երկրորդը՝ շատ միամիտ է ձեւակերպվել․ Անկարան զորքեր կուղարկի, եթե Բաքուն դիմի։ Պարզ է, որ Անկարան կպատվիրի, Բաքուն էլ կդիմի, երբ պահը գա։ Իսկ այդ պահը կորոշի Անկարան, նայած թե երբ Մոսկվան կսկսի գործնականացնել պատերազմական գոտի իր զորքերի ուղարկման գործընթացը։

Անկարայի արածը հակակշիռ քայլեր եւ հայտարարություններ են Ռուսաստանի նկատմամբ։ Մոսկվան միայնակ չի կարող ղեկավարել բանակցությունները, դրա համար էլ խառակողմ ձեւաչափն է առաջարկում Անկարան։ Հիմա էլ ասում է, որ միայնակ չի կարող երաշխավորել խաղաղությունը զորքեր ուղարկելով։

Այստեղ կա երանգային տարբերություն։ Մոսկվան խոսում է խաղաղապահ առաքելության մասին եւ ասում, որ զորքերը կարող են տեղակայվել, եթե հակամարտող երկու կողմերը դրա համար դիմեն։ Անկարայի դեպքում դիմումը միակողմանի է, հետևաբար ոչ թե խաղաղապահ առաքելության մասին է, այլ մի կողմի օժանդակության։ Խոսքը առաջին հայացքից ադրբեջանական զորքերի կողքին թուրքական բանակների մասնակցության մասին է, ինչն արդեն տարբեր ձեւաչափերով արվում է։ Աւելին՝ ադրբեջանական տարածքներում առաջադրվում է թուրքական ռազմակայաններ տեղադրել՝ այսինքն Թուրքիայի ռազմական մուտքն ապահովել Հարավային Կովկաս։ Կամ՝ ռուսական ռազմաքաղաքական տիրույթում մասնաբաժին վերցնել։

Ռազմաքաղաքական գործարքի այս առաջարկը դժվար թե ընդառաջվի Մոսկվայի կողմից։ Իրանը այս միտումից անհանգիստ լինելու պատճառներ ունի ոչ միայն իրեն սահմանամերձ շրջակայքը նոր ազդեցության զինվորական գոտիների վտանգը նկատելով, այլ նաեւ գործընթացից դուրս մնալով։ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը Անկարայի ձեռնարկած քայլերում գուցե տեսնեն ռուսական ռազմաքաղաքական տիրույթում հավանական ճեղքում եւ դրա համար էլ զսպիչ քայլերի չգնան այս հանգրվանում։ Վաշինգտոնը դեռ չի պարզել հանգուցալուծման իր ծրագիրը, որին ակնարկներ են եղել։

Այս հանգամանքները դիտարկելով նկատենք, որ ռազմաճակատում ստեղծվել է որոշակի ստատուս քվո․ վերջին օրերին նկատելի առաջընթացներ կամ նահանջներ չեն գրանցվում՝ հակառակ ծանր մարտերին։

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031