ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն Aravot.am-ին ասել էր, թե կորոնավիրուսի թեստավորման արդյունքները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 2-րդ, 3-րդը վարակված է: Այսօր հայտնի դարձավ, որ մեկ օրում 2300 վարակակիր է գրանցվել:
Aravot.am-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսային իրավիճակը ծանր է հատկապես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, որտեղ մեծ թվով վարակվածներ կան ոչ միայն ուսանողների, այլ դասախոսների շրջանում: Ըստ մեր աղբյուրի, կորոնավիրուսից մահացել է ՀՊՏՀ Ինֆորմատիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Վարդան Սարգսյանը:
Մեր հարցմանն ի պատասխան՝ բուհի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հետեւյալը փոխանցեցին. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 4 դասախոսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, արձանագրվել է 1 մահվան դեպք: Ուսանողների շրջանում ևս կան կորոնավիրուսով վարակման դեպքեր: Կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին բուհը պատշաճ ծանուցել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հոկտեմբերի 15-ից ՀՊՏՀ-ում կրթական գործընթացը և աշխատանքները կազմակերպում են բացառապես հեռավար եղանակով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Վարդան Սարգսյանի լուսանկարը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆեյսբուքյան էջից