Վահե Գրիգորյանը Շիրակի մարզի Թորոս գյուղից է։ 20 տարեկան է, սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում։ Երբ Առողջապահության նախարարությունը սկսել է կամավորներ հավաքագրել, հենց առաջին օրը Վահեն կամավորագրվել է։ «Այն ժամանակ կովիդով հիվանդների հետ միայն Նորք ինֆեկցիոնն էր աշխատում։ Առաջին տեսարանը վախենալու էր, տհաճ զգացողություններ էին, տեսնում էիր արտահագուստով մարդկանց ակնոցներով․․․ դեմքեր չկային։ Մի քանի ժամ անց արդեն ես էլ էի այդ արտահագուստով»։
20-ամյա կամավորի առաջին գործառույթը էլեկտրասրտագրություն (EKG) անելն է եղել: «Սկզբում հիվանդները գիտեին անունս, լսում էին ձայնս, բայց դեմքով ինձ չէին տեսել։ Հետաքրքիր զգացողություն էր, երբ մարդու հետ երկար շփվում ես, բայց ինքը քեզ առաջին անգամ է դեմքով տեսնում ու չի ճանաչում․․․»,- նշում է Վահեն։
Խոստովանում է՝ կորոնավիրուսի համավարակն իրեն մասնագիտական փորձառություն ու հիվանդի հետ շփվելու կարողություն է տվել։
Համավարակի ավարտից հետո կվերադառնա իր դասերին, բայց համոզված է՝ համավարակը կերտել է ու շարունակում է կերտել իր՝ ապագայի մարդ տեսակը։