Իրանական լրատվամիջոցներում այսօր քաղաքային իշխանությունների մակարդակով հայտարարություններ եղան, որ արցախյան ռազմաճակատի տարածքից Իրանի սահմանամերձ Խոդաֆարին քաղաքի հարակից հատվածներում արդեն ավելի քան յոթ տասնյակ հրթիռ է ընկել: Իրավիճակի մանրամասների մասին Aravot.am-ը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ:
-Պարոն Վարդանյան, նախ, պաշտոնական մակարդակում ի՞նչ է հայտնի հրթիռակոծությունների հետեւանքների վերաբերյալ: Արդյոք իրանական կողն ահազանգո՞ւմ է զոհերի մասին:
-Տեղեկատվությունը ոչ միայն այսօր, այլեւ նախորդ օրերին արձանագրվել է տարբեր մակարդակի պաշտոնյաներով: Զգուշացնող հայտարարություններով հանդես են եկել Իրանի ՊՆ-ն, սահմանապահ ծառայությունը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ԱԳՆ-ն: Ավերածությունները, բնականաբար, առկա են, բայց զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան: Իրանական կողմն արձանագրում է, որ արցախյան պատերազմի ռազմաճակատից իր տարածք է ընկել ավելի քան 70 հրթիռ, արկ, ռումբ: Բնականաբար, Իրանում անհանգստացած են այդ փաստի առթիվ եւ եւս մեկ անգամ զգուշացնում են իրանական տարածքը չդարձնել պատերազմի թատերաբեմ եւ զերծ մնալ Իրանի տարածքը ռմբակոծելուց: Սակայն, ինչպես հայկական կողմն է հայտարարել, դա միտումնավոր չի տեղի ունենում: Կամ էլ, Իրանի տարածքը հրթիռակոծվում է այն պատճառով, որ ադրբեջանաթուրքական զորամիավորումները, ահաբեկիչները նահանջի ժամանակ անցնում են Իրանի տարածք:
-Որքանո՞վ կարող ենք արձանագրել, որ Իրանի տարածքի հանդեպ որեւէ տեսակի ոտնձգությունն ադրբեջանական կողմից զերծ է միտումնավոր գործողություններից:
Կարդացեք նաև
-Ադրբեջանաթուրքական կողմից Իրանի տարածքի միտումնավոր հրթիռակոծումն իրականում չի բացառվում, որովհետեւ իրենք հին հաշիվներ ունեն: Մասնավորապես, Թուրքիան ամեն կերպ փորձելու է վնասներ հասցնել Իրանին: Ահաբեկչական խմբավորումները, որոնք հիմնականում տեղակայված են արցախյան ռազմաճակատի հարավային հատվածում եւ Իրանի հյուսիսային հատվածներում, փորձելու են նման կերպ վնասել Իրանին: Թուրքիան կփորձի այդ խմբավորումներին տեղափոխել Իրանի տարածք կամ դիտավորյալ հրթիռակոծել:
Օրերս նաեւ Ադրբեջանի ԶՈՒ իսրայելական հետախուզական ԱԹՍ-ներ էին հայտնվել Իրանի սահմանին: Թեեւ Իրանի ՀՕՊ-ը խոցել է, սակայն դրանք հայտնվել են Իրանի տարածքում եւ մինչեւ խոցվելը, ըստ երեւույթին, հասցրել են որոշակի տեղեկատվություն փոխանցել Ադրբեջանին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
(լուսանկարում՝ Իրանում ավերածությունների հետեւանքներից)