Արցախյան օրակարգ. աստված եւ պատերազմ
ՀՀ առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հոդվածը, որը տպագրվել է New York Post
պարբերականում ս.թ. հոկտեմբերի 21-ին:
Աշխարհի հեռավոր մի անկյունում` չճանաչված հանրապետությունում, որը շատ քարտեզների վրա չես գտնի, երկու շաբաթ առաջ եկեղեցի է ռմբակոծվել։
Հայկական եւ ադրբեջանական ուժերն այժմ անդադրում պատերազմի 25-րդ օրն են թեւակոխում՝ մի երկրի համար, որը հայերը կոչում են Արցախ, իսկ ադրբեջանցիները վաղուց Ղարաբաղ են կոչել, ինչը նշանակում է «սեւ այգի»։
Կարդացեք նաև
Մինչ հրադադարը ձախողվում է, հայկական եւ ադրբեջանական զորքերն ու խաղաղ բնակիչները միակը չեն, ովքեր զոհվում են հինավուրց լեռներում եւ փախչում Եդեմ հիշեցնող այս դաշտերից։ Այստեղ ցրված են սիրիացի վարձկանների ծվենները, իսրայելական անօդաչու թռչող սարքերի, թուրքական ուղղաթիռների եւ ռուսական ռումբերի բեկորները, որոնց պայթյուններից սկիզբ է առնում անկանխատեսելի տարածաշրջանային պատերազմ։
Կան նաեւ այլ գործող ուժեր։ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը ռմբակոծվելուց ժամեր անց կրկին ենթարկվեց ռմբակոծության։
Եկեղեցու ռմբահարումը նույն բանը չէ, ինչ ռազմահենակետինը։ Եկեղեցու ռմբահարումը նույնը չէ, ինչ հիվանդանոցինը կամ, նույնիսկ, մանկապարտեզինը: Նման դեպքեր եւս տեղի ունեցան վերջին երկու շաբաթվա ընթացքում, երբ Ադրբեջանը սկսել էր համընդհանուր, անօրինական կասետային հրետակոծումներն ընդդեմ Արցախի բոլոր քաղաքների հայ բնակչության։
Եկեղեցի ռմբակոծելն առանձնահատուկ իմաստ եւ հիշողություն ունի։ Ռմբակոծված սրբավայրն այնպիսի փոշի է բարձրացնում, որը հողմ է դառնում եւ, անգամ, ամենաարդիական մտածողությամբ հային քշում է ավելի քան մեկ դար ետ` դեպի 1915 թվական։
Դա այն տարեթիվն է, երբ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը սկսել էր համակարգված տեղահանումը, հավատափոխության փորձը եւ, ի վերջո, միլիոնուկես քրիստոնյա հայերի կոտորածը։
«Թուրքիայի քրիստոնյաները վտանգի տակ են»,- ահազանգում էին «The New York Times»-ի 1915-ի խորագրերը։ «Հայաստանում կատարված սարսափի պատմությունը»։ «Հայաստանի մահը»։ Այն համաշխարհային իրադարձություն էր դարձել. աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի ահասարսուռ ջարդը։ Ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը` ծավալված Արարատի խոժոռ հայացքի ներքո, աստվածաշնչյան լեռներում, որտեղ Նոյի տապանն էր հանգրվանել։
Ապաեւ մեկ այլ խորագիր՝ «Թուրք պաշտոնյան հերքում է դաժանությունները»։
Մինչ հայերը մատաղացու գառների պես սպանդի էին ենթարկվում, Թուրքիայի կառավարությունն արդեն իսկ սկսել էր նույն էջերում Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությունը։ Եվ երկրի ամբողջ արեւելյան դաշտում ոչնչացնում էր այն ամենը` ներառյալ հարյուրավոր եկեղեցիներ, որոնք հայերի հոգեւոր ու ֆիզիկական գոյակերպի առհավատչյան էին։
Հայաստանի մի փոքրիկ պատառը հրաշքով վերապրեց Ցեղասպանությունը` նախ որպես անկախ հանրապետություն, իսկ հետո,- քանզի պատմությունը երբեք առատաձեռն չէ,- իբրեւ խորհրդային Հայաստան։ Մի քանի տարի անց Հայաստանն էլ ավելի բզկտվեց։ Իոսիֆ Ստալինի գաղափարով Լեռնային Ղարաբաղի հայկական տարածքը շնորհվեց խորհրդային Ադրբեջանին։ Այն մնաց «եղբայրական»Ադրբեջանի սահմաններում որպես կիսաինքնավար տարածք, իսկ հայերը շարունակեցին բնակչության մեծամասնությունը կազմել` չնայած մոլեգնող զանգվածային ջարդերին:
Երբ լուծարվում էր Խորհրդային Միությունը, ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ Արցախի համար բնական ցանկությունն էր` քվեարկել հանուն ինքնիշխանության։ Հասկանալի էր նաեւ, որ տարածքի տիրապետումը գրեթե մեկ դար վայելած Ադրբեջանը հակված չէր հրաժարվել այդ «համեղ պատառիկից»։ Ահա թե ինչպես սկիզբ առավ առաջին պատերազմը։
Այդ պատերազմն ինձ շատ ծանոթ է։ Երբ 1991-ին Հայաստանը հայտարարեց Խորհրդային Միությունից իր անկախությունը, ես ծառայեցի որպես նոր Հանրապետության առաջին արտգործնախարար եւ պատիվ ունեցա սկսելու դիվանագիտական հարաբերություններ աշխարհի ժողովուրդների հետ, բանակցելու ՄԱԿ-ին, ԵԱՀԽ-ին եւ միջազգային այլ կազմակերպությունների Հայաստանի անդամակցության հարցի շուրջ։ Երբ Արցախում պատերազմ ժայթքեց, ես ունեի խաղաղ բանակցությունների հիմքերը դնելու պատասխանատվություն։
Այդ օրերին, ինչպես այժմ տեղի ունեցող հրադադարի բանակցություններում, դիվանագիտական հանրությունը ջանում էր հակամարտությունը տեղավորել միջազգայնորեն ճանաչված, սակայն փոխբացասող արտահայտություններում, որպիսիք էին` «ազգերի տարածքային ամբողջականությունը» եւ «ժողովուրդների ինքնորոշումը»։ Մինչդեռ քաղաքական վերլուծաբանները նախընտրում էին հետգաղութային ձեւաչափերը կամ «ռեալ-պոլիտիկի» ձեւակերպումները։ Այս ուժերը արձագանք չստացան։
1994 թվականին, երբ հայերը ստանձնեցին Արցախի վերահսկողությունը, միջնորդավորված հրադադարի պայմանակարգ հաստատվեց։ Բայց պատերազմն իրականում ավարտ չունեցավ։ Որպես համերաշխության քայլ եւ ապագայի խոստում, Ադրբեջանի ավագ դաշնակից Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը` միջազգային իրավունքի համաձայն պատերազմական գործողության պատճառաբանմամբ։ Եվ հետագա տասնամյակները նվիրեց ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ժխտելուն, այլ նաեւ այլատյաց բռնապետության վերածվելուն։ Նույնը արեց Ադրբեջանը։ Նախագահ Իլհամ Ալիեւի թվիթերյան գրառումն էր՝ «Հայաստանը նույնիսկ գաղութ չէ։ Այն նույնիսկ արժանի չէ ծառա լինելուն»։
Եվ ահա 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի ֆինանսավորմամբ, նրա զինամթերքով ու առաջնորդությամբ, հարձակում գործեց Արցախի վրա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չփորձեց անգամ թաքցնել իր գործուն միջամտությունը պատերազմին։ Այս տարվա սկզբին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ նա հայերին կոչեց «kılıç artığı», ինչը նշանակում է «թրի մնացորդներ»։ Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ Ստեփանակերտը, Շուշին եւ Արցախի բոլոր քաղաքները համընդհանուր կերպով հրթիռակոծվում էին, մենք չէինք ուզում ընդունել այն, թե ինչ նա նկատի ուներ «թրի մնացորդներ» ասելով։
Այո, եկեղեցի ռմբակոծելն առանձնահատուկ իմաստ ունի։ Եկեղեցու ռմբակոծումը հարյուրամյա պատմության ակնթարթային վերհուշն է, որում իրապատումների, արտահայտությունների, ձեւաչափերի ու ձեւակերպումների բազմությունը ճանապարհ է հարթում դեպի մեկ ակնհայտ ճշմարտություն։
Նույնիսկ հիմա, երբ մոլորակը աշխարհիկ մոտեցում ունի նման աղերսների հանդեպ, քրիստոնյաները կրկին վտանգի տակ են։ Ցեղասպանության ուրվականը կրկին պաշարել է «սեւ այգին»։
Րաֆֆի Հովհաննիսյանը ծառայել է որպես Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարար եւ հիմք է դրել Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի միջեւ խաղաղ բանակցություններին։