Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱՄՆ դեսպանատան առջեւ բողոքի ցույց էր: Արցախից եկած մի կին ցուցարար արցունքն աչքերին ներկայացրեց իր պահանջը՝ կանգնեցնել նոր ցեղասպանությունը ահաբեկչությունը ղեկավարող երկու պետությունների կողմից. «Այսօր դուք այստեղ 1915-ի ձեռագրով նորից տեսնում եք իրենց տունը թողած հայ կանանց ու մանուկներին: Ես այստեղ եկել եմ մեծ ջանքերով, որովհետեւ օրեր առաջ կորցրել եմ իմ ավագ եղբորը: Բայց փորձում եմ ուժ գտնել ու թողնելով իմ 3 երեխաներին տանը՝ հայտնվել եմ այստեղ՝ պահանջելու, որ արթնացնեք քար ու լուռ աշխարհին: Բավակա՛ն է, բացեք ձեր աչքերը, կանգնեք արդարության կողքին»:
Դեսպանատան մոտ հավաքված կանայք, մայրերը միաբերան «Զինվորի երգն» էին երգում՝ փորձելով շարժել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների գութը:
Ցույցի նախաձեռնության անդամներից 3-ին հրավիրեցին դեսպանատուն՝ պահանջը ներկայացնելու:
Ավելի ուշ նախաձեռնող խմբի անդամ Լիանա Ադամյանն ասաց, որ հանդիպել են դեսպանատան դիվանագիտական բաժնի պետի հետ. «Հանձնեցինք ու ներկայացրեցինք մեր պահանջը ու հանդիպում պահանջեցինք ու խնդրեցինք տիկին Թրեյսիի հետ: Ասացինք, որ սպասելու ենք պատասխանին շատ արագ, այլապես նորից ենք գալու, այստեղ վրաններ ենք դնելու ու ապրելու ենք այստեղ: Մենք ուրիշ հայրենիք, ուրիշ բնակավայր չունենք»:
Կարդացեք նաև
Թե ինչպես են արձագանքել դեսպանատանը՝ Լիանա Ադամյանն ասաց, որ ընթացակարգին համահունչ նամակը հանձնել են ու պատմել մարդկային պատմությունները. «Մեզ կարեկցեցին մարդկային առումով, պահանջեցինք որ ԱՄՆ-ն անգործություն չդրսեւորի ու զուտ հայտարարություններով հանդես չգա: Պահանջում ենք ավելի գործնական քայլեր՝ ճանաչել Արցախը, որովհետեւ այսօր Արցախում իրականացվում է ցեղասպանություն: ԱՄՆ-ին ասում ենք՝ բավակա՛ն է, մի հեղինակազրկեք ձեզ»:
Դեսպանատնից խոստացել են, որ Հայաստանում դեսպանի հետ հանդիպում կլինի, հեռախոսահամարներ են թողել՝ հանդիպման օրն ու ժամը հստակեցնելու համար: Լիանա Ադամյանի խոսքով՝ կսպասեն այդ հանդիպմանը, եթե չլինի՝ ծայրահեղ քայլերի կդիմեն. «Գալու ենք այստեղ վրաններով, շրջափակելու ենք դեսպանատունը, եթե պետք լինի, ապրելու ենք այստեղ, որ տեսնեն՝ Արցախում եւս կան փախստականներ: Մեր իրավունքները պետք է պաշտպանվեն. Պետք է ճանաչվի Արցախի անկախությունը: Մենք ազգային փոքրամասնություն չենք եղել, բոլոր իրավական հիմքերը կան, որ Ադրբեջանն ինքն է Սովետական միության օրենսդրությամբ ընդունել ու ճանաչել մեր անկախությունը: Մենք պահանջում ենք ԱՄՆ-ից ճանաչել Արցախի անկախությունը»:
Ցուցարարները նաեւ շնորհակալություն հայտնեցին ԱՄՆ բոլոր այն սենատորներին, որոնք արդարության կողմը կանգնեցին ու հօգուտ Արցախի հայտարարություններ արեցին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ