Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել են ինձ ու իմ սերնդակիցներին, որ 3 պատերազմ ենք տեսել, խաղաղության ծրագիր են ուզում սովորեցնել». Ցույց՝ ԱՄՆ դեսպանատան մոտ

Հոկտեմբեր 22,2020 12:39

«Եկել ենք խնդրելու, պահանջելու, որ ԱՄՆ դեսպանը հանդիպի մեզ հետ, լսի մեզ ու թույլ չտա, որ նորից ահաբեկչություն լինի, կրկնվի սեպտեմբերի 11-ը Արցախում ու Արցախի սահմաններում, we want peace, don’t be blind, stop Erdoghan, recognize Artsakh»,- այս կոչերով այսօր ԱՄՆ դեսպանատան առջեւ բողոքի ցույց էր:

Արցախցի մի կին ցուցարար ասաց. «Մենք մեր տները թողել ենք, ստիպված երեխեքին վերցրել ենք ու եկել այստեղ, շատերիս տներն արդեն ավերված են: Բայց մենք չենք եկել ԱՄՆ դեսպանին ասենք, որ գան մեր տները պաշտպանեն: Մեր տները, մեր հողը պաշտպանում են մեր եղբայրները, ամուսինները, մեր հայրերը՝ Հայաստանի եւ սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի օգնությամբ: Մենք մեր հողը պաշտպանում ենք, դրա կարիքը չունենք, բայց մենք պահանջելիք ունենք ԱՄՆ դեսպանից, որովհետեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում այս ամեն ինչի համար: Թուրքիան իր անմիջական գործընկերն է ու ՆԱՏՕ-ի երկրորդ ամենաուժեղ բանակի կազմով պատերազմ է տանում մեր դեմ Արցախի հողում: Սա արվում է ԱՄՆ-ի անմիջական հանցավոր լռության պայմաններում»:

Ցուցարարները պաստառների վրա պատկերել էին այն ամերիկյան զինատեսակները, որոնք վաճառվել են Թուրքիային ու այդ զինատեսակները հայտնվել են Հայաստանի, Արցախի տարածքում: ԱՄՆ զենքի մասին օրենսդրությամբ, այդ զինատեսակները առանց իրենց թույլտվության չեն կարող հայտնվել մեկ այլ երկրի տարածքում, իսկ ԱՄՆ գործընկերն այսօր անտեսելով դա, այդ զինատեսակներն օգտագործում է մեր երկրում խաղաղ բնակչության դեմ՝ ավերելով մեր տները, սպանելով քաղաքացիների:

Ցուցարարները նաեւ խոսեցին 907 բանաձեւի մասին՝ բողոքելով, որ ԱՄՆ-ն շրջանցում է նաեւ դա ու Ադրբեջանին տրամադրում շատ ավելի մեծ գումարներ, քան Հայաստանին. «Ապրիլյան պատերազմից հետո կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ այդ գումարները, որոնք տրամադրվում են, զինվորական կրթություն են ստանում ադրբեջանցի զինվորականները ու հենց այդ հրամանատարներն են այսօր կռվում Արցախի դեմ, չնայած դա 907 բանաձեւի կոպիտ խախտում է: Դրան հակառակ, ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ ՀՀ-ից բացի, չճանաչելով Արցախի Հանրապետությունը, անմիջական ու ուղիղ մարդասիրական օգնություն է տրամադրում Արցախին, այդ գումարը ծախսվում է ականազերծման համար: Սակայն այս տարի արդեն իսկ քննարկում են, որ նաեւ այդ գումարները հանեն, ինչը մեր կյանքի իրավունքի հարցն է: Շատ լավ գիտեք, թե ականազերծումից ինչքան մարդկանց կյանքեր են փրկվում: Մեր լոբբիստական ընկերությունների բողոքի ալիքից հետո այսպես են մեկնաբանում, թե այդ գումարները կտան, բայց՝ խաղաղասիրական ծրագրերի շրջանակներում: Եկել են ինձ ու իմ սերնդակիցներին, որ 3 պատերազմ ենք տեսել ու միայն խաղաղություն ենք ուզում, եկել են մեզ խաղաղության ծրագիր են ուզում սովորեցնել: Մեզ դուք չեք կարող խաղաղություն սովորեցնել, մենք կարող ենք աշխարհին սովորեցնել, թե ինչ է խաղաղությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Լիանա Ադամյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031