Հայաստանում այս պահին կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը ծայրահեղ ծանր է։ «Առավոտ»-ի հետ զրույցում այսպիսի բնութագրում տվեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
Վերջին օրերին գրանցված վարակման դեպքերը նույնիսկ համեմատելի չեն կորոնավիրուսի տարածման առաջին ալիքի հետ՝ մայիսի վերջին, հունիս ամսին գրանցած թվերի հետ։
Հոկտեմբերի 20-ին, ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ-ում 4340 թեստավորից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք, սրան նախորդող օրը՝ 1234 նոր դեպք, հոկտեմբերի 18-ին՝ հիվանդության 1694 նոր դեպք։ Իսկ թեստավորումների քանակը գրեթե նույնն է եղել։
Առողջապահության նախարարության մեզ տրամադրած տվյալների համաձայն, այս պահին կորոնավիրուսով հիվանդներից ծանր վիճակում է 547 մարդ, ծայրահեղ ծանր` 140-ը, թոքային օդափոխման սարքին միացված է 47 հիվանդ, բուժհիմնարկներում բուժում է ստանում 1938 մարդ, 14317 մարդ բուժում է ստանում տնային պայմաններում։
Կարդացեք նաև
Դեպքերի աճը տիկին Սահակյանը կանխատեսելի է համարում, քանի որ համեմատում են հիվանդության դեռեւս գաղտնի շրջանը՝ 14 օր առաջվա դեպքերի հետ, աճի միտումներ էին դիտարկում. «Այն ժամանակ մենք զգուշացրել էինք՝ եթե այս միտումները շարունակվեն, ապա դեպքերը կրկնակի աճ կունենան։ Այս պահին նույնը կարող եմ ասել՝ միտման այս աճը եթե պահպանվի, եթե բնակչության այսօրվա վերաբերմունքը չփոխվի, ապա 14 օր հետո դեպքերը կրկնապատկվելու են, հասնելու են մինչեւ 4000-ի»։
Կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի աճի պատճառները, հավանաբար շատերին են հայտնի։ Գայանե Սահակյանի դիտարկմամբ՝ մեզ մոտ հարաբերական կայուն իրավիճակ էր սեպտեմբերի կեսերին, որից հետո աճը օրինաչափ էր, սակայն սեպտեմբերի 27-ին՝ Արցախում սկսված պատերազմի առաջին օրերից երկրում տեղի ունեցան մի շարք գործողություններ, որոնք նպաստեցին վիրուսի արագ տարածմանը։ Դրանք այն միջոցառումներն էին, որտեղ մարդկային կուտակումներ էին լինում։ Բացի այս, տիկին Սահակյանը նաեւ մատնանշեց հանրային տրանսպորտը՝ մեքենաները քիչ են, ժամանակացույցը, որով հանրային տրանսպորտն աշխատում է, ստիպում է մարդկանց երթեւեկել լեփ-լեցուն մեքենաներով, իսկ նման փոխադրումների պայմաններում խոսել սոցիալական հեռավորություն պահպանելու մասին՝ անիմաստ է։
Մյուս կողմից էլ դիմակ կրելու մարդկանց վարքագիծն էլի շարունակվում է, այսքան կոչեր են անում, բայց տեսնում ենք, որ շատերը չեն կրում, շփվում են։ Խանութները, հանրախանութները, սա այն միջավայրն է, որտեղ վարակը շատ հեշտությամբ տարածվում է։
Եթե նախկինում ոստիկան տեսնելիս դիմակ էին դնում, որպեսզի չտուգանվեն, այս օրերին, նկատած կլինեք, փողոցներում շրջող ոստիկաններ չեք տեսնի, կամ հազվադեպ կտեսնեք։ Հիմա կանոնների պահպանման վերահսկողությունն իսկապես յուրաքանչյուրս պետք է կատարենք, քանի որ, ինչպես տիկին Սահակյանն է ասում, ոստիկաններից շատ-շատերն էլ մասնակցում են պատերազմական գործողություններին. «Բոլորս պետք է գիտակցենք, որ սա էլ մեր մարտն է, մեր ռազմաճակատը, թիկունքը առողջ պետք է լինի, որպեսզի կարողանանք օգնել, որպեսզի տղամարդիկ առողջ մեկնեն ռազմաճակատ։ Մարդկանց քաղաքացիական պատասխանատվությունը պետք է բարձր լինի, անկախ նրանից՝ հավատում են վիրուսի գոյությանը, դիմակի պաշտպանությանը, արդյունավետությանը։ Բոլորը պետք է մտածեն՝ դիմակ կրելով պաշտպանում ենք մեր զինվորին»։
Գայանե Սահակյանի վստահեցմամբ՝ օգոստոսին, սեպտեմբերի կեսերին եւ այս օրերին թեստավորվածների քանակը գրեթե նույնն է, եթե մինչեւ վերջին շրջանը հետազոտությունների 5%-ն էր դրական լինում, ապա այսօր դա գրեթե կրկնապատկվել է. «Միջին հետազոտությունների թիվը պահպանվում է, իսկ դրական արդյունքները 40-45% են։ Սա ահազանգող թիվ է, սա նշանակում ամեն 2-րդ, 3-րդը վարակված է։ Մենք իհարկե հետազոտում ենք նրանց, ովքեր ախտանիշ ունեն»։
Մասնագետն ասում է՝ վարակակիրների հետ կոնտակտավորները հիմնականում, այսպես ասած՝ տնայիններն են, ընտանիքի անդամները, աշխատանքի վայրը. «Բայց մենք շատ ահազանգեր ենք ստանում, երբ քովիդ-դրական, բայց թեթեւ տանող, ոչ հիվանդանոցային պայմաններում բուժվող (վարակվածներից 7-8-ից 1-ն է հոսպիտալացվում, մյուսները տանն են բուժվում), բայց պարտադիր մեկուսացման ենթակա եւ ինքնամեկուսացման ենթակա կոնտակտավորները խախտում են պայմանները՝ դուրս են գալիս խանութ, շփվում մարդկանց հետ, աշխատանքի գնում, ու թաքցնում, որ վարակակիր են։ Սա նպաստում է վարակի արագ տարածմանը։ Ի վերջո, եթե մենք ասում ենք՝ դիմակ կրելով օգնում ենք զինվորին, նույնն ասում ենք մեկուսանալու պայմանները պահպանելու դեպքում։ Չէ որ ինքնամեկուսացումը ինքնանպատակ չէ, դա կանխարգելող միջոցառում է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.10.2020