Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կարող ենք մերը ստեղծել. պետք է փոխել տնտեսական մոդելի ողջ տրամաբանությունը և քաղաքականության շեշտադրումները. Ատոմ Մարգարյան. «Փաստ»

Հոկտեմբեր 22,2020 11:34

Գնահատելով այն ազդակները, որոնք կան տնտեսական բարոմետրի իմաստով, այս պահին առանձնապես խաթարումներ չեմ տեսնում: «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք պատերազմական իրավիճակում տնտեսությունն ակտիվ ու կայուն պահելու տեսանկյունից գործարար հանրության, ինչպես նաև քաղաքացիների ու պետության անհրաժեշտ քայլերին:

«Հատկապես ռեսուրսների հասանելիության իմաստով բավականաչափ լուրջ խնդրներ ունենք: Այդ հարցերն այս կառավարության օրակարգում եղել են, բայց այս ամենի ավարտից հետո, երևի թե, պետք է լրջորեն մտածել այն հարցի շուրջ, թե ընդհանրապես ինչպիսին են ռեսուրսների հասանելիության համակարգերը, մեր ռեսուրսային պոտենցիալը: Խոսքը բոլոր ռեսուրսների մասին է: Առաջին հերթին բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտներում գնակազմավորման, գնագոյացման, ծախսային բոլոր բաղադրիչների մասին է:

Նման իրավիճակներում խնդիրները բավականաչափ տեսանելի են, որոնց հետագայում պետք է ուշադրություն դարձնել: Ընդհանրապես, կարծում եմ, որ պետք է փոխել տնտեսական մոդելի ողջ տրամաբանությունը և քաղաքականության շեշտադրումները: Խոսքը հատկապես կառուցվածքային քաղաքականության մասին է: Միշտ ասվել է, որ տնտեսությունը պետք է բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունենա: Դա ինչ-որ ուղղություններով, օրինակ՝ ՏՏ-ի մասով իրացվել է, բայց այդ տեխնոլոգիաները պետք է զարգանան ու ավարտուն պրոդուկտներ դառնան: Օրինակ՝ ԱԹՍ-երի կամ դրանց դեմ պայքարելու միջոցների տեսանկյունից շատ մեծ անելիքներ կան:

Դրա համար մարդկային ռեսուրս ու պոտենցիալ ունենք, բայց քաղաքականությունը դրա պատվիրատուն պետք է լինի: Հիմա պատերազմը ստիպելու է, հարկադրելու է, որ տնտեսական թե՛ գաղափարախոսության, թե՛ քաղաքականության ամբողջ համակարգը վերանայվի»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Ատոմ Մարգարյանի խոսքով, Հայաստանը փոքր ներքին շուկա ունեցող երկիր է. «Ըստ այդմ՝ բարեկեցիկ, բարձր կենսամակարդակ ունեցող, նաև պաշտպանված ու հզոր ռազմարդյունաբերական համալիր ունեցող երկիր դառնալու համար իր քաղաքականությունը պետք է կառուցի այնպես, որ արտահանումը բազմակի անգամ գերազանցի ներմուծմանը: Դա հնարավոր է այն ժամանակ, երբ ունես այնպիսի պրոդուկտներ, որոնց կարիքն ունեն արտաքին շուկաները: Եթե նայենք, թե թուրքական Bayraktar-ներն ինչ բաղադրիչներից են կառուցված, ապա Թուրքիայի կողմից, կարելի է ասել, միայն թիթեղն է ու էժան աշխատուժը:

Հիմնական բաղադրիչները կանադական կառավարման համակարգերն են, կան գերմանական, նաև իսրայելական որոշ բաղադրիչներ: Բերում, հավաքում են ու ասում՝ թուրքական է: Իրականում չունեն այդ բաղադրիչները ստեղծելու կարողությունը, բայց մենք ունենք: Մենք կարող ենք մերը ստեղծել, բայց քաղաքականությունը պետք է այդպիսին լինի: Խոսքը և՛ ինստիտուցիոնալ լուծումների, և՛ հարկային, և՛ կարգավորումների, և՛ դրամավարկային քաղաքականության մասին է: Միայն դրանք համադրելով կարելի է ստանալ իրավիճակ, երբ բիզնեսն իր համար ներդրումների ասպարեզ չի տեսնի առևտուրը, հերթական սուպերմարկետը կառուցելը, ձեթ բերելն ու այն եռակի թանկ վաճառելը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031