Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Բայբուրդյան. «Փաստված է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կիրառում են միջազգային բոլոր օրենքներով արգելված զենքեր եւ զինատեսակներ»

Հոկտեմբեր 22,2020 11:05

Լոս-Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հրավիրված մամուլի ասուլիսում վկայակոչել է միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից հաստատված փաստերը, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի Հանրապետության դեմ կիրառում են միջազգային բոլոր օրենքներով արգելված զինատեսակներ:

«Փաստված է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կիրառում են զենքեր եւ զինատեսակներ, որոնք արգելված են միջազգային ոչ միայն մարդասիրական օրենքներով, այլ նաեւ միջազգային բոլոր օրենքներով: Արգելված են, օրինակ, կասետային ռումբերը: Այստեղ ուզում եմ անդրադառնալ հետեւյալին. Ադրբեջանը պնդում է, թե հայկական կողմն էլ է օգտագործում այդպիսի արգելված զինատեսակներ: Դա բացարձակ սուտ է: Եվ այստեղ ես ոչ թե ուզում եմ հերքել այդ աղաղակող սուտը, կեղծիքը, այլ նաեւ ուզում եմ ասել, որ Ադրբեջանի կողմից օգտագործվող կասետային ռումբերի եւ արգելված զինատեսակների օգտագործման փաստը հաստատվել է միջազգային տարբեր կազմակերպությունների, ինչպես գիտեք, նաեւ՝ շատ հեղինակավոր «Մարդու իրավունքների կազմակերպության» կողմից: Եվ ինչքան էլ Ադրբեջանը փորձի պնդել, որ այդ հաստատումն ամբողջական չէ, տեղի մասնագետը չէ, որ հաստատել է, բոլորը գիտեն, որ Լոնդոնում հաստատված այդ միջազգային մարդասիրական կազմակերպությունները հստակ ունեն զենքերի օգտագործման հաստատման իրենց մեխանիզմները: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի պնդումներին, այդպիսի որեւէ հաստատում գոյություն չունի»:

Անդրադառնալով այս պատերազմի ընթացքում երկու անգամ մարդասիրական հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունները Թուրքիայի հրահրմամբ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտելու փաստին՝ Արմեն Բայբուրդյանը հատկապես կարեւորեց վերիֆիկացիոն մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը:

«Թե Արցախը, թե Հայաստանը բազմիցս ու մշտապես բարձրացնում են վերիֆիկացիոն մեխանիզմների, հրադադարի, զինադադարի խախտման կոնկրետ մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը, որպեսզի շփման գծի երկայնքով վերիֆիկացիոն մեխանիզմներ հաստատվեն, որը անմիջապես կարձանագրի զինադադարի խախտումը: Այդպիսի առաջարկներ եղել են նաեւ այստեղ՝ ԱՄՆ-ում: Ադրբեջանը հրաժարվել եւ հրաժարվում է այդպիսի մեխանիզմներ ստեղծելուց»,-հայտարարել է ՀՀ գլխավոր հյուպատոս դեսպանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031