«Արցախը չճանաչված, բայց անկախ երկիր է համարվում: Այս հարցերի պատասխանները պետք է քաղաքական իշխանությունը եւ դիվանագետները տան». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:
– Վերջին շրջանում ՀՀ վարչապետն իր հարցազրույցներում հետեւողական խոսում է փոխզիջումների պատրաստակամության մասին, մինչդեռ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ չեն դադարեցնելու պատերազմը, քանի դեռ իրենց ամբիցիաները բավարարված չեն: Ինչի՞ համար է հայկական դիվանագիտության այս շարունակական եւ ավելորդ խաղաղասիրությունը, մանավանդ, միջազգային հանրությունը ավանդական կրավորական կեցվածքը պահպանում է:
– Հայաստանի դիրքորոշումն ավանդաբար եղել է այն, որ Հայաստանը միշտ եղել է միջազգային կառույցների, մասնավորաբար, Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին աջակցող: Տարիներ շարունակ Հայաստանի հիմնական մարտավարություններից մեկը եղել է այն, որ մենք չլինենք մերժողը, դա լինի Ադրբեջանը, քանի որ, այդ դեպքում համարվում է, որ մերժող երկիրն ագրեսիվ է եւ իբր դիտարկվում է իզգոյ: Հիմա, Ադրբեջանը հայտարարում է, որ իր համար ընդունելի է նաեւ հարցի լուծման ռազմական ճանապարհը, որ ինքը հարցը կլուծի այդ ճանապարհով եւ ո՞վ է ասել, որ դա ճանապարհ չէ: Միջազգային հանրությունը, այդ թվում նաեւ աշխարհաքաղաքական հիմնական կենտրոններն են շարունակում հայտարարել, որ այս հարցը ռազմական լուծում չունի եւ Հայաստանը փորձում է համահունչ մնալ այդ հայտարարություններին՝ ցույց տալով, որ խաղաղասեր է եւ պատրաստ է հարցի լուծման բանակցային գործընթացին, իսկ Ադրբեջանը շարունակում է մնալ ագրեսոր: Կարծում եմ, զուտ դիվանագիտական հին գործընթացն է եւ պատերազմի սկսելուն պես, ըստ իս, հնացած մարտավարություն է: Դա ընդամենը դիվանագիտական քայլ է եւ չեմ կարծում, որ այսօր շատ մեծ կիրառական նշանակություն ունեցող:
– Ի դեպ, նաեւ Թուրքիան է կոշտացնում իր դիրքերը: Մեր քաղաքական վերանախավի, հատկապես, իշխող ուժի, արձագանքն ու պահվածքն ադեկվա՞տ է իրականությանը:
– Թուրքիան ի սկզբանե էլ ցույց է տվել, որ իր դիրքորոշումը միանշանակ պրոադրբեջանական է: Ավելին, եթե սկզբնական փուլում խոսքը գնում էր հիմնականում քաղաքական աջակցման մասին, ապա արդեն պատերազմից մի քանի օր անց Թուրքիայից սկսեցին հնչել Ադրբեջանին ռազմաքաղաքական հստակ աջակցության քաղաքական նոտաներ: Թուրքիան, ըստ էության, ուղղակի հորդորում է, որ Ադրբեջանը հարցը լուծի ռազմական ճանապարհով՝ ասելով, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի պատերազմը, քանի դեռ չի ազատագրել, իր, այսպես կոչված, տարածքները:
Կարդացեք նաև
Հայաստանի արձագանքը, իմ կարծիքով, հիմա բավական ադեկվատ է Թուրքիայի դերակատարմանն, այն առումով, որ Թուրքիային, ըստ էության, վերագրվում է ահաբեկչության հովանավորյալի կարգավիճակ, որը Միջին Արեւելքից ահաբեկիչներ է ներմուծում տարածաշրջան, ինչը բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծել՝ թե ՌԴ-ի, թե Իրանի համար, միաժամանակ, Թուրքիային դարձնելով ահաբեկչության հովանավորող, ահաբեկչության գաղափարախոսներից մեկը: Չեմ կարծում, որ այս պահի դրությամբ Հայաստանն ավելին կարող է անել՝ իր ներկայիս կարգավիճակով եւ ռեսուրսներով: Հայաստանն այսօր փորձում է ներմուծել հակահաբեկչական կոալիցիայի անհրաժեշտության գաղափարը, ըստ որի, ահաբեկչության առանցքային հովանավորյալը Թուրքիան է: Այս առումով, կարծում եմ, ընդհանուր առմամբ, նաեւ որոշակի արդյունքներ կան: Մենք տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական որոշակի կենտրոններ՝ ՌԴ-ն, Ֆրանսիան, Իրանը, աստիճանաբար հիմքեր են նախապատրաստում հակաահաբեկչական դրսեւորումների, գործողությունների դեմ: Մնացածը՝ ժամանակը ցույց կտա, բայց այդ թեման դարձել է աշխարհաքաղաքական օրակարգ:
– Ի՞նչ անել, ինչպե՞ս դիրքավորվել, որ իրականությանը եւ զարգացումներին համահունչ լինենք:
– Գիտեք, պատերազմի ժամանակ չեն խոսում չափից դուրս խաղաղասիրությունից, պացիֆիզմից: Պատերազմի ժամանակ քաղաքական եւ դիվանագիտական ասպարեզում դրվում են մաքսիմալիստական խնդիրներ եւ փորձում են բանակցային ռեսուրսներում խաղադրույքներն ավելացնել: Իհարկե, ամեն ինչ որոշվում է ռազմի դաշտում, որովհետեւ, ռազմի դաշտում գծված սահմանների շուրջ են գնալու հիմնական բանակցությունները եւ, այսպես ասած, խաղադրույքներն այդտեղ են սահմանվելու: Իհարկե, քաղաքական հայտարարությունները, դեմարշներն իրենց ազդեցությունն ունեն, բայց, դա առավելապես խաղաղ ժամանակ է դերակատարում ունենում: Պատերազմի ժամանակ բանակն է սահմանելու այն կարմիր գծերը, այն սահմանները, որի շուրջ դիվանագիտությունը պետք է աշխատի:
– «Անջատում հանուն փրկության» թեզը առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը դրեց շրջանառության մեջ, որը նաեւ վարչապետը զարգացրեց իր հետագա ելույթներում: Անջատում՝ ի՞նչ սահմաններով եւ ինչ պայմաններով. Ձեզ համար հստա՞կ է:
– Այդ գաղափարը մի քանի տարի առաջ դրվեց շրջանառության մեջ: Ես հիշում եմ, դեռ դեսպան Ռուբեն Շուգարյանն էր այդ թեզի շուրջ տեսական հոդվածով հանդես եկել եւ այն ժամանակ արդեն Տեր-Պետրոսյանին այդ գաղափարը դուր եկավ, որովհետեւ ինքը դարձավ դրա ջատագովներից մեկը:
Ես կարծում եմ, այս պատերազմը, իհարկե, որոշակի նոր քաղաքական հիմքեր, փաստարկներ տվեց, որ «անջատում հանուն փրկության» սկզբունքն էլ մտցվի խաղի մեջ եւ դառնա հայկական դիվանագիտության գործիքներից մեկը, քանի որ սին դարձան տասնամյակների այն պնդումները, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են միասին ապրել, գոյատեւել: Այս պատերազմն, իրականում ցույց տվեց, որ հայերն ադրբեջանցիների հետ, առավել եւս Ադրբեջանի կազմում, չեն կարող գոյատեւել եւ փրկության խնդիր է դրվում:
Իսկ թե՝ ի՞նչ սահմաններում, դա արդեն հարց է: Ավելին ասեմ, երբ հարց է դրվում՝ Արցախի անկախության ճանաչման, դարձյալ այդ հարցը կա՝ ի՞նչ սահմաններում: Նման հարցեր առաջանալու են, որոնց ՀՀ իշխանությունները, որոնք հիմք են վերցնում այդ կոնցեպտները, պետք է պարզաբանումներ ներկայացնեն: Ի դեպ, պետք է նաեւ պատասխան տրվի հարցին՝ իսկ ումի՞ց են անջատվում՝ հանուն փրկության: Այդ սկզբունքն ինքնին, արդեն նշանակում է, որ ինչ-որ մի բանի մեջ ես, որից ցանկանում ես անջատվել: Մինչդեռ, թեկուզ Արցախը չճանաչված, բայց անկախ երկիր է համարվում: Այս հարցերի պատասխանները պետք է քաղաքական իշխանությունը եւ դիվանագետները տան, որից հետո միայն փորձագետները կկարողանան մեկնաբանություններ անել:
– Ո՞ւր մնաց Նիկոլ Փաշինյանի՝ հարցի լուծումը սեփական կետից տանելու թեզը, այս ընթացքում երեւա՞ց՝ ո՞րն է այն:
– Ընդհանրապես, ես կարծում եմ, դա ավելի շատ քաղաքական հնարք էր, ամեն ինչ զրոյական կետից սկսելու, այդ թվում եւ ներքաղաքական ասպարեզում, եւ Արցախի հարցում, եւ արտաքին քաղաքական հարցերում: Ո՞րն է այդ զրոյական կետը՝ հիմա կդժվարանամ ասել: Կարծում եմ, համեմատաբար որոշակի թարմություն, որը պետք է ձեռնտու լինի երեք կողմերին էլ: Այդ հարցը միշտ է առաջացել՝ ի՞նչ է դա՝ կիրառական առումով եւ պատասխան չի հնչել, ուստի դժվարանում եմ որեւէ հստակ բան ասել:
– Վարչապետը չարձագանքեց 16 կուսակցությունների կոչին, իշխանական շրջանակները բուռն քննադատեցին, բայց վերջին օրերին տարբեր արտախորհրդարանական ուժերի հետ ինտենսիվ հանդիպում-քննարկումներ են լինում, նաեւ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանն են ներգրավված դրանցում, ապա կայացավ նաեւ ՀՀ-ի եւ Արցախի բոլոր նախագահների հանդիպումը: Ի՞նչ է կատարվում՝ մոսկովյան եւ վաշինգտոնյան հանդիպումներից առաջ:
– Ամեն դեպքում, փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է կոնսուլտացիաների եւ հանդիպումների շարք՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, նախկին նախագահների հետ: Կարծում եմ, այդ միտումը դրական է եւ ի վերջո ինչ-որ մի ֆորմատ կամ ինչ-որ մի կառույց, արդյունքում կձեւավորվի:
Իմ համոզմամբ, այստեղ պետք է առաջնորդվել ոչ թե ներանձնային կամ ներքաղաքական շահերով, առաջ բերել հակասությունները, այլ փորձել հասկանալ թե որքանո՞վ յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել երկրին, մանավանդ, որ այդ մարդկանցից շատերը, այդ թվում նախկին նախագահները, վարչապետները, անձնական լուրջ կապեր ունեն, արտաքին աշխարհում անձնական լուրջ կշիռ ունեն եւ կարող են օգտակար լինել ինչպես ռազմական գործում, բանակի սպառազինության հարցում, նաեւ՝ բանակցային գործընթացներում: Կարծում եմ, մեծ շռայլություն է՝ չօգտագործել բոլորի ռեսուրսը:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
22.10.2020