Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնություն՝ նաեւ քաղաքական ճակատում

Հոկտեմբեր 22,2020 10:00

Արցախի հարցն այս պահին եւ մոտ ապագայում քաղաքական (դիվանագիտական) լուծում չունի, որովհետեւ Ադրբեջանը մեզնից լիակատար կապիտուլյացիա է պահանջում: Այժմ զինադադար հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը կարծում է, որ կարող է հարցը լուծել ռազմական ճանապարհով: Անգամ կարճատեւ հրադադար հնարավոր չէ՝ նույն պատճառով, ինչպես նաեւ՝ ելնելով այն հանգամանքից, որ Ադրբեջանը չի ուզում բացահայտել իր զոհերի քանակը, ինչպես նաեւ թաքցնում է, որ ոչնչացված մարդուժի մեջ կան թուրքական զինծառայողներ եւ վարձկաններ: Մեզ մնում է շարունակել պատերազմը՝ ներգրավելով նոր ուժեր ի դեմս կամավորականների: (Ի դեպ, կարելի է դրան զուգահեռ մտածել նաեւ համընդհանուր զորահավաքի մասին): Ահա այն ուղերձները, որոնք, իմ կարծիքով, պարունակում  էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը:

Եթե փորձենք այլ կերպ ձեւակերպել, ապա դա նշանակում է, որ մենք պետք է մարտական գործողություններում հասնենք այնպիսի հաջողությունների, որ Ադրբեջանը եւ Թուրքիան հասկանան՝ պատերազմը շարունակելն անիմաստ է,  պետք է հաստատել հրադադար, այնուհետեւ զինադադար, իսկ դրանից հետո փորձել հարցերը լուծել բանակցային սեղանի շուրջ, ընդ որում՝ նրանք պետք է հրաժարվեն մեզ կապիտուլյացիայի վերջնագիր ներկայացնելուց: Մեր առջեւ դրված է ծանր, բայց սկզբունքորեն իրագործելի խնդիր, որն, իհարկե, հնարավոր է լուծել երկարատեւ, մեծ զրկանքներ եւ զոհեր պահանջող պատերազմով:

Բայց դա, ինձ թվում է, չի նշանակում, որ արտաքին քաղաքական գործընթացները պետք է սառեցվեն: Հայաստանի նախագահի այցը Բրյուսել, արտգործնախարարի այցերը Մոսկվա եւ Վաշինգթոն, այդ շարունակվող աշխատանքի վկայությունն են: Թվարկած աշխարհաքաղաքական կենտրոններն, ըստ ամենայնի, անկեղծորեն ցանկանում են, որ պատերազմը Հարավային Կովկասում  կանգ առնի, ուրիշ հարց, որ նրանք ի վիճակի չեն բավականաչափ ազդել Թուրքիայի վրա, որ այն հրաժարվի իր նկրտումներից: (Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հենց Թուրքիայի հավակնություններն են պատերազմի շարժիչ ուժը): Իսկ Հայաստանի դիվանագիտության խնդիրն է մեր դիրքորոշումն աշխարհին լսելի դարձնելը:

Հենց քաղաքական գործընթացի շրջանակներում կարելի է դիտարկել Հայաստանի եւ Արցախի նախկին բոլոր նախագահների հանդիպումը: Մեր հասարակության համար ուղերձը, կարծում եմ, պարզ է՝ այդ գործիչներն իրենց մեջ ուժ գտան մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, երբ հայրենիքին վտանգ է սպառնում: Դա, իհարկե, դրական, ողջունելի քայլ է նրանց կողմից:

Իսկ բովանդակային առումով ես ակնկալում եմ, որ նախկին նախագահները կօգտագործեն իրենց փորձն ու կապերը՝ դարձյալ մեր ճշմարտությունը՝ աշխարհում որոշումներ ընդունողներին հասցնելու համար: Քաղաքական ճակատում նույնպես միասնական ջանքեր են պետք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    . անտրամաբանական է որ յարձակող թշնամին չի ուզում հրադադար, եւ մեզ ներկայացնում է անձնատուրութեան վերջնագիր, նկատի ունենալով որ մենք միայն ու տեւաբար #յաղթում ենք

    . մինչեւ այն ատեն որ քաղաքական գործընթացները տեղի կ’ունենան՝ աշխարհաքաղաքական երկու հակառակորդ, իրարամերժ ծայրագոյն բեւեռների նկատմամբ, ապա երկու ուղղութիւններէն,կողմերէն ոչ մէկից՝ բաւարար գործնական օգուտ չենք ստանար. բայց վնաս չունի անշուշտ, նոյնիսկ աւելի՛ լաւ, նկատի ունենալով որ մենք միայն ու տեւաբար #յաղթում ենք

    . Թուրքիայի դերը չափազանցելը կը տանի երկու հիմնական սխալների՝
    ա. կարծելը թէ, առանց որ մենք հարկաւոր հաստատ քայլերի դիմենք, եւ մինչ, մենք դեռ կը շարունակենք «խաղալ երկու թելերի վրայ», Ռուսաստանը ճար չունի, ինքն իր համար արդէն, պիտի որ միջամտի
    բ. թերագնահատել անմիջական թշնամին՝ Ադրբեջանը.
    բայց այս ամէնն ալ վնաս չունի, ի՞նչ է եղել, նկատի ունենալով որ մենք միայն ու տեւաբար #յաղթում ենք

  2. Քաղաքացի says:

    Հարգելի Արամ Աբրահամյան,
    գնահատում եմ Ձեր, առավելևս նման օրերին, մեղմ, կշռադատված, նկատառումները: Նրանք հանդարտեցնող և հույս ներշնչող են… Սակայն կարծում եմ, այսօր Ձեր այդ առաքելությունը լայն արձագանք չի գտնի ոչ թե բառիս բուն իմաստով, այլ երեք նախագահների “առաքելության իմաստով”: Որպես օրինակ, կարող եմ բերել երրորդ նախագահի երեկ Եվրոպայում հնչեցրած մտքերը, որտեղից պարզվում է, որ նրա երկու նախագահական ժամկետներից հետո, վարչապետության անցնելու ցանկությունը պայմանավորված էր, գերազանցապես Արցախի հարցը լուծելու նպատակով, քանի որ, ըստ նրա, արդեն մազ էր մնացել մինչև Բաքուն համաձայնվեր Արցախի անկախությանը: Թողնենք այս պնդումը առանց մեկնաբանության: Շնորհակալ եմ Աստծուց, որ մինչ օրս մնացած երկու նախագահները լուռ են, դա հույս է ներշնչում, որ միգուցե գիտակցում են իրենց դերը այս ամենի մեջ: Նրանք շատ ժամանակ ունեին գործելու: Հանուն արդարության ուզում եմ հիշեցնել ինչպես էր արտահայտվել ռուս հայտնի իրավապաշտպան Վալերիա Նովոդվորսկայան Տեր-Պետրոսյանի դիրքորոշման մասին: “Умница Левон Тер-Петросян понимает, что этот вопрос решить в ближайшем будующем практически невозможно”. Այդ դիրքորոշման համար նա վճարեց իր նախագահական աթոռով: Մեջբերեմ հայկական ծագումով ռուս հայտնի մեկնաբան Պավել Դալլաքյանի մեկնաբանությունները նախագահների այսօրվա “զորաշարժի” վերաբերյալ.
    «Ստրատեգիական լուզերների» տեղի ունեցող զորաշարժը, թերեւս, կրկեսային երանգ ստանար, եթե չպատահեր պատերազմական պայմաններում: Պատերազմի օրով դա կոչվում է աղբանոցի ինքնաամբողջացում: Պատմության մրրիկը այս պահին խնամքով մեկտեղում է դեղնած թերթոնների խշխշացող կույտը: Միանալ ցանկացողները կարող են հերթագրվել նախաձեռնողական կարգով:
    Ինչու՞ “պատահեց” այս պատերազմը… Ինչն է հետաքրքիր, որ այս հարցի ամենաճիշտ պատասխանը այսօր տալիս է հասարակ քաղաքացին, այն քաղաքացին, որի երեխաները այսօր ռազմաճակատում են: Եվ գիտեք ինչու են նրանք ճիշտ, որովհետև նրանք այսօր պաշտպանում են ոչ թե իրենց դղյալները, միլիարդները, այլ իրենց հողը, որն իրենց միակ հարստությունն է:

    Հ.Գ. Ցանկության պարագայում Պավել Դալլաքյանի վերլուծական հոդվածին կարելի է ծանոթանալ https://www.lragir.am/2020/10/22/591432/

  3. Ruben says:

    Եթե «Արցախի հարցն այս պահին եւ մոտ ապագայում քաղաքական (դիվանագիտական) լուծում չունի, որովհետեւ Ադրբեջանը մեզնից լիակատար կապիտուլյացիա է պահանջում:» Այդ դեպքում ինչո՞վ պետք է զբաղվեն հանրապետության քաղաքագետներն ու դիվանագետները: Բոլորը պետք է գնան ռազմաճակա՞տ:
    Հայաստանի եւ Արցախի նախկին բոլոր նախագահներին պետք է ուղարկել Արցախ՝
    1. Քոչարյանին «վստահել» չորս տանկ, որտեղ անձնակազմները կլինեն նրա հարազատներն ու մտերիմ տղամարդիկ, եւ ուղարկել Թալիշ,
    2. Սերժ Սարգսյանին «վստահել» դիվերսիոն խումբ, որի կազմում կլինեն նրա հարազատներն ու մտերիմ տղամարդիկ եւ ուղարկել Եվլախ,
    3. Լեւոն Տեր Պետրոսյանին նշանակել նվագախմբի դիրիժոր, որի կազմում կլինեն նրա հարազատներն ու համախոհները եւ ուղարկել Հորադիզ:

    «Ճակատում նույնպես միասնական ջանքեր են պետք:»

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031