Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրիկս Ալիեւին ցույց է տվել ոտքի սպին ու ասել՝ սա թուրքի յաթաղանից մնաց, ես տաճկահայ եմ»

Հոկտեմբեր 22,2020 12:30

Աշուղագետ Էլինար Շահենը հոր անցյալի վերաբերյալ «փակագիծ» է բացում

Արցախի եւ Հայաստանի դեմ շարունակվող թուրք-ադրբեջանական ագրեսիան ինչքան էլ որ թիրախավորի հայկական մշակութային կոթողները, միեւնույն է, բազմադարյա մեր մշակույթին մեծ հաշվով չի կարող փշրանքի չափ վնաս պատճառել։ Պատերազմական այս օրերին մտաբերեցինք աշուղագետ Էլինար Շահենի հետ ժամանակին արված զրույցը հոր՝ աշուղ Շահենի հոբելյանի առիթով։

Այդ հոդվածից դուրս էր մնացել աշուղի հիշողություններից մի պատառիկ, որը ներկայացնում է 1981թ. Բաքվի պետական ֆիլհարմոնիայում մեծանուն աշուղի հետ կապված դեպքը, ինչի առիթով հետագայում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական ամբիոնի հիմնադիր, պրոֆեսոր Մարգարիտ Բրուտյանը պետք է գրեր. «Համերգի երկրորդ բաժնի ավարտին Շահենի ելույթն էր, որն ունեցավ շրջադարձային նշանակություն հայ աշուղական արվեստի համար՝ Լենինականում բացելու աշուղական դպրոց՝ շարունակելու այս դարավոր արվեստի ավանդույթները»։

Մեր զրուցակցին՝ Էլինար Շահենին խնդրեցինք հիշեցնել եւ մանրամասնել դեպքը։ Տիկին Էլինարը հայտնեց, որ իր կողմից տպագրված է Շահենի «Հուշամատյանը», բայց աշուղի արխիվում պահպանված նյութերը, մասնավորապես աշուղին հասցեագրված նամակներն այնքան շատ են, որ մեկ նույնիսկ հաստափոր գրքի էջերը չբավականացրին ներկայացնելու դրանք։

Անդրադառնալով Բաքվում կատարվածին, աշուղագետը հայտնեց հետեւյալը. «Այնտեղ նշում էին աշուղ Ալիի 180-ամյակը։ Հայաստանից մեկնած պատվիրակությունը գլխավորում էին տիկին Բրուտյանը, կոմիտասագետ, դոկտոր-պրոֆեսոր Ռոբերտ Աթայանը, իսկ աշուղական արվեստը ներկայացնում էր հայրիկս։ Երբ ես կոնսերվատորիայի ուսանող էի, տիկին Բրուտյանը մի առիթով անդրադառնալով Բաքվում կայացած համերգին, ասաց՝ Էլիկո, հանդիսավոր նիստի ժամանակ ադրբեջանցիները վերամբարձ բառերով նշում էին Ալիի մեծաշնորհ լինելը։ Ես էլ մտածում էի՝ երբ նրա երգերը հնչեն, ես կհամոզվե՞մ, որ նա մեծ աշուղ է… Աղջիկս, հավատա ինձ, միակ աշուղը, որ փայլեց այդ երեկոյին իր արվեստի բարձրությամբ, գեղեցկությամբ ու պերճությամբ, մեր Շահենն էր… Բայց դա դեռ ամենը չէր, տիկին Բրուտյանն ասաց ավելին՝ հայկական պատվիրակությանը հրավիրել էին որպես հյուր, բայց ադրբեջանցիներն անակնկալ մրցակցություն էին կազմակերպել՝ Շահենն ընդդեմ մոտ 500 աշուղի, ու հայրիկդ հաղթեց։

Հիշում եմ, որ տիկին Բրուտյանն այն տարիներին «Ադրբեջան», «ադրբեջանցի» բառերն այնքան էլ չէր օգտագործում, դրանց փոխարեն ասում էր՝ դրանք, նրանք… Պրոֆեսորն ասաց՝ ես մի բան հասկացա. նրանք հասկացան, ընդունեցին, որ Աստծուց տրված այդ բնատուր տաղանդը քչերին է տրվում»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ հա՞յրը ինչ է պատմել այդ առիթով։ Տիկին Էլինարն ասաց. «Հայրիկս պատմել է, որ երբ սկսել է աշուղական ողջույնի խոսքը` երգը, դահլիճի բոլոր դռները անսպասելիորեն բացվել են ու իրար հետեւից սազը ձեռքներին մոտ 500 աշուղ «բարով ես եկել, աշուղ Շահեն» երգելով ներս են մտել, նստածներն էլ անակնկալի գալով ոտքի են կանգնել ու սկսել ծափահարել։ Հայրիկս ասում էր, որ բեմն ամբողջությամբ գրավեցին, շարվելով իր ետեւում։ Ավարտել են երգն ու նայել հայրիկիս։ Իսկ ըստ աշուղական ավանդույթի՝ պետք է հայրիկս հանպատրաստից պատասխաներ նրանց ողջույնին երգով։ Ախր հայրիկս քանոն էր նվագում ծնկներին դրած։

Այդ պահին մտածում է. եթե սկսի պատասխանել, աշուղներին մեջքով կլինի, իսկ եթե աթոռը շուռ տա՝ դահլիճին հակառակ կլինի։ Ընդամենը մեկ-երկու վայրկյանում որոշում է կայացնում չնստել, թեք կանգնել եւ աշուղական ավանդական նույն մեղեդիով, ինչ ադրբեջանցիներն էին սկսել, օսմանլու թուրքերենով պատասխանում է։ Բնականաբար, բոլորը զարմանում են հայրիկիս թուրքերենի իմացության եւ երգեցողության վրա ու միմյանց նայելով սկսում են աշուղական մուհամմայի (հանելուկ) նախանվագը։

Այդ պահին հայրիկս մտածում է՝ հլը դրանց նայիր, իրենց կարճ խելքով ինձ հանելուկ են առաջարկում եւ հանելուկի վերջին քառյակի միջնանվագի ավարտին, չսպասելով, որ դրանք շարունակեն, նույն մեղեդիով պատասխանում է»։

Հարցին՝ դուք չասացիք՝ մեծ աշուղն ի՞նչ երգով է հանդես եկել դրանց առջեւ, Էլինար Շահենը նշեց, թե հիմա ամենահետաքրքիր մասն է ու հայտնեց հետեւյալը. «Հայրիկս զգացել է, որ ոչ միայն բեմում, այլեւ դահլիճում մի տեսակ անհանգստության ալիք է բարձրացել. աչքը գցել է տիկին Բրուտյանի եւ պարոն Աթայանի կողմը ու նկատել նրանց անհանգիստ վիճակը, բայց ուրախ աչքերը… Ախր պատասխան երգ-հարցով հանդես գալը ոչ թե րոպեների, այլ վայրկյանների խնդիր է։

Արագ կողմնորոշվել է ու այնպիսի հարց տվել, որի չիմանալը ամոթ կլինի իրեն աշուղ համարող այդ ամբոխի համար. երգել է Սայաթ-Նովայի անհայտ երգերից մեկը ու հարցրել՝ ո՞վ է այս երգի հեղինակը։ Իսկ ցանկացած վարպետ աշուղ Սայաթ-Նովայի ոճի, հատուկ լեզվամտածողությունից, տաղաչափությունից իսկույն գլխի կընկներ։ Չէ՞ որ Սայաթ-Նովան Անդրկովկասի մեծագույն վարպետ աշուղն է եւ չիմանալը ամոթ է։ Ախր էդ ցեղը մշտապես բարբաջել է, թե Սայաթ-Նովան իրենցն է»։

Ինչպես տիկին Էլինարը խոստացավ՝ ամենակարեւոր մասը հետեւյալն էր. «Դահլիճում, բեմում խառնաշփոթ վիճակ է սկսվում, 500 վայ-աշուղները հայացքն ուղղում են կառավարական օթյակի կողմը, որտեղ Հեյդար Ալիեւն էր։ Վերջինս էլ վեր է կենում ու սկսում ծափահարել։

Ավելին՝ նա բեմ է բարձրանում, շնորհավորում հայրիկիս ու առաջարկում մնալ Բաքվում որպես վարպետ աշուղ եւ իր գիտելիքները փոխանցել վայ-աշուղներին։ Նույնիսկ նշում է, որ եթե իր 500-ից ավելի աշուղներից յուրաքանչյուրը նոր մեղեդիներով տասը երգ երգի, կունենան 5000 նոր երգ։ Հենց բեմում Ալիեւը հայրիկիս առաջարկում է 4 սենյականոց բնակարան Բաքվի կենտրոնում, բարձր աշխատավարձ, մեքենա, աղախիններ»։

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է եղել աշուղ Շահենի պատասխանը։ Մեր զրուցակիցն ասաց. «Հայրիկս ծիծաղել է, վեր բարձրացնելով տաբատի փեշը՝ ցույց է տվել ոտքի խոր ակոսով սպին ու ասել՝ տեսնո՞ւմ ես, սա թուրքի յաթաղանից մնաց, ես տաճկահայ եմ»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031