Լրահոս
Օրվա լրահոսը

Հայը պետք է ունենա մի աղոթք՝ Հայրենիք

Հոկտեմբեր 22,2020 12:00

Արցախի հանդեպ սանձազերծած թուրք-ադրբեջանական-ահաբեկչական պատերազմի այս ծանր օրերին, երբ մեր զինվորներն անգերազանցելի հերոսական սխրանքներ են գործում՝ կենաց եւ մահու կռիվներ մղելով, թիկունքում ոչ միայն հայ ժողովուրդն է հնարավորինս օգնում բանակին, այլ մշակույթը, այդ թվում գեղարվեստական գրականությունը մեր ազգին հուզող խնդիրներին է անդրադառնում: Դրանց մեջ կարեւորագույնը՝ հայի գենի պահպանումն է, ազգի գոյատեւման, պայքարի ու միասնականության խնդիրը:

Բարեբախտաբար, ունենք ժամանակակից գրողներ, ովքեր տարիներ ի վեր ընթերցողական լայն զանգվածներին ներկայացել են իրենց հայրենասիրական գործերով: Նրանց շարքում գրական զգալի վաստակ ունի բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանը: Օրերս տպագրվեց նրա 29-րդ գիրքը՝ «Փրկօղակ» խորագրով վեպը:

Այստեղ հիմնական գաղափարն այն է, որ դրսում գտնվող հայերի փրկությունը հայրենիք վերադառնալն է: Գրքում ընդգծված է հայ ժողովրդի ազգային ցավի՝ արտագաղթի ծանր հետեւանքները: Չափազանց կարեւորվում է մայր հայրենիքում ապրելու, արարելու, պայքարելու, ավանդական սովորություններն ու ազգային արժեքները պահպանելու խնդիրը: Հարկ է ընդգծել, որ Հակոբյանը որպես գրող բազմիցս է անդրադարձել Արցախի պատմական անցյալին: Այս առիթով տեղին է մեջբերել բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի խոսքերը. «Ժաննա Հակոբյանը արցախյան անկախության, Արցախի ազատագրության ամբողջ պատմության տարեգիրներից է»: Գրողը նախ ընթերցողի սեղանին դրեց «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպը, որն իրականում դարձավ նրա ստեղծագործության գլուխգործոցը: Վեպի համար հիմք էր հանդիսացել 18-րդ դարավերջին օտար բռնապետների դեմ արցախահայության մղված ազգային-ազատագրական պայքարի պատմությունը:

Այնուհետեւ գրողը տպագրեց «Արյան վրեժ» խորագրով վեպը, որտեղ ներկայացված են անցյալ դարի 60-ական թվականների այն ծանր դեպքերը, երբ Ադրբեջանը հայահալած բիրտ քաղաքականություն էր վարում Արցախում եւ իրենց ազատության ու անկախության համար պայքարի պատրաստ արցախցիները ենթարկվում էին բռնությունների ու հալածանքների: Թշնամին առայսօր էլ չի գիտակցում, որ արցախցին երբեք ծնկի չի գա:

Ունենալով պատերազմը ներկայացնելու հարուստ փորձ, Արցախյան գոյամարտին նվիրված իր հաջորդ գրքում՝ «Արյան հիշողություն» վեպում գրողը միաժամանակ ընդգծել է եղեռն տեսած մեր նախնիների միջոցով մեզ փոխանցած արյան անջնջելի հիշողության կարեւորությունը: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին գրված «Ապրիլյան հերոսամարտ» գրքում Հակոբյանը պատկերել է երիտասարդ հայ զինվորների ցուցաբերած սխրանքները, նրանց մարտական ոգին, ֆիզիկական պատրաստվածությունը: Մարտական ակտիվ գործողություններին մասնակցած մերօրյա հերոսներն իրենց հայրենապաշտությամբ ու քաջությամբ հետեւորդներն են Արցախյան գոյապայքարով անցած իրենց հայրերի, որոնց մի մասը որպես կամավորականներ նույնպես կանգնեցին իրենց որդիների կողքին: Եվ ընթերցողի համար պարզ է դառնում, որ հայրենիքի նվիրյալները պատրաստ են սուրը պատյան չդնել, քանի որ չի ջախջախվել հայ ժողովրդի ցեղասպան թշնամին: Նաեւ Եղեռնի մահաշունչ սարսափն է ներկայացրել գրողը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին գրված «Գողգոթայի երդվյալ վրիժառուն» վեպում, ուր պատկերելով հերոսների ֆիզիկական ու հոգեկան ցավը, ընդգծել է, որ անգամ տանջալից մահը չի կարողացել մարել հայ մարդու մաքառման ոգին: Իսկ թե ինչու է Հակոբյանն իր տեսադաշտում ընտրել հայ ժողովրդի պատմական անցյալը, խոստովանում է ինքը. «Իմ նպատակն է անցյալի իրադարձությունների գեղարվեստական վերակենդանացման ճանապարհով մեր նախահայրերի, հայրերի, որդիների հերոսական արարքների օրինակով ժամանակակիցների մեջ դաստիարակել հայրենասիրություն, քաղաքացիական պայքարի գիտակցություն, այդպիսով նպաստել ազգային ոգու հզորացմանը: Այս հողի վրա ապրող յուրաքանչյուր հայ մարդ պետք է ունենա միայն մի աղոթք՝ Հայրենիք»:

Անկասկած, այս օրերին, երբ դամոկլյան սուր է կախված Հայաստանի արեւելյան դարպասի՝ Արցախի վրա, մեր ազգը դարձել է բանակ եւ մոլորակի վրա բոլոր հայերը բռունցք դարձած արյամբ նվաճած մեր ազատագրված տարածքները սրբությամբ են պաշտպանում: Ու ինչքան էլ թշնամիները մինչեւ ատամները զինված լինեն եւ փորձեն կրկին ցեղասպանություն գործել, միեւնույն է, չեն կարող, քանի որ մեր քաջարի հայորդիներն իրենց կյանքի գնով ոչնչացնելու են նրանց: Փա՜ռք մեր հերոսներին: Փա՜ռք մեր բոլոր նահատակներին, որոնց հիշատակը հավետ կապրի: Մենք հաղթելո՜ւ ենք…

Ռազմիկ ԳԱԼՍՏՅԱՆ
ՀԳՄ անդամ, բանաստեղծ

«Առավոտ» օրաթերթ
21.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031