«Բժիշկները շատ ծանր աշխատանք են տանում, որովհետեւ բեկորային վնասվածքներն ու վիրավորումները շատ են»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով արցախյան ռազմաճակատում բժիշկների անձնվեր աշխատանքին՝ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հաճախ բժիշկները պայքարում են ոչ միայն կյանքեր փրկելու համար, այլեւ իրենք են հայտնվում կրակի տակ: Հարվածի են ենթարկվում նաեւ բժշկական մեքենաները: Ունեցել ենք դեպքեր, երբ խոցվել են բուժօգնության մեքենաները: Խոսքը շտապօգնության մեքենաների մասին չէ, որոնք աշխատում են հիվանդանոցից հիվանդանոց, այլ ռազմաճակատից մինչեւ առաջիկա բուժօգնության հաստատություն հասնող մեքենաների»,-շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:
«Շատ դժվար աշխատանք են անում մեր բժիշկները, բուժակներն ու բուժքույրերը: Փառք եւ խոնարհում նրանց աշխատանքի առաջ: Հազարավոր կյանքեր են փրկվել նրանց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ»,-հավելեց նա: Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած այն տեսանյութին, որում իբրեւ թե ներկայացվում էր հայերի ձեռքով խոզերի ապաստանի վերածված մզկիթ: «Պատերազմին կրոնական երանգ հաղորդելու առաջին փորձը չէ, բազում նման դեպքեր ունենք, նաեւ հայտարարությունների տեսքով, այդ թվում՝ Ալիեւի մակարդակով: Առանձնահատուկ զարմանալու բան չկա»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ