«Այսoր թեժ է եղել կենտրոնական ուղղությունը: Սկզբում հյուսիսում մարտական գործողություններն ընթացել են հետեւյալ կերպ: Հակառակորդը հարձակողական մի քանի փորձ է արել, հետ է մղվել: Հակառակորդին պատճառվել է զգալի կորուստ: Կիրառվել է ավիացիա, հիմնականում՝ մարտավարական ինքնաթիռներ, որոնք որեւէ կերպ հաջողության չեն հասել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ներկայացնելով իրավիճակն առաջնագծում՝ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Այնուհետեւ կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր եւ առաջանալ, մեր հրետանային դիպուկ կրակից հետ դիմել են փախուստի: Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր»,-հայտնեց նա:
Իսկ հարավային ուղղությամբ, Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, մի քանի օջախային մարտեր են շարունակվել. «Ուղղությունը թեքվել է ավելի դեպի հարավ՝ մոտիկ Արաքսի հունին: Մի քանի տեղերում մեր ԶՈՒ-ն կասեցրել է հակառակորդի բոլոր առաջխաղացումները: Որեւէ խմբավորում որեւէ միլիմետր առաջ չի եկել, բոլորը հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ: Օդուժ շատ չի կիրառվել, չնայած առավոտ խոցվեց մեկ ինքնաթիռ մեր կողմից»: Հովհաննիսյանը հավելեց. «Մարտերը շարունակվում են: Դրանք այնքան թեժ չեն, ինչպես նախորդ օրերին, բայց պահպանում են իրենց աստիճանը: Կիրառվում է հիմնականում հրետանի, շատ քիչ քանակության զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետեւակ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ