ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այդ հանդիպումից, Պոմպեոն ասել է․ «Դուք հարցնում եք, թե կմիջնորդենք մենք արդյոք ևս մեկ հրադադարի համար՝ ակնարկելով, որ նախորդները չեն գործում։ Պետք է ասեմ, որ շատ բարդ վիճակ է «երկրի վրա» և դիվանագիտական առումով նույնպես։ Մեր և գրեթե բոլոր եվրոպական երկրների կարծիքով առաջխաղացման ճիշտ ուղին նախկինի պես հակամարտությանը վերջ տալն է, ապաէսկալացումը։ Ոչ մի երկիր չպետք է միջամտի և կրակին յուղ լցնի այս հակամարտությունում, չպետք է զենք մատակարարի և աջակցություն ցուցաբերի։ Դրանից հետո՝ այդ փուլում, դիվանագիտական լուծումն ընդունելի կլինի բոլորի համար, տեսականորեն դրան կարելի կլինի հասնել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա նաև հավելել է, որ այդ մասին ինքը կխոսի Մնացականյանի և Բայրամովի հետ այս ուրբաթ։
«Հույս ունեմ նրանցից լսել, թե «երկրի վրա» ինչ տեսլական ունեն, ինչպես մենք կարող ենք մոտենալ նրան, ինչը համապատասխանում է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև այդ երկրների շահերին»,- ասել է Պոմպեոն։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ