Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինքս գիտեմ, թե ինչ ցավ է վիրավոր ունենալը». Լոռու մարզային արյան փոխներարկման կայանում հերթերը չեն նվազում. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 21,2020 21:55

Պատերազմի առաջին իսկ օրից յուրաքանչյուր ոք փորձեց իր աջակցությունն ունենալ հաղթանակի գործում: Ոմանք կամավոր շտապեցին սահման, ոմանք էլ՝ շտապեցին դառնալ արյան դոնոր:

Գինոս Մովսիսյանն ասում է, որ սահմանին իր կարիքը դեռեւս չեն զգում, սպասում է, թե երբ են կանչելու, իսկ մինչ այդ, արյուն կհանձնի, քանի որ վստահ է, որ արյան կարիքն ինչ-որ մի զինվոր հաստատ ունի. «Հայտարարությունը կարդացի, որ արյան կարիք կա, որոշեցի ես էլ գամ եւ հանձնեմ: Ցանկացած օգնություն անհրաժեշտ է, մեր զինվորն ամեն օգնության կարիք էլ ունի: Եվ մեր պարտքն է, որպեսզի մենք իրենց կողքին լինենք»:

Սահմանին ընտանիքի անդամ, հարազատ կամ բարեկամ ունեն, թե՞ ոչ, կարեւոր չէ: Բոլորն իրենց զինվորներն են. «Առաջին անգամ, երբ իմացանք, գրանցվեցինք, բայց ասացին, որ դեռ կարիքը չկա: Երեկ զանգեցին, որ մեր օրն է, մենք պատրաստված եկանք: Բոլորս ոգեւորված ենք եկել, որ գոնե այսպես կարողանանք օգուտ տալ մեր բանակին: Մեր զինվորներին ցանկանում եմ՝ փառքով հաղթանակ, եւ որ ողջ ու առողջ վերադառնան: Մենք իրենց շատ ենք սպասում, եւ անհանգիստ ենք իրենց համար: Մեր դպրոցի աշակերտներն էլ են գնացել: Ամեն օր լուրի ենք սպասում, ցավոք նաեւ զոհ ենք ունեցել: Սպասում ենք միայն լավ լուրերի»,- ասում է 24-րդ դպրոցի ուսուցչուհի Հերմինե Ղարագյոզյանը:

Լոռու մարզային արյան փոխներարկման կայանում 20 օրից ավելի է ինչ իրականացնում են կամավոր արյունատվություն: Տնօրեն Հայկանուշ Մարգարյանի խոսքով՝ գրանցվում են՝ թե՛ անհատներ, թե՛ կազմակերպություններ. «Առաջին երկու օրը հերթերն անսահման շատ էին: Եւ՛ մենք, եւ՛ սարքավորումները չէինք դիմանում այդ աշխատանքի ծանրաբեռնվածությանը: Եվ որոշեցին գործընթացը կանոնակարգել: Կատարեցինք հերթագրում, խմբավորեցինք ըստ անհրաժեշտության եւ կանոնակարգեցինք: Եվ հիմա հրավիրում ենք արյունատվության, նախապես մարդկանց պատրաստելով, որպեսզի հակացուցումներ ունեցողները չգան եւ ավելորդ ժամանակ ծախսեն, հերթեր կանգնեն»:

Շատ են եղել մարդիկ, որոնց ինչ-ինչ պատճառներով չի թույլատրվել արյուն հանձնել: Բժշկի խոսքով՝ այդ մարդիկ դա ընդունել են, որպես անձնական վիրավորանք: Մարգարյանն ասում է, որ արյան պահանջարկ միշտ կա, հատկապես նման պատերազմական իրավիճակում. «Արյան կարիք միշտ կա, բայց տարածված խուճապի կարիք չկա: Քանի որ մենք պատրաստում ենք այնպիսի ակտիվ բիոլոգիական նյութ, որը կյանք է փրկում, այն պետք է լինի մաքսիմալ չափանիշներին համապատասխանող: Փոքրիկ առողջական խնդիրը, որը տվյալ մարդու համար աննշան է թվում, կամ փոքրիկ դեղահաբը, որ իրենք մինչ այդ ընդունել են, կարող է մեծ վնասներ հասցնել, թե՛ դոնորին, թե՛ այն հիվանդին, որի համար նախատեսված է մեր բաղադրամասը»:

Արյունատվության համար կա նախատեսված հստակ ժամանակացույց: Մարդիկ կարող են արյուն հանձնել առավոտյան 9-ից մինչեւ 12:00-ն: Ռաիսա Համբարյանը, երբ եկավ արյունատվության, տեղեկացրեցին, որ ժամանակն արդեն լրացել է, սակայն վերջինիս խնդրանքին ընդառաջելով, տիկինը եւս դարձավ դոնոր: Ռաիսայի ամուսինն այս օրերին գլխի շրջանում վիրավորում է ստացել: Դա եւս պատճառներից մեկն է, որ պարտադիր ցանկանում է արյան դոնոր դառնալ. «Կարդացել եմ, որ արյան կարիք կա: Ես ինքս գիտեմ, թե ինչ ցավ է վիրավոր ունենալը, եւ ուզում եմ ես էլ արյուն հանձնել: Հուսով եմ, որ ինչ-որ մեկին էլ ես կօգնեմ: Բոլոր զինվորներին միայն առողջություն ու խաղաղություն եմ մաղթում»:

Արյունատվության են գալիս ոչ միայն Վանաձորից ու հարակից համայնքներից, այլ նաեւ Տավուշի մարզից. «Մենք սերտ համագործակցում ենք՝ Լոռու մարզպետարանի, առողջապահության վարչության եւ Յոլյանի անվան արյունաբանության ինստիտուտի հետ:  Իսկ այս պահին ունենք 200 հերթագրված անհատներ եւ կազմակերպություններ, որոնք մեր ռեզերվն են: Ունենք նաեւ երկրորդ աստիճանի ռեզերվներ, այսինքն մարդիկ, որոնք որոշ ժամանակով ինչ-որ պատճառով արյունատվության հակացուցում ունեն: Իրենց կանչելու ենք 2 կամ 3 ամսի հետո»,- տեղեկացրեց կայանի տնօրենը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031