Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը զորավարժություններ է սկսել. ի՞նչ սպասել Իրանից տարածաշրջանային զարգացումների այս փուլում

Հոկտեմբեր 21,2020 20:35

«Իրանում զորավարժությունների մեսիջն ուղղված է Թուրքիային, Ադրբեջանին և Իսրայելին». Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը

-Տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված հնարավոր համարում ե՞ք քաղաքական հետաքրքրությունների վերադասավորում տարածաշրջանում, մասնավորաբար, Իրանի դերակատարման մասով:

-Ադրբեջանաղարաբաղյան 3-րդ պատերազմը շարունակում է թելադրել տարածաշրջանային նոր քաղաքականություն: Այս պահին հնարավոր եմ համարում զարգացումներ անդրկուլիսյան և պաշտոնական դիվանագիտության մակարդակում:          Իրանի դեպքում, դա, բնականաբար, արդեն իսկ ընթացք է ստացել: Պաշտոնական մակարդակում, պատերազմի առաջին օրերին պահպանվող չեզոքությունն արդեն հասցեական ընթացք է ստացել: Պատերազմի առաջին օրերին Իրանի ԱԳՆ-ն նույնիսկ հայտարարել էր, որ քննարկման փաստաթուղթ ունի, որը կարող է հակամարտության լուծումներ առաջադրել: Ադրբեջանական ԱԹՍ-ների, ինչպես նաև արկերի, հրթիռների Իրանի սահմանամերձ տարածքներում հայտնվելու փաստերը և անգամ վիրավորների առկայությունը, ստիպել են, որ իրանական հայտարարությունները սաստող բնույթ ընդունեն:

-Իրանից հնչած հատկապես ո՞ր հայտարարությունների մասին է խոսքը:

-Իրանը վերջին օրերին պաշտոնական մակարդակով հանդես եկավ մի շարք հայտարարություն-նախազգուշացումներով, ընդգծելով, որ Իրանի կողմից սեփական տարածքներն հակամարտող կողմերից անգամ պատահաբար հրթիռակոծվելու դեպքում, կողմերը համարժեք պատասխան կստանան: Իրանի բոլոր բազմաթիվ նախազգուշացումներից կառանձնացնեի ամենաթարմը՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի կողմից արված: Հայտարարությամբ Իրանն անթույլատրելի է համարում մարդկանց գլխատումները, և հայտարարում, որ չի ընդունում թաքֆիրի ոճով մարդկանց գլխատումները կամ քաղաքների և անմեղ մարդկանց վրա հարձակումները։ Հատկանշական է, որ թաքֆիրի ոճը արմատական իսլամական գաղափարախոսության կրողներինն է, որոնք գլխատում են «անհավատների» խմբերին: Սրանով Իրանը մեղադրում է Ադրբեջանին միջազգային ահաբեկչությունը հովանավորելու գործում: Նման հայտարարությունը պատահական չէ, Իրանը մտահոգություն ունի, որ երկրի հյուսիսում ահաբեկիչների տեղակայումը մեծ խնդիր կարող է ստեղծել: Ընդհանուր առմամբ ահաբեկչության թեման Իրանին խիստ անհանգստացնում է:

-Այսօր Իրանում զորավարժություններ են սկսվում: Ինչո՞վ եք պայմանավորում դրանց անցկացումն այժմ:

-Մի կողմից զորավարժություններն Իրանի նախազգուշացումներն են արդեն կոնկրետ գործողությունների տեսքով: Զորավարժությունների մեսիջն ուղղված է Թուրքիային, Ադրբեջանին և Իսրայելին: Մասնավորապես հոկտեմբերի 18-ին զենքի էմբարգոյի վերացումից հետո Իրանին անհրաժեշտ է ցուցադրել սեփական հնարավորությունները տարածաշրջանում՝ դառնալու զենքի վաճառահանման շուկա և պոտենցիալ գնորդ:

Մյուս կողմից, հոկտեմբերի 21-ին անցկացվող զորավարժությունները դիտարկվում են զսպումների տիրույթում, մասնավորապես ուղղված են տարածաշրջանում լարվածության թուլացմանը: Հատկանշական է, որ զորավարժությունները հենց ՀՕՊ ուղղվածության են: Ըստ պաշտոնական տեղեկատվության մասնավորապես ՀՕՊ զորավարժությունները կմեկնարկեն «Վելայաթ-99 երկնքի պահապանները» կոդային անվանմամբ: Զորավարժություններում կընդգրկվեն հրթիռային համալիրների տարբեր տեսակներ, ռադարներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաեւ կապի համակարգեր, փոքր, միջին և մեծ բարձրությունների վրա օդային սպառնալիքներին հակազդող կապի համակարգեր: Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը ծրագրում են զորավարժությունների ժամանակ օգտագործել կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր:

-Առկա վտանգների պայմաններում տարածաշրջանային զարգացումներն ի՞նչ ուղղվածություն կարող են ստանալ:

-Անհրաժեշտ է նկատել, որ Իրան-ՀՀ տարածաշրջանային համագործակցության նոր մակարդակ է հասունանում, ինչն անհրաժեշտություն է հակամարտության ծավալման պայմաններում: ՌԴ-ն այս ձևաչափում գործնական դերակատարություն կարող է ունենալ՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում նրա շահերը, հետաքրքրություններն ու սպառնալիքներն առավելապես եզրեր ունեն Իրանի և ՀՀ-ի հետ:

Ի դեպ, ՌԴ-ն արդեն իսկ գործնական քայլերի է գնում. Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացումից հետո, Ռուսաստանը կարող է դառնալ Իրանի զենքի ամենամեծ դոնորը, գլխավոր մատակարարը, հաշվի առնելով այն, որ զենք արտահանող մի շարք պետություններ կարող են Իրանին զենք վաճառելու դեպքում հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ: Մյուս կողմից, փաստացի, Իրանը պետք է սկսի իրանական զինտեխնիկայի արտադրության և արդիականացման գործընթաց, որը կարող է իրականացվել Ռուսաստանի միջոցով: Պատահական չէ, որ արդեն իսկ էմբարգոյի վերացման հաջորդ օրը Իրանը և Ռուսաստանը հայտարարեցին Իրանի օդուժի զարգացման համաձայնագրի մասին:

Տարածաշրջանային զարգացումներում բոլոր ջանքերը պետք է ուղղել նրան, որ պատերազմը դուրս չգա հակամարտության առկա սահմաններից, դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ:

Զրույցը՝ Նելլի Գրիգորյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031