Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց ռազմական դրության ժամանակ բանակի կարիքների համար ներմուծող ապրանքները հարկերից ազատելու վերաբերյալ օրինագիծը:
Հիշեցնենք, որ եթե ռազմական դրության ժամանակ ներմուծվող ապրանքները նվիրաբերվում են ՊՆ-ին, առողջապահության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, ապա դրանք ազատվում են հարկերից: Օրինագծի զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրեց՝ «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը մինչեւ երկրորդ ընթերցումն առաջարկել է նշյալ պետական մարմինների ցանկը եւս մեկ գերատեսչությամբ լրացնել՝ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությամբ:
«Տրամաբանությունն այն է, որ նախարարության ենթակայության տակ գործում են այնպիսի կառուցվածքային միավորներ, որոնք նույնպես ստանում են ռազմական դրության տրամաբանությանը համապատասխան ակտիվներ: Առաջարկն ընդունվել է»,-նշեց փոխնախարարը: Արման Պողոսյանի փոխանցմամբ՝ ընդունվել է նաեւ կառավարության առաջարկը՝ ցանկում ներառել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը. «Եղել է, որ ներմուծված ապրանքները հանձնվել են որեւէ մարզպետարանի կամ համայնքապետարանի»:
Կարդացեք նաև
Բաբկեն Թունյանն էլ հայտարարեց՝ ապրանքներ նվիրել ցանկացողներին այս օրենքով տալիս են հնարավորությունը, սակայն ավելի նպատակահարմար է գումար փոխանցել «Հայաստան համահայկական հիմնադրամին» եւ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Ապա` քվեարկությամբ ԱԺ-ն միաձայն ընդունեց օրինագիծը: Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաեւ հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը, որը բանկերին հնարավորություն է տալիս ներելու ռազմական դրության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռքբերած անձանց վարկային պարտավորությունները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ