Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կորոնավիրուս կսկսեն բուժել նաև Գյումրի ԲԿ-ում․ այստեղ կարող են դիմել միայն ուղեկցող հիվանդություններ ունեցողները

Հոկտեմբեր 21,2020 19:11

Գյումրի բժշկական կենտրոնում վաղվանից կսկսեն բուժել կորոնավիրուսով վարակված այն պացիենտներին, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ։ Քանի որ նրանց բուժումը Գյումրու ինֆեկցիոնում կազմակերպելն անհնար է, իսկ մայրաքաղաք տեղափոխելը դժվարացել է, այդ պատճառով Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության և անձամբ Շիրակի մարզպետի միջնորդությամբ առողջապահության նախարարությունը թույլատրել է Գյումրի ԲԿ-ում առանձնացնել 50 մահճակալանոց բաժանմունք։

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։ Նա ասաց, որ նման որոշումը պայմանավորված է  հանրապետությունում Covid 19-ի տարածման ու պատերազմական իրավիճակում հիվանդանոցների ծանրաբեռնվածության հետ։

«Ունենք հստակ ցուցումներ, թե որ դեպքերում պացիենտը կարող է ստացիոնար բուժում ստանալ մեր մոտ, այլ ոչ ինֆեկցիոնում․ նրանք պետք է  պարտադիր ունենան ուղեկցող հիվանդություններ, թթվածնային նորմերը պետք է համապատասխանեն ստացիոնար բուժման կարիքներին։

Այդ հիվանդների համար է ստեղծվում բաժանմունքը, որ մարզի մեջ կարողանանք իրականացնել բուժումը։ Իհարկե, այլ մարզերից ևս կարող են հիվանդներ տեղափոխվել, եթե ունեն ուղեկցող հիվանդություններ»,-ասաց Արմեն Իսահակյանը։

Հիշեցնենք, որ մինչ այս Գյումրի բժշկական կենտրոնում իրականացնում էին տրիաժ՝ միջանկյալ ծառայություն։ Այստեղ  հիվանդանոցային բուժման կարիք ունեցողներին թեստավորում էին, թեստի դրական պատասխանից հետո ուղեկցող հիվանդություններ չունեցող հիվանդներին ուղղորդում էին ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց, որոնք նեղ մասնագիտական բուժման անհրաժեշտություն ունեին, ուղարկում էին երևանյան կլինիկաներ։

«Վիրուսի բուժման գործում մեծ դեր են ունենալու առաջնային օղակները,  որոնց ծանրաբեռնվածությունը ես, իհարկե, հասկանում եմ, բայց շատ դեպքերում շաբաթ-կիրակի օրերին մենք ունենում ենք խնդիր ոչ թեստավորված, ոչ հետազոտված հիվանդների։ Նաև հիվանդների պատճառով է այս ամենը, ոչ միայն առաջնային օղակների, հիվանդներ կան, որոնք յոթ օր տունը բուժվում են, չեն դիմում առաջնային օղակ։ Ցանկալի է, որ յոթ օրվա ընթացքում, երբ ջերմություն են ունենում ու ախտանիշներ, առաջնային օղակը տրիաժ  իրականացնի և շուտ սկսեն բուժումը, որովհետև մենք տեսնում են՝ օրական ավելանում է մահերի քանակը։

Դա խոսում է այն մասին, որ բացիթողի արված դեպքերը շատ են, թոքաբորբը խորանում է, թոքաբորբի հետևանքով այլ բարդություններ են ի հայտ գալիս, պարզ է, որ մենք խնդիր կունենանք։  Այլ բան ասեմ, կան մարդիկ, որոնք օրերի ընթացքում չեն բուժվում, կարող է անցնի 10-11 օր, դիմեն հիվանդանոց, եթե հիվանդանոցում թեստավորումից հետո պատասխանը եղավ բացասական, իրավունք չեն ունենա ստանալ անվճար բուժօգնություն, եթե, իհարկե չունեն արտոնություն։

Իսկ եթե վիրուսը ժամանակին հայտնաբերվում է  ու  թեստի պատասխանը դրական է,  անվճար բուժօգնություն են ստանում։

Դրա համար ևս մեկ անգամ խնդրում եմ՝ աչալուրջ լինել։ Գիտեմ, որ շատ ծանր օրեր են, վիրավորներ ունենք, նահատակված զինվորներ ունենք, որոնց հարազատներին գնում, մեր զորակցությունն ենք հայտնում։ Խնդրում ենք պահպանել այն կանոնները, որպեսզի չնպաստենք նոր օջախների ավելացմանը»,-հորդորում է Արմեն Իսահակյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031