Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինին զայրացնելը ծանր հետեւանքներ է ունենալու

Հոկտեմբեր 21,2020 18:11

Էրդողանը հատել է կարմիր գծեր, Մոսկվայից պատասխան կլինի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ խոսեց Ռուսաստանի հետ համագործակցության մասին՝ նշելով, որ մեր երկրները հնարավորինս բարձր եւ արդյունավետ կերպով փոխգործակցել են եւ փոխգործակցում են իրավիճակից լուծում գտնելու համար՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանը նաեւ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ Հայաստանի ռազմավարական գործընկերը։ «Ես կարծում եմ` այս երկու կարգավիճակի բերումով Ռուսաստանը մինչեւ օրս արել է առավելագույնը եւ սրանից հետո էլ կանի առավելագույնը, սրանում չեմ կասկածում», ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը` որպես Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից։

Իսկ սա հատված է Փաշինյանի՝ իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցից. «Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, եւ հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են, այսինքն՝ միջամտությունները տարբեր կերպ են լինում: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից, որեւէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա, եւ այդ առումով հենց այսպիսին է իրավիճակը: Այսինքն՝ նրանք, ճիշտ է, հայտարարություններ անում են, դիրքորոշումներ հայտնում են, բայց իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չեն կարողանում, դա փաստ է»:

Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել Փաշինյանի երկու ուղերձներից:

Միակ պետությունը, որը Թուրքիային ու Ադրբեջանին իրենց իսկ սանձազերծած լայնամասշտաբ պատերազմում կարող է կանգնեցնել՝ դա ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան են, այլ՝ Ռուսաստանը:

Ավելին՝ դատելով Փաշինյանի ելույթի որոշ նրբերանգներից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը 3 շաբաթից ավելի բավական ակտիվ աշխատում է՝ պաշտոնական Երեւանը գոհ է ռուսական ջանքերի արդյունքներից:

Պատահական չէր, որ Փաշինյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ մոսկովյան այսօրվա այցից եւ Լավրովի հետ բանակցություններից հետո արձանագրեց ռուսական աջակցության կարեւորությունը, ապա նուրբ անցում կատարեց առաջնագծում տիրող իրավիճակին. «Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում։ Այստեղ կա շատ կարեւոր նրբություն. մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները։ Այո, նրանց ռեսուրսները շատ-շատ մեծ են, բայց մեր հերոս զինվորները աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում»։

Նկատենք, որ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում կայացան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի առանձին-առանձին հանդիպումները։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հասնելու ու խնդրի կայուն կարգավորման հետ կապված հրատապ հարցերը։

Այն փաստը, որ Ռուսաստանը կրկին հրավիրեց կողմերին հանդիպման՝ նշանակում է, որ Մոսկվան դժգոհ է հրադադարի պահպանման եւ խոշոր հաշվով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին ջանքերի համատեքստում Էրդողանի ու Ալիեւի՝ պատերազմը շարունակելու քաղաքականությունից:

Այս իրավիճակը երկար չի կարող ձգվել: Ռուսական կողմի ակտիվությունը՝ կրակը դադարեցնելու ուղղությամբ, տապալվում է թուրք-ադրբեջանական շարունակական ագրեսիայով Արցախում եւ հրապարակային սպառնալիքներով. Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները շարունակում են հստակ ու հրապարակային պնդել, որ պատերազմը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք իրենց նպատակները չեն իրագործել, այն է՝ չեն հայաթափել Արցախը:

Ռուսաստանն, անշուշտ, բարդ իրավիճակում է հայտնվել: Ռուսական շրջանակներից անգամ հնչում են Փաշինյան-Ալիեւ հանդիպման կազմակերպման մասին կարծիքներ: Թեեւ թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիեւը նման հանդիպման պատրաստակամություն հայտնել էին, սակայն գոնե այս պահին, երբ Թուրքիան ու Ադրբեջանը հրապարակային հանդես են գալիս որպես պատերազմի շարունակման կողմնակից՝ անհասկանալի է, որ, եթե նույնիսկ նրանք նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ ինչի՞ մասին պետք է ընդհանրապես խոսեն:

Պատահական չէր նաեւ Փաշինյանի ելույթում նաեւ այս դիտարկումը. «Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում ու բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի»: Նա պարզաբանեց. «Բոլոր այն հույսերն, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, պետք է համարենք ավարտված։ Ինչո՞ւ. մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք։ Ի՞նչ է նշանակում փոխզիջում, նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ես ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման, պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է նշաձողից ինչ-որ բան իջեցնի»։

Այսօր ակնհայտ է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները ստանձնել են Ղարաբաղի խնդրի լուծման բացառապես ռազմական ճանապարհին իրենց հավատարմությունը: Իսկ սա մի իրավիճակ է, որ ունենալու է բացասական հետեւանքներ Ալիեւի ու Էրդողանի համար, եւ Ռուսաստանից կլինեն համարժեք քայլեր:

Մոսկվայից՝ ամենաբարձր մակարդակով կրակի դադարեցման կոչերը ուղղված էին ոչ միայն Ալիեւին, այլեւ Էրդողանին, վերջինս, սակայն, կարծես, որոշել է փորձարկել, թե որքան կարող է մխրճվել հետխորհրդային տարածաշրջանում: Ի սկզբանե էլ պարզ էր, որ ինչ-որ պահից Մոսկվան կարձանագրի, կամ՝ գուցե արդեն արձանագրել է, որ Էրդողանը հատել է կարմիր գծեր:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031