Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցություններ, ՀԿ-ներ, քաղաքապետեր, արմատներով արցախցիներ, բոլորը դեպի ռազմաճակատ․ վարչապետի կոչն է

Հոկտեմբեր 21,2020 17:54

«Այսօր եւ այս ողջ ընթացքում բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունն ու փոխգործակցությունը։ Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից։ Կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջեւ եւ մենք հնարավորինս ամենաբարձր եւ արդյունավետ կերպով փոխգործակցել ենք եւ փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար»,-այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝  Արցախի խնդիրն այս փուլում եւ դեռ երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի եւ չի ունենալու, քանի որ Ադրբեջանն, ի տարբերություն մեզ, զիջման չի գնում։ Եվ ուստի, ինչպես ասաց վարչապետը, մեր անելիքն է՝ պայքարել մինչեւ վերջ․ «Պայքարել անմնացորդ, անսասան, մեր ժողովրդի իրավունքների համար, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել։ Այսօր Ադրբեջանի դիրքորոշման համատեքստում պայքարել մեր ժողովրդի իրավունքի համար նշանակում է՝ առաջին հերթին զենք վերցնել եւ նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին եւ այս գործընթացն արդյունավետ կազմակերպելու եւ շարունակական, ըստ անհրաժեշտության, այնքան, որքան հարկավոր է»։ Այս պարագայում մենք կկարողանանք, ըստ Փաշինյանի, հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման, որովհետեւ, ըստ էության, Ադրբեջանն ասում է՝ որեւէ այլ բանի, բացի Արցախի կապիտուլյացիայի, համաձայն չէ։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ առանց Արցախի չկա Հայաստան, եւ սա ամբողջ հայ ժողովրդի պայքարն է։ Այս համատեքստում, նա կոչ արեց բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին՝ ստանձնեն լիդերություն եւ ձեւավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը․ «Եվ այդ ջոկատները պետք է դրվեն գլխավոր շտաբի տրամադրության տակ եւ ջոկատի ձեւավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, որը նշանակում է, որ նրանք պետք է ամուր կանգնեն այն տեղում ու իրականացնեն խնդիրն, որն իրենց առաջ կդնեն։ Սա շրջադարձային պահ է, որովհետեւ մենք ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, եւ դա տեղի է ունեցել այն պայմաններում, որ եղել է տրամադրություն, որ ինչ-որ տեղ կան մարդիկ, որոնք կկանգնեն մեր ժողովրդի իրավունքի, անվտանգության պաշտպանության դիրքերում, բայց էդ մարդը ես չեմ, երեւի ինչ-որ տեղ կան ազատամարտիկներ, ֆիդայիներ եւ այլն։ Այսօր կան այսպիսի մարդիկ»։

Վարչապետը նաեւ կուսակցություններին, ՀԿ-ներին, քաղհասարակության ներկայացուցիչներին կոչ արեց կամավորագրվել, զենք վերցնել ու գնալ ռազմաճակատ ու կանգնել հերոսների կողքին կամ նրանց տեղը եւ հասնել մեկ նպատակի՝ հաղթանակին։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ առաջնագծում բավականին բարդ իրավիճակ է, Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում․«Հակառակորդը մարտի դաշտ է նետում իր վերջին ռեզերվները, այո, նրանց ռեսուսրները շատ-շատ են, բայց մեր հերոսական զինվորները աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում»։

Ըստ վարչապետի, հակառակորդը ահռելի քանակի զինտեխնիկա, զրահատեխնիկայի կորուստներ ունի, մեկ միլիարդ դոլարից էլ անցնում է։

ՀՀ վարչապետն ասաց ՝ հիմա ժամանակն է, որպեսզի մեկ փաթեթով տարիներով կուտակված խնդիրը լուծենք, նույնիսկ ոչ թե վերջին երեսուն տարվա խնդիրը, այլ ՝ հինգ հարյուր տարվա։

Արմատներով արցախցի ուսանողներին, գործարարներին վարչապետը կոչ արեց վերադառնալ հայրենիք, Արցախ, զինվորագրվել ու մեկնել ճակատ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031