Լրահոս
Օրվա լրահոսը

«Արկադին այնքան հսկա էր, որ զինվորական ոչ մի հագուստ չէր եղել հագին»․ Բասենի նահատակված հովվի մասին

Հոկտեմբեր 21,2020 17:29

Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական սանձազերծած ահաբեկչական պատերազմի ժամանակ նահատակվել է նաև Շիրակի մարզի Բասեն գյուղի հովիվը՝ 37-ամյա Արկադի Բաղդասարյանը։ Նա երեք անչափահաս երեխաների հայր էր։

Բասենի Ռաշիդ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Թեհմինա Սոլախյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Շատ լուսավոր տղա էր Արկադիկը, գյուղի ժողովուրդն ասում էր՝ թող խոպան չգնա Արկադիկը, որ անասուններին արոտ տանի։ Երևի միայն իր ոտքերին ու բազուկներին այդքան ուժ կար, որ օրական 30 կիլոմետր սար բարձրանա։ Տղաներին սկզբում տարել էին ուսումնական վարժանքի, նոր մարտի դաշտ, ու քանի դեռ նրանք Արցախ չէին մեկնել, ամեն իրիկուն հաց էին տանում։ Էնքան հսկա էր, որ ոչ մի զինվորական հագուստ չի եղել հագին, Արկադին Տորքն էր բայց ոչ Անգեղ, շատ սիրուն էր․․․ Տղերքն եկել, ասում էին՝ Արկադն անշոր է մնացել, պատվիրում էին, պատվերը գալիս էր, նորից Արկադիի հագին չի լինում։

Արկադի Բաղդասարյան

Ինքն էլ էր գյուղի հոգսը ուսերին տարած, անձայն։

Անմահացան մեր Բասենի հինգ տղաները (22-ամյա Գևորգ Կանդալյանը, 21-ամյա Դավիթ Ղազարյանը, որը սպորտսմեն էր, Մարտին Ներսիսյանը, գյուղի դարբինը՝ Պերճ Անտոնյանը, որը չորս երեխաների հայր էր, 37-ամյա հովիվը՝ Արկադի Բաղդասարյանը, Ա․ Ն․)։

Հինգերորդը՝ Մարտին Ներսիսյանը մեր դպրոցում չի սովորել, բայց իրեն հիշում եմ փոքր հասակից, երբ դեռ գյուղում էին ապրում։ Կապուտաչյա, շիկահեր, այնքան աշխույժ, այնքան չար, ժիր երեխա էր։ Ասել են՝ շտապ կամավորներ են պետք, ինքն առաջինն է գնացել՝ բացարձակ չմտածելով, թե ինչ կլինի իր հետ։ Չէինք ուզում, որ հերոսանային մեր տղաները, թող մեր Պերճը զոդող մնար, Արկադիկը անասուններին սար տաներ, թող բոլորը մնային իրենց գործին, Դավիթս ու Գևորգս էլ թող փեսաներ դառնային, հայր դառնային մեր երկրի համար․․․»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031