Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայությունը Դոնալդ Թրամփի եւ նրա որդու նկատմամբ հայցեր պետք է ներկայացնի դատարան. Արբակ Խաչատրյան

Հոկտեմբեր 21,2020 16:23

«Մեզ համար սուրբ համարվող, ազգի լինելիության համար մղվող պատերազմն ու մեր որդիների անմեղ արյունը երբևէ ու ոչ մեկի կողմից չպիտի դառնա շահարկման առարկա: Երկիրը թալանած գործիչները համազգային ամնիստիայի ու հրապարակային ապաշխարման փոխարեն, «լժեհայրենասիրության» միջոցով իշխանափոխության չպիտի հասնեն: Ազնիվ լինելու դեպքում էլ ազգի սերուցքը համարվող զոհված տղեկների գերեզմանների առջև պիտի խոստովանեն, որ այս սպանդի մեջ իրենց մեղսակցությունն էլ կա, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում նրանք հայրենի երկրի սահմանների փոխարեն «ամրացրել» են սեփական ապարանքների պատերը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց վերլուծաբան Արբակ Խաչատրյանը՝ հրատապ կարգով ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ ձեւավորելու առաջարկին:

Հիշեցնենք, հայաստանյան 13 կուսակցություն օրերս հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին: Ավելի ուշ, ևս երեք կուսակցություն միացավ հայտարարությանը:

Ավելի վաղ, «Առավոտին» տված հարցազրույցում Արբակ Խաչատրյանը մեկ այլ գաղափար էր առաջարկել՝ Արդարության խորհրդի ստեղծում: Հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է կուսակցությունների համատեղ հայտարարությունը համատեղելի իր առաջարկի հետ կամ, առհասարակ, ինչպե՞ս է վերլուծաբանը վերաբերվում կուսակցությունների այդ հայտարարությանը:

Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ ավանդապաշտ Անգլիայի երդվյալների դատարանում ձևավորված ավանդույթ էր գործում. երդվյալները կարևորագույն վճիռներ կայացնելուց առաջ այցելում էին գերեզմաններ ու մտորման համար այնտեղ անցկացնում մի քանի ժամ: Կյանքի անցողիկության ու հավերժի գոյության միտքն էլ նպաստում էր նրանց՝ խղճի մտոք որոշումներ կայացնելուն: Այս համատեքստում պատասխանելով Aravot.am-ի հարցին, Արբակ Խաչատրյանն ասում է. «Ի վերջո նրանք պիտի գիտակցեն, որ երկրի վայրագ հոշոտման հաշվին կուտակած աստղաբաշխական միջոցները՝ դղյակներ ու թանկարժեք մեքենաներ դառնալու փոխարեն, պիտի ծառայեին Հայաստան երկրի բարգավաճմանն ու ամրապնդմանը: Միով բանիվ՝ երաշխավորված ապագային»: Սրանով հանդերձ, մեր զրուցակիցը գտնում է, որ հիմա տեղին չէ այս մասին խոսելը, քանի որ կրակից փրկվել հիմա էլ «ցեխաջուրն» ենք ընկել. «Իշխանության ղեկը ստանձնած նորերն էլ՝ լավ չմոռացված հներին են հիշեցնում: Իմ համոզմամբ, նրանց վարքը չի կարող նպաստել ստեղծված վիճակի բարելավմանը: Սակայն այս մասին տեղին չէ խոսելը նաև այն պատճառով, քանի որ դեռ չի եկել «քարերը նետելու և քարերը հավաքելու, այլ կերպ՝ Օրենքից զորեղ Արդարության և Արդարադատության հաստատման ճշմարիտ ժամանակը»: Իսկ որ այն գալու է՝ կասկածից վեր է: Աստված բոլորին դատավոր…»

Անդրադառնալով արդեն 25 օր շարունակվող պատերազմին եւ դրա դրդապատճառներին, մեր զրուցակիցը նկատում է, որ օգտվելով ստեղծված իրավիճակից և արևմտյան պետությունների կողմից Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներից, Թուրքիան փորձում է հնարավորինս մեծացնել իր կշիռն ու դերակատարությունը ոչ միայն Հարավկովկասյան տարածաշրջանում, այլև Սևծովյան ավազանում՝ ակնկալելով Ուկրաինայի աջակցությամբ պայքար Ռուսաստանի դեմ և Ղրիմի շուտափույթ վերադարձ իր տիրապետություն: «Ինչպես ասում են՝ «Ժամանակները փոփոխական են, հավերժությունն է անփոփոխ»: Թուրքիան վերստին համաշխարհային խաղացողի հայտ է ներկայացնում՝ ի ցույց դնելով Ադրբեջանի տարածքից հայկական դիրքերի ուղղությամբ սլացող, նաև խաղաղ բնակավայրերի գլխին թափվող իր ոչ ամբողջ զինանոցի «դաստիարակչական» հզորությունը»:

Այս զարգացումներում, մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մեծաթիվ ավերածությունների եւ հազարավոր զոհերի պատճառ դարձած զինատեսակների մի մասը՝ ՆԱՏՕ-ի կազմում թվաքանակով ու զորությամբ երկրորդը համարվող թուրքական բանակի ներկայացուցիչներն են կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի «անունից» կիրառում Արցախի հանդեպ, ինչը արվում է առանց նույն այդ ռազմական բլոկի գործընկերների իմացության ու թույլտվության: «Դա սկսել են հաստատել նաև եվրոպական և ռուսական իրազեկ աղբյուրները: Իսկ եթե դա այդպես է, ապա ստացվում է, որ կամ Թուրքիան ինքնագլուխ է գործում եւ հայտնի անեկդոտի հայտնի արտահայտությամբ «հարսի հետույքով» լավություն անում կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին, քամահրելով ՆԱՏՕ-ի ներքին՝ առանց իր գիտության ու հրահանգի զինական արսենալի կիրառությունն արգելող պահանջը, կամ էլ, դա արվում է արևմտյան պետությունների գիտությամբ՝ ի հեճուկս ռազմական հակառակորդ համարվող Ռուսաստանի գլխավորությամբ ստեղծված ՀԱՊԿ-ի, որի անդամ է համարվում նաև Հայաստանը»:

Թե ի՞նչ հեռահար նպատակ է հետապնդում այդ սադրանքը, մեր զրուցակցի գնահատմամբ՝ դժվար չէ կռահելը. «Իսկ թե նման պարագայում ի՞նչ վարք պիտի դրսևորի աքցանների մեջ հայտնված հայությունը ըստ իս, պատերազմող հայրենակիցներին հումանիտար օգնություն հասցնելուց առավել կարևորը, աշխարհասփյուռ հայության կողմից երկրագնդի տարբեր ծագերում կիրառվելիք նպատակային ռազմավարությունն է: Եթե Թուրքիան արգելում է իր տարածքով Արցախին հումանիտար օգնություն հասցնող օդանավերի թռիչքը, ապա ամերիկահայությունն էլ, ապավինելով անկաշառի համարում ունեցող ամերիկյան դատական համակարգի անաչառությանը՝ հայտնի փաստաբանների միջոցով իրողության հանդեպ աչք փակող Դոնալդ Թրամփի ու նրա՝ զենքի մատակարարման մեջ մասնագիտացած սիրասուն որդու հանդեպ դատական հայցեր պիտի ներկայացնի դատարան: Հարկ է պարզել, թե այդ ինչպե՞ս է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկիրն առանց ռազմաքաղաքական հիշյալ բլոկի մյուս անդամների գիտության ռազմատեխնիկա կիրառում այլ երկրի նկատմամբ: Իմ խորին համոզմամբ՝ եվրոպահայությունն էլ նույն պահանջով բողոքի շարունակական ակցիաներ պիտի անցկացնի Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ: Հայաստանի հանրապետության սահմաններին և Արցախի ողջ երկայնքով ծավալված, մարդկային մեծ կորուստներով ուղեկցվող պատերազմն ընթանում է քաղաքակիրթ որակված, մարդուն իբրև արժանապատիվ կյանքի և համընդունելի արժեհամակարգի առանցք դիտարկող երկրների աչքի առջև: Երկրներ, որոնք, ցավոք սրտի, շարունակում են տուրք տալ երկակի ստանդարտների քաղաքականությանը: Մարդու իրավունքների պաշտպանության մեջ հմտացած Արևմուտքը, չգիտես ինչու, քար լռություն է պահպանում Թուրքիայի և Ադրբեջանի հովանու ներքո գործող ԻԳԻԼ-ի ահաբեկիչների և տարածաշրջան սողոսկած վարձկանների հանդեպ: Զավեշտական չէ արդյոք, երբ մեկ մարդու, տվյալ դեպքում՝ Նավալնու հանդեպ արևմտյան երկրների կողմից դրսևորվող «սրտացավությունն» ավելին է, քան մի ժողովրդի երիտասարդ հատվածի հանդեպ օրը ցերեկով իրականացվող սպանդի դատապարտումը: Սա է, որ մտորելու և մտահոգվելու առիթ պիտի տա ահաբեկչության դեմ կռիվ հայտարարած արժանապատիվ հանրությանը»:

Մեր զրուցակիցը նկատում է, որ այս ամենում դրսեւորվեց շատ կարեւոր մի հանգամանք՝ չափերն անցած, քաղաքակիրթ երկրների անուղղակի աջակցությունը վայելող Էրդողանին՝ համաշխարհային հանցագործ ճանաչելու անհրաժեշտության հրամայականը. «Սա ոչ միայն աշխարհասփյուռ հայության, այլև առողջ բանականության, խղճի ու խղճմտանքի վերջին փշուրները չկորցրած քաղաքակիրթ աշխարհի խնդիրը պետք է դառնա: Քանի որ եկել է մարդուն կենդանուց վերջնականապես տարբերակելու ժամանակը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031