Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդեն ներմուծված ապրանքը բոյկոտելը ճիշտ չէ, պետք է սպառվի, որ տնտեսվարողները չկանգնեն խնդրի առաջ, բայց նոր շուկաներ արդեն փնտրում ենք

Հոկտեմբեր 21,2020 15:48

Այսօր ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրման արգելքին, ասաց. «Տնտեսական հնարավորությունը շատ ավելի ստորադասվում է այն քաղաքական եւ ազգային անվտանգության խնդիրներին, որոնք որ այս պարագայում կան: Թուրքական ագրեսիան աշխարհում գնալով ահագնանում է, որն արժենում է մարդկային կյանքեր: Մեր տնտեսությունը եւս պետք է առաջամարտիկներից լինի, որպեսզի չնպաստի այն գումարների գեներացմանը, որոնք արժենում են մարդկային կյանքեր՝ հատկապես հայ զինվորի կյանք: Տեսնում ենք, որ նաեւ թուրքական արտադրության զինատեսակներով են խոցվում»:

Այդ թեմայով առցանց քննարկումը կազմակերպել էր «Մեդիա կենտրոնը»: Հիշեցնենք, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է դեկտեմբերի 31-ից 6 ամսով արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։

Ի՞նչ լուծումներ են առաջարկվում հարցին, քննարկման մասնակից Ֆրանսիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի տնօրեն Արուսյակ Հայրապետյանը պատասխանեց, որ իրենք առաջարկում են ֆրանսիական եւ եվրոպական արտադրողների հետ կապեր ստեղծել «Խոստանում ենք, որ կկարողանանք այնպիսի առաջարկ անել, որը հայ սպառողին կբավարարի: Թուրքական ապրանքների մեծ մասը կեղծված է, ավելի անորակ, երբեմն նաեւ առողջության համար վտանգավոր: Եվ այդպիսի ապրանքներով նրանք արգելափակում են նորմալ արտադրանքի մուտքը Հայաստան: Սա կխթանի շուկայում որակյալ ապրանքների լավացմանը, որակի բարձրացմանը»: Արուսյակ Հայրապետյանն ասաց, որ կառավարությանն առաջարկել են նվազեցնել եվրոպական երկրներից եկող մաքսատուրքերը՝ փոխարենն ավելացնել Թուրքիայից եկող ապրանքների մաքսատուրքերը:

Արտակ Մանուկյանը գտնում է, որ արդեն ներմուծված ապրանքը բոյկոտելը ճիշտ չէ, պետք է սպառվի, որ տնտեսվարողները չկանգնեն խնդրի առաջ: Նրա խոսքով, գործընթացը աստիճանաբար պետք է լինի, որ տնտեսվարողն այդ ընթացքում ոչ թե նոր ապրանք ներկրի, այլ նրան աջակցեն, որ ունեցածը սպառի:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայից ներմուծումը կազմում է 280 միլիոն դոլար:

Արտակ Մանուկյանի խոսքով, շուկայում կա 4000 ներմուծող, որոնք ժամանակավոր դժվարություն են ունենալու, բայց քայլեր են ձեռնարկվում, որ այդ ամենն անցնցում լինի եւ կարճ ժամանակահատված տեւի եւ հայրենական ապրանք արտադրողները կարողանան այդ բացը լրացնել:
Նա հայտնեց, որ նախագիծը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ին:

Հայ-բելգիական առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Ֆելիքս Փայտյանի խոսքով, Հայաստան եկող տեքստիլի գերակշիռ մասը թե՛ հումքի թե՛ պատրաստի արտադրանքի տեսքով, ներկրվում է Թուրքիայից: «Կառավարությունը պետք է աջակցի, որպեսզի առեւտրի պալատները օգնեն գործարարներին կապեր հաստատել այլ երկրների հետ: Մենք պատրաստ ենք աջակցել բոլոր այն տնտեսվարողներին, որոնք աշխատում են Թուրքայի հետ, որպեսզի վերապրոֆիլավորվեն եւ այլ երկրների հետ սկսեն աշխատել»,-ասաց Ֆելիքս Փայտյանը:

Եվրոպական առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան ասաց, որ եվրոպական շուկաների հետ աշխատելու դժվարություններ կան: Նրա կարծիքով, եվրոպական շուկային ավելի լավ այլընտրանք կարող է լինել ԵԱՏՄ շուկան, որովհետեւ ապրանքներն ավելի էժան են, ճանապարհային ծախսերն էլ ավելի քիչ. «Ես չեմ ասում Եվրոպայի հետ չաշխատենք, մենք եվրոպական պալատներ ենք եւ կանենք ամեն ինչ, որպեսզի այդ կապերը հաստատենք եւ աջակցենք մեր տնտեսվարողներին, բայց մենք պետք է զուգահեռ նայենք Ռուսաստան, Բելառուս, Չինաստան եւ պիտի օգտագործենք այն կապերը, որոնք գոյություն ունեն եւ գործարարներն արդեն օգտագործում են: Ռուսական եւ բելառուսական ապրանքները ոչնչով չեն զիջում նույն եվրոպականին, որոնք այո որակով են, բայց շատ ավելի թանկ են»:

Արձագանքելով եվրոպական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնելու առաջարկին, Արտակ Մանուկյանն ասաց, որ Հայաստանը ԵԱՏՄ գործընկեր է եւ այդ մասին ամեն տարեվերջին քննարկումներ իրականացվում են փոխզիջումային տարբերակով: Ըստ նրա, կբարձրացնեն այդ հարցը, որ մաքսատուրքերը վերանայվեն, բայց, եթե լինի գոնե մեկ երկիր, որը դեմ կլինի դրան, ապա չի կարող կենսագործվել, որովհետեւ միասնական տնտեսական տարածք է, միասնական սակագնային կարգավորումներով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031