Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Զենք՝ նավթի դիմաց» մահաբեր շղթայում Ադրբեջանի՝ ԵՄ անդամ երկրորդ խոշոր գործընկերը Գերմանիան է, հաջորդը՝ Իսպանիան. Թադևոս Ավետիսյան

Հոկտեմբեր 21,2020 15:37

Մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական մարդակեր տանդեմի ակտիվացումը և պատերազմների պարբերաբար սանձազերծումը իրական սպառնալիք են տարածաշրջանային բոլոր երկրների արտաքին անվտանգության և կայուն զարգացման տեսանկյունից:

Այս պատերազմները սնող հիմնական ռեսուրսը Ադրբեջանի նավթն ու գազն են, որի հիմնական մասը փոխանակվում է տարբեր զինատեսակներով:

Ադրբեջանի արտաքին մահաբեր առևտրի առաջնային խոշոր գործընկերներն են՝ Իտալիան, Գերմանիան և Իսպանիան: Այս երեք երկրներին միասին բաժին է հասնում ադրբեջանական նավթի և գազի արտահանման գրեթե 40 տոկոսը, որը կազմում է տարեկան շուրջ 7,3 միլիարդ ԱՄՆ դոլար:

Այս երկրներից Ադրբեջանի ընդհանուր ներմուծումը կազմում է տարեկան շուրջ 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար, որը գրեթե 7 անգամ զիջում է արտահանմանը (աղբյուրը):

Վաղուց արդեն հայտնի փաստ է՝ այս երկրները Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներն են ԵՄ տարածքից: Դեպի այս երկրներ ադրբեջանական նավթի և գազի արտահանման և այս երկրներից Ադրբեջանի երևացող ընդհանուր ներմուծման տարբերությունը (տարեկան միջինը՝ 6,2 միլիարդ ԱՄՆ դոլար) որոշակիորեն բնութագրում է այս երկրներից Ադրբեջան մատակարարվող զենքի ծավալները՝ «զենք նավթի դիմաց» շղթայով:

Հաշվի առնելով այս երեք երկրներից Ադրբեջանի ներմուծման անհամեմատ փոքր երևացող ծավալները՝ կարելի է ենթադրել. այս երկրները ադրբեջանական նավթի ու գազի դիմաց՝ ընդհուպ մինչև 80-85 տոկոսի չափով Ադրբեջանին մատակարարում են սեփական արտադրության զինատեսակները:

Բնականաբար, Ադրբեջանի արտաքին տնտեսական գործընկեր այս երկրները ստանում են տնտեսական գերօգուտներ: Վերջինիս ընդհանրական գնահատման տեսանկյունից հատկանշական են նաև հետևյալ իրողությունները՝

  • ադրբեջանական նավթի ու գազի արտահանման գները առնվազն 10-20 տոկոսով զիջում են միջազգային շուկաներում ձևավորվող համապատասխան գներին, և նշված շեղումը պատերազմական այս օրերին առավել խորանում է,
  • զենքի միջազգային առևտուրն ինքնին գերշահույթներ ապահովող բիզնես է, որի նվազագույն շահութաբերությունը՝ տարբեր գնահատումներով տատանվում է 30-50 տոկոս միջակայքում:

Այսպիսով, ամենահամեստ գնահատումներով ստացվում է՝ Իտալիան, Գերմանիան և Իսպանիան Ադրբեջանի հետ մահաբեր առևտրից ընդհանուր առմամբ ստանում են տարեկան առնվազն 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի գերօգուտներ՝ պարբերաբար ականատեսը լինելով դրա անմարդկային իրական հետևանքներին:

ԱդրբեջանԻտալիա մահաբեր առևտրի ընդհանրական գնահատումների ամփոփ արդյունքները հրապարակել ենք օրերս:

Ադրբեջանական նավթի և գազի հինգերորդ խոշոր ներկրողն աշխարհում և երկրորդը ԵՄ-ում (Իտալիայից հետո) հանդիսանում է Գերմանիան՝ տարեկան շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող ծավալով:

Հատկանշական է նաև այն, որ 2016թ. ապրիլյան քառօրյա և 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմներին նախորդող ժամանակահատվածում ադրբեջանական նավթի և գազի արտահանումը դեպի Գերմանիա գրանցել է թռիչքաձև աճ: Մասնավորապես, 2011-2019թթ. տարեկան միջին արտահանումը շուրջ 100 անգամ գերազանցել է 2010թ. ցուցանիշը: Ի դեպ, ամենաբարձր աճերը գրանցվել են պատերազմներին նախորդող 1-2 տարիներին:

Ադրբեջանական նավթի և գազի ութերորդ խոշոր ներկրողն աշխարհում և երրորդը ԵՄ-ում (Իտալիայից և Գերմանիայից հետո) հանդիսանում է Իսպանիան՝ տարեկան շուրջ 705 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով: Այստեղ ևս հատկանշական է՝ պատերազմներին նախորդող 1-2 տարիներին ադրբեջանական նավթի ու գազի արտահանումը դեպի Իսպանիա աճել է շեշտակի: Մասնավորապես, 2014-2019թթ. տարեկան միջին արտահանումը շուրջ 3,5 անգամ գերազանցել է 2010-2013թթ. համապատասխան ցուցանիշը:

Կարելի է ամփոփ եզրակացնել.

տնտեսական այս գերօգուտները, հակադրվելով նաև եվրոպական արժեհամակարգին, փաստացի պատճառ են դառնում այն իրողության, որ Իտալիան, Գերմանիան և Իսպանիան շարունակում են իրենց մահաբեր առևտուրը Ադրբեջանի հետ, իսկ օրերս էլ դեմ արտահայտվեցին Հունաստանի առաջարկին, որն ուղղված էր Թուրքիայի նկատմամբ ԵՄ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը:

Եվ վերջում.

տնտեսական այս գերօգուտները ծնում են աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներ՝ ներկայումս հայ ժողովրդի համար փաստագրվող անմարդկային հետևանքներով:

Իսկ շարունակության դեպքում՝ այս մարտահրավերներն ու հետևանքներն անխոս տեղափոխվելու են նաև այլ տարածաշրջաններ ու երկրներ …

 Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031