Նախատեսված է ՀՀ արտգործնախարարի այցը ԱՄՆ: Այսօր այս առնչությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ պատասխանեց. «Այս պահին արտգործնախարարը գտնվում է Մոսկվայում, այսօր տեղեկություն եղավ, որ Ադրբեջանի արտգործնախարարը նույնպես ուղեւորվել է Մոսկվա: Իմ ակնկալիքը հետեւյալն է՝ հոկտեմբերի 10-ին ՌԴ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնության, այնուհետեւ նաեւ Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ հայտարարված հումանիտար զինադադարի վերաբերյալ համաձայնության կայացումը, ուրիշ ակնկալիք այդ հանդիպումից ես չունեմ: Այսինքն, բան են պայմանավորվել Մինսկի խմբի համանախագահ երկրի հովանավորությամբ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ ՌԴ-ի հրավերով եւ հետեւաբար, ՌԴ-ն այստեղ ունի պոզիտիվ պարտավորություն՝ պարտադրելու այդ պայմանավորվածության իրագործումը, ինչի մասին ես խոսում եմ արդեն 10 օրից ավելի»:
Հարցին՝ ինչպե՞ս պարտադրել, երբ պայմանավորվածություն է ձեռք բերվում ու չի պահպանվում՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես պարտադրելու մեջ նաեւ տեսնում եմ ուժ կիրառել, որովհետեւ բոլոր իրավական հիմքերը կան ուժ կիրառելու: Խոսքը գնում է հակատեռորիստական որեւէ գործողություն անելու մասին: Գիտեք որ տեռորիստներին հարվածելը համարվում է լեգիտիմ թիրախ ու այս առումով բոլոր իրավական հիմքերը ՌԴ-ի կողմից վերջին 20 օրվա ընթացքում ձեւավորված են, որ նման գործողություն իրականացվի: Պետք է այդ ուղղությամբ աշխատանք տարվի: Ամեն դեպում, եթե այսօր երկու արտգործնախարարներն էլ մեկնել են Մոսկվա, ենթադրում եմ, որ ինչ-որ բան լինելու է: Պետք է այնպես լինի, որ անպայման ձեռք բերված պայմանավորվածությունը պահպանվի»:
Հարցին՝ Փաշինյանը եւ Ալիեւը եւս պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում, սա ի՞նչ կարող է փոխել, հնարավո՞ր է խոսել հետագա բանակցությունների մասին՝ Մարուքյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ քանի դեռ ռազմական գործողությունները գոնե հումանիտար հրադադարի ձևաչափով չեն կայացել, կարող է լինել Փաշինյան-Ալիեւ հանդիպում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ