Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան մոտ բողոքի ցույցի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՀՀ-ում Իտալիայի դեսպանատուն: Այս պահին ցուցարարներն իրենց պահանջն են բարձրացնում Իտալիայի դեսպանատան առաջ: Նրանք վստահեցրին՝ Իտալիայի դեսպանատան լռությունը հաստատ կոտրելու ենք:
Ցուցարարները պահանջում են տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Նրանք սպասում են, որ Իտալիայի դեսպանատնից իրենց արձագանքեն: Ցուցարարները հայտարարում են՝ մեկ է, օրը կգա, պատասխան եք տալու, դուրս եկեք:
Կարդացեք նաև
Հայերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն լեզուներով խաղաղ ցուցարարները հորդորում են դեսպանատան աշխատակիցներին դուրս գալ իրենց սենյակներից, կանգնել հայերի կողքին և հորդորել իրենց պետություններին քայլեր ձեռնարկել դատապարտելու համար Թուրքիային և Ադրբեջանին:
Ցուցարարները Իտալիայի դեսպանատան մուտքի մոտ Հայաստանի դրոշ ամրացրին:
Իտալիայի դեսպանատան առաջ երգեցին «Զարթիր լաո», «Գինի լից» երգերը, ՀՀ օրհներգը: Հետո նրանք փակեցին փողոցը և թույլ էին տալիս անցնել այն մեքենաներին, որոնք ազդանշան էին տալիս և աջակցում իրենց: Ցուցարարները այս քայլին որոշեցի դիմել, որ Իտալիայի դեսպանատան աշխատակիցների ուշադրությունը գրավեն:
Ցուցարարները հայտարարեցին. «Սա նշանակում է, որ ձեր լռությունն աջակցություն է Թուրքիայի վարած քաղաքականությանը: Ոչ մի քաղաքակիրթ երկիր իրավունք չունի լռելու, սա համաշխարհային խայտառակություն է: Այսօր ՀՀ սահմաններում կատարվում է պատերազմական հանցագործություն իր բոլոր տեսակներով, արգելված զենքեր են կիրառվում քաղաքացիական բնակչության նկատմամբ, ինչի վրա աչք է փակում աշխարհը: Աշխարհ, ինչպե՞ս ես դու արձագանքելու, ի՞նչ ենք պատմելու մեր սերունդներին, դուք թույլ եք տալիս, որ մենք ևս մեկ անգամ կանգնենք ցեղասպանության առաջ:
Վերջապես դեսպանատնից արձագանքեցին ցուցարարներին: Տեղեկացրին, որ դեսպանը տեղում չէ և հայտնեցին, որ որոշ ժամանակ անց կտեղեկացնեն իրենց դիրքորոշման մասին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ