Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմում Իրանի ներգրավման նախադրյալներ առայժմ չկան. Գարիկ Միսակյան

Հոկտեմբեր 21,2020 12:55

Արցախի եւ Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմին Իրանի ներգրավվածության համար այս փուլում նախադրյալներ չկան: Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում այսօր կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը:

Իրանը միակ պետությունն է, որը ցամաքային սահմաններ ունի այս պատերազմում ներգրավված բոլոր պետությունների հետ՝ ՀՀ-ի, Արցախի, Ադրբեջանի եւ Թուրքիայի: Այս պատերազմի արդյունքում Իրանի հյուսիսային սահմաններում լարվածություն է ստեղծվել, որը Իրանի՝ պատերազմներն իր սահմաններից հեռու պահելու քաղաքականությանը դեմ է: Ըստ իրանագետի, ավանդաբար, Իրանի հյուսիսային սահմանը եղել է ամենաանվտանգներից մեկը եւ դա միշտ բարձր է գնահատվել Իրանի կողմից: Այժմ Թուրքիայի եւ ահաբեկիչների գործոնով պայմանավորված՝ Իրանի թե քաղաքական, թե ռազմական իշխանության շրջանում անհանգստություն կա, ինչը հանգեցրեց հյուսիսային սահմաններում զորքերի կուտակման:

Երեկ Իրանի ԱԳ նախարարի խոսնակը հայտարարեց , որ ջիհադիստական ոճով մարդկանց գլխատումն իրենց համար անընդունելի է՝ խոսելով հայ զինվորին ադրբեջանցիների կողմից գլխատելու սոցցանցերում տարածված լուսանկարի մասին: Հարցին՝ Իրանի անհանգստությունները գործողություն կդառնա՞ն, իրանագետը պատասխանեց, որ Իրանի ԱԳՆ խոսնակը հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին, որ նման ոճն իրենց համար անընդունելի է: Սակայն, այս փուլում, այս պատերազմում, Իրանի ներգրավվածության համար նախադրյալներ չկան: Պատերազմն ուղղված է Հայաստանի եւ Ադրբեջանի դեմ ու, ըստ բանախոսի, մենք մեր ուժերով առայժմ կարողանում ենք դիմագրավել: Նա նկատեց, որ օրերս, իրանական առաջատար լրատվամիջոցներին տված հարցազրույցում ՀՀ վարչապետն էլ ողջունել էր Իրանի կառուցողական կեցվածքը:

Այսօր Իրանի ռազմական ստորաբաժանումները լայնածավալ զորավարժություններ են սկսում, հոկտեմբերի 16-ին Կասպից ծովում, ՌԴ-ն էր զորավարժություններ սկսել. այս ամենը կապ ունի՞ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետ: Իրանագետի գնահատմամբ, առնվազն երեք գործոն կա, որ Իրանն այս պահին զորավարժություններ սկսի. «Հավանական է կապ ունենա Իրանի հյուսիսային տարածքում ընկած ԱԹՍ-ների հետ, հատկապես, որ հաշվի առնենք՝ դրանք իսրայելական են: Իսկ Իսրայելը տարածաշրջանում Իրանի համար մեկ թշնամին է համարվում: Նաեւ կարող է պայմանավորված լինի Իրանի ՀՕՊ համակարգերի գործարկմամբ, նաեւ Իրանի՝ զենքի վաճառքի սահմանափակումների ժամկետն է լրացել եւ Իրանի թե քաղաքական, թե ռազմական ղեկավարությունը հայտարարեցին, որ կարող են զենքի վաճառքով զբաղվել եւ սա կարող է նաեւ ցուցադրական զորավարժություն լինել՝ գնորդներին իրանական ՀՕՊ համակարգերը ներկայացնելու»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու կոչը, իրանագետի կարծիքով, Իրանում բավական դրական արձագանք էր ստացել՝ հատկապես պետական լրատվամիջոցներում օգտագործվեցին արցախցիների ինքնորոշման իրավունքի տերմինները եւ այլն, թե դիվանագիտական խողովակներով ինչ արձագանք կլինի, դեռ հրապարակային չի: Իրանագետի կարծիքով, Իրանը կարող է դրական արձագանքել այդ կոչին՝ Ադրբեջանի համար զսպող օղակ լինելու տեսանկյունից: Նաեւ Թուրքիան տարածաշրջանում Իրանի հիմնական անհանգստություններից մեկն է եւ Իրանում հստակ հայտարարեցին, որ Թուրքիան չպետք է փորձի Հարավային Կովկասում դոմինանտ դեր ստանձնել. «Քաղաքական շրջանակներում արձագանքները ավելի զուսպ էին, սակայն, փորձագիտական շրջանակներում բավականին կոշտ արձագանքներ եղան: Բայց նաեւ չի կարծում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ներկա փուլում պատրաստ են Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել՝ Նախիջեւանի սահմանից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031