Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկերը հնարավորություն կունենան ներելու զոհվածների վարկային պարտավորությունները. օրինագիծը՝ ԱԺ-ում

Հոկտեմբեր 21,2020 12:50

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում՝ ռազմական դրությամբ պայմանավորված երկու օրինագիծ քննարկելու նպատակով: Առաջինը, ինչպես հայտնել էինք, վերաբերում էր բանակի կարիքների համար ներմուծվող ապրանքները հարկերից ազատելուն: Իսկ «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի (լուսանկարում) փոխանցմամբ, բանկերը եւ վարկային կազմակերպությունները կկարողանան առանց հարկային հետեւանքներ կրելու՝ ներել ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռքբերած անձանց վարկային պարտավորությունները: «Նկատի ունենք ոչ միայն տույժերն ու տուգանքները, այլեւ վարկի մայր գումարները: Հնարավորություն է տրվում առանց վարկային հետեւանքների՝ ներել նշյալ անձանց վարկային պարտավորությունները»,-ասաց Պողոսյանը:

Այս կարգավորմանը, ինչպես փոխնախարարը նշեց, փոխկապակցված են նաեւ անձի ծնողները, կինը, երեխաները:

«Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը նկատեց՝ մամուլում փոքր ինչ չափազանցված է օրինագիծը ներկայացվել, ուստի կարիք կա շեշտելու, որ այն բանկերին հնարավորություն տվող նախաձեռնություն է: Արման Պողոսյանը պատասխանեց. «Վերահաստատում եմ՝ սա բանկերի եւ վարկային կազմակերպությունների համար հնարավորություն է, որպեսզի առանց հետեւանքի կկարողանան ներել անձանց պարտավորությունները: Ուզում ենք, որպեսզի «հնարավորություն» բառն ընկալվի որպես իրական հնարավորություն: Այդ ակտիվներն իմաստ չկա պահելու ուղղակի»:

Ի դեպ, փոխնախարարը նշեց, որ որոշ բանկեր չեն էլ սպասել այս օրինագծին եւ ներել են զոհվածների վարկային պարտավորությունները:

Ապա ազգային ժողովը քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց երկու օրինագիծն էլ: Երկրորդ ընթերցումը սպասվում է առաջիկայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031