«Ամո՛թ,ամո՛թ»,- այսպիսի կոչերով ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույցի մասնակիցները դատապարտեցին Գերմանիայի դեսպանատան դիրքորոշումը:
Հիշեցնենք ցուցարարներից մեկը հանդիպել էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆի հետ: Երբ նա դուրս եկավ հանդիպումից և հայտնեց, թե ինչ է քննարկվել և ինչպիսին է եղել դեսպանի արձագանքը, ցուցարարները հայտարարեցին, որ դա իրենց չի գոհացնում: Մասնավորապես ասացին. «Մենք հերթական կառույցին ասում ենք՝ դժգոհ ենք ձեզնից ձեր լռության համար, ամո՛թ: Եթե կարող է գերմանական խորհրդարանի ընդդիմադիր կողմն այցելել Շուշի, ի՞նչն է խանգարում գործող իշխանությանն այցելել և տեղում ճիշտ գնահատական տալ: Սա արդեն որերորդ կառույցն է, որի դիրքորոշումը մեզ չի գոհացնում: Բացի մտահոգություն հայտնելուց որևէ այլ գնահատական չեն տալիս»:
Դեսպանի հետ հանդիպման մասնակցած ներկայացուցիչը պատմեց, որ դեսպանն իրեն ասել է, թե ամեն ինչից քաջատեղյակ է և կիսում է վիշտը: Այս առիթով ցուցարարներն արձագանքեցին՝ դուք 2016-ին էլ էիք տեղյակ, բայց ի՞նչ, ո՞ւր են պատժամիջոցները, դուք 1915-ի Հայոց ցեղասպանությունից էլ էիք տեղյակ, բայց ձեզնից ոչ մեկ ձայն չհանեց:
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը մասնակցած ցուցարարը պատմեց. «Դեսպանը ներողություն խնդրեց, որ չի կարող իջնել և այս ձևաչափով հանդիպել: Նա ասաց, որ ըմբռնումով է մոտենում, որ քաղաքացիներն այս տարբերակով են դիմում իրենց: Փորձեցի ներկայացնել այն, ինչ կատարվում է Արցախում, դեսպանը հաստատեց, որ իրենք լավ տեղյակ են և իրենց վշտակցությունն ու խորը ցավն են հայտնում»:
Կարդացեք նաև
Իսկ երբ հանդիպման ընթացքում ցուցարարը հարց է բարձրացրել՝ եթե միջազգային մակարդակով հայտարարում են Գանձակի մասին, այդ դեպքում ինչո՞ւ չեն դատապարտում Ստեփանակերտի, Շուշիի ռմբակոծությունների, խաղաղ բնակչությանն արգելված զենքերով հարվածներ հասցնելը, դեսպանը պատասխանել է՝ հավատացեք՝ գիտեմ:
Սակայն դեսպանը հայտնել է, որ իրենց դեսպանության ներկայացուցիչը չի կարող այցելել Արցախ. այս պահին նման ձևաչափի իրագործում հնարավոր չէ:
Հարցին՝ ինչո՞ւ է Գերմանիան դեմ քվեարկել Թուրքիայի դեմ Հունաստանի առաջարկած պատժամիջոցներին, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը պատասխանել է՝ պատժամիջոցները լայն հասկացություն է, և հիմա ի վիճակի չէ այդքան մանրամասնել:
Ըստ հանդիպմանը մասնակցած ցուցարարի՝ դեսպանը հանդիպման ավարտին վստահեցրել է՝ իրենց իրավասությունների սահմանում ամեն ինչ անելու են, որ հայ ժողովրդի համար շատ ավելի լավ լինի:
Գերմանիայի դեսպանատան մոտից ցուցարարներն այս պահին բողոքի երթով շարժվում են դեպի Իտալիայի դեսպանատուն: Փողոցներում մեքենաներն ազդանշաններով իրենց զորակցությունն են հայտնում նրանց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ