Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի համար նվիրաբերվող ապրանքները կազատվեն հարկերից. ԱԺ-ն քննարկում է օրինագիծը

Հոկտեմբեր 21,2020 12:10
ognutyun

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում կառավարության հեղինակած երկու օրինագծեր են: Առաջինի ընթերցման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նախ ներկայացրեց «Ռազմական դրության ժամանակ հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքը, որով սահմանվում է՝ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց ներմուծած հումանիտար, առողջապահական, ռազմական նպատակներով պետությանը հանձնվելիք ապրանքների շղթայում հարկային պարտավորություններ չեն լինի, որպեսզի գործընթացն իրականանա ավելի արագ եւ հեշտ: «Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվող եւ ՊՆ-ին, ԱԻՆ-ին, առողջապահության նախարարությանը հանձնվող ռազմական, հումանիտար, առողջապահական նշանակության ապրանքները կազատվեն հարկային պարտավորություններից՝ ԱԱՀ-ից կամ բնապահպանական, ակցիզային հարկերից: Ապրանքները կսահմանի կառավարությունը, որպեսզի աջակցությունը լինի հասցեական: Պայմանն այն է, որ ապրանքները պետք է հանձնվեն համապատասխան գերատեսչությանը՝ մինչեւ ռազմական դրության ավարտը»,-տեղեկացրեց փոխնախարարը:

Իսկ թե ինչու միայն ԵՏՄ-ից ներմուծվող ապրանքներին է կարգավորումը վերաբերում, նա պարզաբանեց. «Երրորդ երկրից ներմուծման դեպքում կա արդյունավետ միջոց՝ հարկերից ապրանքներն ազատելու: Ներմուծողը կարող է ներկայացնել «հրաժարում հօգուտ պետության» մաքսային հայտարարագիր եւ ազատվել հարկերից: Այս դեպքում չկան մաքսային ընթացակարգեր եւ մաքսային հայտարարագիր»:

«Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հետաքրքրվեց՝ իսկ մինչեւ այս ներկրված ապրանքները, որոնք բերվել են բիզնես նպատակով, բայց հիմա նվիրաբերվում են պետությանը, կրելո՞ւ են այս կարգավորումը:

«Օրենքն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 27-ից սկսած, այսինքն՝ ռազմական դրության օրվանից: Եթե նախկինում ներմուծված ապրանքը, որի համար սահմանին հարկ է վճարվել, հանձնվում է պետությանը, գործարքը համարվում է ԱԱՀ-ից ազատված: Սրա համար նոր օրենսդրական կարգավորման կարիք չկա»,-պատասխանեց Արման Պողոսյանը:

«Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանն էլ նկատեց՝ շատ անհատներ եւ կազմակերպություններ առանց ապրանքները ՊՆ-ին հանձնելու՝ իրենց ուժերով են դրանք հասցրել պատերազմական գոտի: Արման Պողոսյանն արձագանքեց. «Այդ դեպքերը որոշակիորեն փաստաթղթավորված են, հանձնման-ընդունման փաստաթղթեր կան, եւ օրենքի ընդունումից հետո այդ փաստաթղթերով կամրագրվի ապրանքների հանձնումը»:

Հավելենք,որ առաջիկայում սպասվում է օրենքի երկրորդ եւ ամբողջական ընթերցումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031