Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց առաջնագիծ մեկնելու հարցը պիտի քննարկվի անհատապես. գլխավոր դատախազություն

Հոկտեմբեր 21,2020 11:37
dataxazutyun

ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես պատասխանել է «Առավոտ»-ի այն հարցմանը, թե ինչպես է կարգավորվելու ազատազրկման վայրերում գտնվող այն անձանց հարցը, որոնք դիմում են գրել առաջնագիծ մեկնելու համար։

Հիշեցնենք, որ «Վարդաշեն», «Արմավիր», «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում պահվող անձինք դիմումներ էին գրել առաջնագիծ մեկնելու համար եւ խմբագրություն ահազանգում էին, որ դիմումներին ընթացք չի տրվում, որեւէ պատասխան չկա։ Հարցը դատախազության իրավասության ներքո էր, ինչի համար էլ դիմել էինք դատախազություն։

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը գրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը վերացվում է, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը: «Կալանավորման ձեւով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխել եւ վերացնել դատարանը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաեւ դատախազը:

ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն՝ ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձեւով պատիժ կրող անձը պատժի սահմանված նվազագույն ժամկետը կրելուց հետո դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե համապատասխան հիմքերի ու պայմանների առկայության դեպքում դատարանը հանգի հետեւության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի։

ՀՀ օրենսդրությամբ ռազմական դրության ժամանակ կալանքի տակ գտնվող անձանց կալանքից ազատելու, ինչպես նաեւ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հատուկ կարգավորումներ նախատեսված չեն, հետեւաբար այդ հարցը յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկվի եւ լուծվի անհատապես՝ հաշվի առնելով օրենքով սահմանված հիմքերի եւ պայմանների առկայությունը»,–նշված է գրության մեջ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031