Արտախորհրդարանական ուժերի հետ հոկտեմբերի 19-ի հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ողջ իրավիճակը:
Հանդիպումից հետո՝ երեկ մասնակից ուժերի ներկայացուցիչների հայտարարություններն ու հարցազրույցները բավական խոսուն էին եւ գրեթե ամբողջական պատկերացում էին տալիս իրավիճակի, մասնավորապես, ՀՀ իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ։
Իսկ ի՞նչ են մտածում Արցախում․ լսեցինք իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ Արզիկ Մխիթարյանի կարծիքը։
– Դուք ինչպե՞ս եք տեսնում լուծումը՝ հաշվի առնելով նաեւ, որ հակառակորդը պատերազմ է մղում Սյունիքի մերձակայքում։ Ինչպե՞ս է հնարավոր գոնե կրակը կանգնեցնել։
Կարդացեք նաև
– Եթե պետք է լավրովյան պլանն իրականություն դառնար այսքան զոհերի գնով, ուրեմն կարող էինք առանց պատերազմի անել այդքան բանը, ասեինք՝ տարածքները հանձնում ենք, եւ խաղաղ լուծում տային, բայց եթե մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը եւ հարյուրավոր զոհեր ենք տվել, գալ ու նորից մի այնպիսի եզրագծի կանգնել, ինչ-որ մի պլան իրականացնել, որի մասին ես չեմ էլ ուզում պատկերացնել, քանի որ այն հայանպաստ չէ։ Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ես կարծում եմ՝ արդեն որոշակի քայլեր արվում են դիվանագիտական խողովակներով, պարզապես ցավալին այն է, որ արդյունքները շատ դանդաղ են։
– Ի՞նչ նկատի ունեք, ասելով՝ արդյունքները շատ դանդաղ են։
– Ռուսաստանը թվում է, թե ենթատեքստով անընդհատ մեզ հուշում է, որ Հայաստանը պետք է դիմի, որպեսզի կոնկրետ քայլեր իրականացնի։ Ես չգիտեմ՝ ինչու են մեր իշխանությունները հապաղում, դա որեւէ կերպ, որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Եթե ժողովուրդը հասել է օրհասական վիճակի, եւ իրենք պարտավոր են դիմել ՌԴ-ին, այո, պարտավոր են, սա քմահաճույք չէ, սա պարտադրանք է, ու այս պայմաններում ես չգիտեմ, թե ինչու են հապաղում, կարծում եմ, որ, այնուամենայնիվ, խելամիտ կգտնվեն եւ կանեն այդ քայլը։
Ամբողջ ազգն այսօր գտնվում է պատերազմի մեջ, ի՞նչ է՝ մենք պիտի պարտադիր դիմենք Հայաստանին, ասենք՝ ճիշտ քայլե՞ր կատարեք։ Հայությունն է, չէ՞, պահանջում՝ դադարեցնել պատերազմը, կանգնեցնել կրակը, վերադառնալ խելամիտ որոշումների։ Իշխանությունը պարտավոր է այսպիսի պարագաներում հասկանալ՝ որտեղ է փրկությունը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: