«Թուրքական ապրանքներից հրաժարվելը կարող է ոչ մի բացասական հետևանք էլ չունենալ մեր տնտեսության վրա։ Ավելին՝ հնարավոր է նաև դրական ազդեցություն լինի։ Պարզապես հարկավոր է շատ արագ վերակազմավորել, նոր շուկաներ գտնել, իսկ որոշ ապրանքների մասով էլ զարկ տալ տեղական արտադրանքին»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ բիզնեսի դրսևորման տեսանկյունից որոշակի խնդիրներ կարող են առաջանալ այն ուղղություններում, որտեղ, օրինակ, փոքր բիզնեսը քիչ փողով կարող է գնալ-գալ, իսկ ալտերնատիվ առաջարկող երկրներ, օրինակ, նույն փոքր բիզնեսը չի կարող քիչ փողով գնալ-գալ. «Հետևաբար պետությունը այստեղ մեծ անելիք ունի՝ հասկանալու խոչընդոտները, հնարավոր խնդիրները՝ գործընթացը անցնցում կազմակերպելու համար, և լուծումներ տալու այդ խոչընդոտներին։ Պետք է հասկանանք, որ առաջիկայում մենք մեր ծախսերի, տնտեսական ակտիվության հետ ենք գործ ունենալու, և հարկավոր է շատ արագ հասկանալ, թե որ ուղղություններում են, որ գերինտենսիվ, ներդրումային ծրագրեր ենք անելու, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա, և որ ուղղություններն են, որ առաջիկա 3-5 տարիներին դեռ պետք է ներմուծենք այլ շուկաներից։ Օրինակ՝ տեքստիլի մասով այսօր մենք մրցունակության հասնող արտադրանք ունենք, բայց դրանց գինը բարձր է, ու թուրքական արտադրանքը շատ ավելի մատչելի է թվում։ Դրան հակառակ՝ մենք ունենք շուկաներ, որոնք բավարարում են եվրոպական քմահաճ սպառողին, բայց այդ արտադրանքը մեր սպառողների մեջ մեծ սպառում չունի, քանի որ նրանք սովոր են տարիներ շարունակ երկիր եկող ավելի մատչելի արտադրանքին։ Եվ հետո՝ լրիվ ուրիշ բան է պատրաստի հագուստը, ուրիշ բան է՝ կտորը, թելը։ Մի խոսքով՝ եթե պետությունը գերարագ քայլեր ձեռնարկի, կպնի գործին, ապա հավատացեք՝ խնդիրները կլուծվեն։ Կրկնում եմ՝ միայն հարկավոր է, որ պետությունը կոշտ դնի, թե հրաժարվում է թուրքականից, ու պետք է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ երբևէ որևէ մեկը չասի՝ ինչ լավ էր, որ թուրքականը կար։ Մենք պետք է փակենք այնպես, որ որևէ մեկը մեր երկրում թուրքական որևէ ապրանք չկարոտի»,- ընդգծեց Պիպոյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: