Նախօրեին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի խոսքով, պատերազմի սկզբից ի վեր սա երկրորդ փակ քննարկումն էր: Առաջինն Էստոնիայի նախաձեռնությամբ էր, երբ կոչ էր արվել դադարեցնել ռազմական գործողությունները: «Երկրորդի պարագայում քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ էր:
Այս անգամ օրակարգը մի փոքր այլ էր՝ վերահսկողական մեխանիզմների միջոցով կրակի դադարեցման իրականացում: Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ այս քննարկումն այս իրավիճակում միանշանակ որևէ գործնական, արդյունավետ ու պրոդուկտիվ դրսևորում չի կարող ունենալ: Սա պարզապես ՄԱԿ-ի շրջանակներում հարցը քննարկելու մի փորձ էր: Այս համատեքստում եկեք հաշվի առնենք այն հանգամանքը, որ, ամեն դեպքում, կոնֆլիկտի կարգավորման միջազգային մանդատը հենց ԵԱՀԿ Մինսկի հանձնախմբինն է: Եկեք ընդունենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնիսկ հարաբերականորեն խաղաղ պայմաններում չկարողացավ վերահսկողության գործուն մեխանիզմներ ներդնել: Այդ հարցն իրականում շատ է քննարկվել:
Հայաստանը մշտապես կողմ է եղել այդ մեխանիզմների ներդրմանը, բայց Ադրբեջանը մերժել է դա անգամ խաղաղ պայմաններում: Եթե վերահսկողության մեխանիզմները խաղաղ պայմաններում հնարավոր չի եղել ներդնել, ապա այսօր այս լայնամասշտաբ պատերազմի պայմաններում այն անհնար է բառի բուն իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով այսօր առկա իրողություններին, թշնամու նպատակներին՝ Է. Օրդուխանյանը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Եթե մենք նայենք այս օրերին ռազմադաշտում տեղի ունեցող զարգացումներին և այն ուղղություններին, որոնք առաջնահերթ է համարում թշնամին, միանգամից ակնհայտ է դառնում, որ հարավային հատվածով, Արաքսի հովտով թշնամին փորձում է ճեղքում ապահովել՝ ուղղությունը դեպի Նախիջևան:
Կարդացեք նաև
Ես ուզում եմ հիշեցնել, որ բավականին երկար ժամանակ խոսվում էր այն վտանգի մասին, որ Թուրքիան որոշակի զորախմբեր է տեղափոխում Նախիջևան: Արդեն այսօր տեսնում ենք Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունն այս կոնֆլիկտում, որի ուղղությունը Նախիջևանն է. ավելի կոնկրետ՝ գեոպոլիտիկայի մեջ հայտնի «հայկական սեպ», որը խրված է և խոչընդոտ է թշնամու համար: Թուրքիա, որը Նախիջևանի հետ ունի ցամաքային սահման, և Նախիջևան, որն Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունի: Կարծես թե, այսօր թուրք-ադրբեջանական տանդեմը այս ռազմավարական խնդիրն է փորձում լուծել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում