Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը ընդունեց Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը: Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետ Սիերի Կովակսի հետ քննարկել են հարցը և որոշում կայացրել այն ընդգրկել ավագանու նիստի օրակարգում:
«Առաջացավ պահանջ, որ դիմենք Ֆրանսիայի կառավարությանը, որպեսզի այն ճանաչի Արցախի Հանրապետությունը, որովհետև տեսնում ենք, որ դիվանագիտական մյուս ճանապարհներով խնդրի լուծումը չի ստացվում, բնականաբար, մյուս ճանապարհներից մեկը Մինսկի համանախագահների խումբն է, և եթե այսօր նորից գտնվում ենք պատերազմի մեջ, դա այն պատճառով է, որ այդ խումբը չի կարողացել մինչև այս որևէ լուծում գտնել խնդրին», – ասաց փոխքաղաքապետը:
Ըստ Լևոն Սաքունցի՝ ակտիվորեն աշխատել են Արցախի ճանաչման հարցի վերաբերյալ։ Բանաձևն ընդունվել է միաձայն։
«Սփյուռքը ևս ակտիվ աշխատում է, և, բնականաբար, իր ազդեցությունն ունի այս հարցում։ Վստահ եմ, որ մոտակա օրերին մենք կլսենք ուրիշ համայնքներից նույն տեսակի բանաձևի ընդունման մասին», – ասաց Սաքունցը։
Կարդացեք նաև
Վիենի համայնքային խորհուրդը նաև քննարկել է Արցախին աջակցելու վերաբերյալ մի շարք հարցեր և 5 հազար եվրո տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Փոխքաղաքապետի համոզմամբ՝ հետագա քայլերը տանում են դեպի Ֆրանսիայի կառավարության կողմից Արցախի Հանրապետության ճանաչմանը։ Աշխատում են, որպեսզի Ֆրանսիայի մյուս քաղաքները նույնպես դիմեն Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժին
«Հայերն այսօր»