Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհայնամը կռեվ անե, բայց հի՞նչ ա նշանակում, խաղաղ բնակչության դեմ կիրառե էն ամեն զենքը, որ արգելված ա միջազգային օրենքներավ. պա դա կռե՞վ ա. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 21,2020 07:30

Ասկերան քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Ռոմելլա Գրիգորյանը փրկվել է հրաշքով՝ իր առջև ընկած արկը չի պայթել:

«Մենք Ասկերանից ենք՝ Աղդամին կից, մեր շրջանի 12 համայնք սահմանին կից են, առավոտյան 7:10-ին տներում էինք, զարթուն, բայց դեռ պառկած. դղրդաց, ու ապակիները զրնգոցով թափվեցին: Նայեցի պատուհանից. նման բան մենակ կինոներում էի տեսել՝ ոնց ռումբը պայթեց ու ծուխուփոշիով սնկաձև բացվեց դեպի վեր:

Այդպես սկսեց դղրդալ ու էլ չդադարեց, անընդմեջ խփում էին՝ աջ-ձախ, հեռու-մոտիկ, անընդհատ տրաքոցներ էին: Հեռահարն էլ, որ խփում են, չես հասկանում՝ ուր կընկնի: Մեր աչքի առաջ մի անօդաչու սարք ոչնչացրին մերոնք, օդային տագնապը սկսեց աշխատել: Էդ մի րոպեում մենք հասկացանք, որ մեծ պատերազմը սկսեց:

Մեր շենքը երկու հարկանի է, նկուղ չունի: Վազեցինք կողքի շենքի նկուղը: Ու պարզ էր, որ խփում են թիրախային, դե կյանքի համար ինչն է պետք, այդ ամենին՝ էլեկտրակայաններ, ՀԷԿ-եր, հացի փռեր:

Զինկոմը եկավ, թե մշակույթի տան բանալիները պետք են։ Հետը գնացի, որ բացեմ՝ ինչը-որտեղ է ցույց տամ (թե ոնց չվախեցա՝ չգիտեմ)։ Գնացինք, դուրս գալիս աստիճանների վրա հենց մեր առաջ արկ ընկավ… չպայթեց, կոտրատվեցին շենքի պատուհանները, փոշու ամպի միջից տեսա՝ ճղրտված վարագույրները ալիքից օրորվելիս: Արկը մնաց էդպես տնկված, կողքից զգույշ անցանք, դուրս եկանք: Եթե պայթեր…

Մնացինք վարչական շենքի նկուղում, իսկ այնտեղ չկար ապրելու որևէ հարմարություն: Տուն բարձրանալն էլ վտանգավոր էր. վերևում՝ սառնարաններում ուտելիքը փչանում էր, չէինք կարողանում գնալ-բերել, ու երեխեքի հետ տեղափոխվեցինք Ստեփանակերտ, մեր բարեկամի նկուղը»,- պատմեց Ռոմելլա Գրիգորյանը:

Զրույցի ընթացքում բազմափորձ մանկավարժը որքան զայրանում, այնքան գրական հայերենից անցնում է արցախի անուշ բարբառին: «Աշակերտներս հարցնում էին. «Ընկեր Գրիգորյան, էս վե՞րջն ա», ասում էի. «Մըեռնի թորքը, վեր մեզ քնած տըղըրներս կըրեցալ չի սպանե, մըհեգյս արդեն եր ընք կացալ, էլ հաստատ կարելու չի»: Ասում եմ՝ ջհայնամը կռեվ անե, բայց հի՞նչ ա նշանակում, խաղաղ բնակչության դեմ կիրառե էն ամեն զենքը, որ արգելված ա միջազգային օրենքներավ. պա դա կռե՞վ ա, պա դա՞ ա զինվորի գործը»:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031