Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր ազդակներ

Հոկտեմբեր 21,2020 10:00

«Մենք հասկանում ենք իրավիճակը, շատ բան ունենք ասելու, բայց առայժմ լռում ենք, կխոսենք, երբ պատերազմն ավարտվի», – խոստանում են ներկա իշխանության ընդդիմախոսները: «Մենք հիմա բան չենք ասում, բայց հենց որ պատերազմն ավարտվի, դուք ձեր հալը կտեսնեք», – սպառնում են իշխանության ներկայացուցիչներն ու համախոհները՝ ակնարկելով ինչ-որ «դավաճանությունների» եւ «թշնամու հետ համագործակցության» մասին: Ստացվում է, որ կողմերը հազիվ են իրենց զսպում, որ իրար կոկորդ չկրծեն:

Ենթադրում եմ, որ մոտ ապագայում սպասվում է այն, ինչ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անվանել է «հետպատերազմյան գզվռտոց», որն, իհարկե, ամենեւին ցանկալի չէ մեզ համար: Ըստ էության, այդ գզվռտոցն արդեն իսկ առկա է, որովհետեւ ասել՝ «ես գտնում եմ, որ դու սրիկա ես, բայց առայժմ դա չեմ ասում» հավասարազոր է այդ նույն բանն ասելուն:

Այդ անցանկալի բանավեճի վերջին առիթն էր անցած շաբաթ հնչած մի շարք կուսակցությունների առաջարկը/պահանջը՝ Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին ստեղծելու մասին: Գաղափարն անձամբ ինձ դուր չի գալիս՝ պատերազմի ժամանակ պետք է լինի կենտրոնացված ուղղաձիգ իշխանություն՝ մեկ ամբողջական պատասխանատու անձով: Մնացած անձերը եւ քաղաքական կառույցները պետք է ամեն ինչ թողնեն մի կողմ եւ օգնեն գործադիր իշխանությանը: Վերջինս էլ պետք է ամեն ինչ մի կողմ թողնի եւ օգտագործի նախկին նախագահների, այլ պաշտոնյաների, ինչպես նաեւ բոլոր կուսակցությունների փորձը, ներուժը, կապերը: Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ ստեղծելու առաջարկը թեեւ, իմ կարծիքով, իմաստալից չէ, բայց, վստահ եմ, պայմանավորված է անկեղծ մտահոգություններով եւ ինքնին որեւէ բացասական լիցք չի պարունակում:

Բացասական լիցքերը, կամ Տեր-Պետրոսյանի խոսքով ասած, «վտանգավոր սիգնալներն» առաջանում են այն ժամանակ, երբ բանավեճը գնում է սխալ ուղղությամբ, երբ մարդիկ, նույնիսկ պատերազմի ժամանակ, օգտագործում են ցանկացած առիթ՝ իրար մեղադրելու, ատելության թույնը նախկին նախագահների կամ ներկա վարչապետի վրա թափելու համար:

Այսպիսով, Արցախի նախագահի՝ տարբեր հայացքներ ունեցող գեներալների հետ խորհրդակցելը ճիշտ էր, Ստեփանակերտում Արցախի նախկին նախագահների հանդիպում կազմակերպելը ճիշտ էր, Հայաստանի վարչապետի՝ արտախորհրդարանական ուժերի հետ եւ Արցախի նախկին ղեկավարների հետ հանդիպումներ անցկացնելը ճիշտ է: Սեփական քաղաքական նախասիրություններից ելնելով՝ թշնամիներ եւ դավաճաններ «բացահայտելը» եւ դրա մասին ֆեյսբուքում գրելը սխալ է:

Եթե անգամ հիմա հրադադար հաստատվի (ինչի վերաբերյալ խիստ կասկածում եմ), ապա միեւնույն է՝ պատերազմը վաղ թե ուշ շարունակվելու է: Իսկ դա նշանակում է, որ ներքաղաքական բանավեճը բոլոր դեպքերում պետք է լինի զուսպ եւ կոռեկտ ու չիջնի գզվռտոցի մակարդակի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    . այս ամբողջ պատերազմը սկսաւ, անցած երկուքուկէս տարիների ընթացքին արձակուած, տեւական ու մշտական՝ «վտանգավոր սիգնալներ»ի պատճառով…

    . իսկ այս պատերազմը լրիւ նիւթէ դուրս կը հանդիսանար, եթէ Առաջին Նախագահը իր գործը ամբողջացուցած լինէր, ատենին

    . այժմու պայմաններում, այդ տասնեակ մը կուսակցութիւնների առաջարկը, չափազանց զուսպ էր. որովհետեւ ստորադաս, երկրորդական մարմին մը կազմելու մասին էր. մինչ պահը կը պահանջէ, որ կազմուի Ազգային Միութեան Կառավարութիւն. Պարոն Փաշինյանը մնալով՝ Վարչապետ, ԱԺ-ն ալ մնալով, ինչ որ է:

    . ԼՏՊ-ի կարծիքին մէջ տիրապետողը, իր բնորոշ ինքնահաւանութիւնն էր. որ՝ հա, ես, իմ մարդիկը, մենք ի՞նչ գործ ունենք այդպիսի անշուք, աննշան, անգոյ կուսակցութիւնների հետ (որոնցմէ, անհուն ճիգն ու ծայրագոյն զիջումը կատարած էր գոնէ բացառելու ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն…)

    . սակայն հեռաւոր անցեալէն մի այլ անձ, արտայայտեց նաեւ ուրիշ միտք մը՝ մինչ այդ բոլոր կուսակցութիւնները պատրաստակամ են իրենց վրայ վերցնելու կացութեան գոնէ յետ-պատերազմական պատասխանատւութեան մի բաժինը, այդ հին պաշտօնեային ասածը այն էր որ՝ չէ, ինչո՞ւ… պետական լրիւ պատասխանատւութիւնը պէտք է որ մնայ բացառապէս վարչակարգի վրայ… ցաւալին այն է որ, վարչակարգի որոշ անդամներ հաւանաբար կածեցին թէ այդ անձը ի նպաստ իրենց է արտայայտւում…

  2. Լուսինե says:

    Այսօր Հայաստանի քաղաքացիների մեծ մասը, սկսած երեխաներից մինչև տարեց զանգվածը, բոլորը իրենց չափով մասնակցում են այս բախտորոշ պատերազմում, քաջ գիտակցելով և իրավիճակը, և պատճառները: Գործը անսպառ է՝ հավաքագրել, դասակարգել, բեռնաթափել և այլն. Երբ հատ առ հատ տեսնում ես, թե ովքեր են ներգրավված այդ մարդ-կուսակցություններում և գիտակցում, թե ինչ հավակնություններ ունեն, կրկին անգամ հասկանում ես, որ այդ զանգվածը պարզապես ոչ ադեկվատ է, մեղմ ասած: Նրանց կառավարման հետևանքները այսօր առաջնագծում չեզոքացնում է հայ զինվորը: Նրանք այս ամենը շատ լավ հասկանում են և որոշել են նախահարձակ լինել, հերթական անգամ ցույց տալով իրենց էությունը:
    “Այսպիսով, Արցախի նախագահի՝ տարբեր հայացքներ ունեցող գեներալների հետ խորհրդակցելը ճիշտ էր, Ստեփանակերտում Արցախի նախկին նախագահների հանդիպում կազմակերպելը ճիշտ էր, Հայաստանի վարչապետի՝ արտախորհրդարանական ուժերի հետ եւ Արցախի նախկին ղեկավարների հետ հանդիպումներ անցկացնելը ճիշտ է:”
    Շատ ճիշտ եք, պարոն Աբրահամյան, իսկ ես կավելացնեի երրորդ նախագահի ասածը. “Նիկոլ, դու ճիշտ էիր, ես սխալ”: Ինչ վերաբերում է երկրորդ նախագահին, այստեղ նույնիսկ խոսելն արդեն ավելորդ է: Այսօր նրանց բոլոր խոսքերը առ ոչինչ են, որովհետև մենք տեսել ենք նրանց գործունեության արդյունքները: Փոխարենը ղեկի մոտ կանգնելը, թող գնան և զբաղվեն հումանիտար բեռների բեռնաթափումով, ավելի մեծ օգուտ կբերեն իրենց երկրին:

  3. Քաղաքացի says:

    Կարծում եմ, Վարչապետ Փաշինյանը, այդ փոքրիկ քաղաքական միջադեպին շատ ճիշտ արձագանքեց՝ “ընդունել ի գիտություն”: Նշված կուսակցությունների անցյալը շատ խոսուն է, նպատակները՝ մակերեսի վրա: Ով որ ստեղծված իրավիճակում կարող էր օգտակար լինել երկրին, Վարչապետը չի անտեսել: Ծառայել Հայրենիքին, որն այսօր համավարակի և պատերազմի ներքո, անծայրածիր անելիքների մի դաշտ է, այդ զանգվածը կարող է ավելի համեստ ոլորտում, քան կանգնել երկրի ղեկին: Ամբողջ աշխարհը հիացած և զարմացած է, թե ինչպես 7 տարեկան երեխան բանակին ծառայելու իր լուծումը գտավ, թող օրինակ վերցնեն այդ երեխաից:

  4. Alfred says:

    Սկզբից հայտարարվեց, որ 30 տարի բանակցությունները սխալ են ընթացել և սկսվում է նորը, բայց զրոյական կետից և հարցի լուծումը պետք է լինի Հայաստանի Արցախի ևԱդրբեջանի սրտով։ Նույնիսկ պնդում էին որ եթե կռիվ սկսվի Թուրքիան չի մասնակցի։ Ստացվեց պատերազմ։

  5. Ruben says:

    «Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
    Ծափ, ծլնգոց,
    Մեջը զնգոց.
    Թուրքի վզից մենք կախ տանք,
    Որ ինչքան էլ օրորա,
    Որ ինչքան էլ շորորա,
    Ստից սատկի, տազ անի,
    Գալն իմանանք գազանի:
    Է´, զանգը ո՞վ կախ անի.»

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031