Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմական իրավիճակներում գրեթե անհնար է չունենալ վախի, տագնապի զգացում․ դա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է․ Նյարդաբան Անուշ Գասպարյան

Հոկտեմբեր 21,2020 23:00

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Էկոսենս» ախտրոշիչ կենտրոնի և Նորք Մարաշ ԲԿ-ի նյարդաբան, էլեկտրոֆիզիոլոգ Անուշ Գասպարյանի հետ։

-Բժշկուհի Գասպարյան, ներկայիս իրավիճակը, որը նյարդերի գերլարում է պահանջում, թերևս իր ազդեցությունը կունենա մարդու առողջության, մասնավորապես նյարդային համակարգի վրա։ Նյարդաբանական ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ պատերազմի ու համավարակի այս օրերում։

– Նյարդային խնդիրները, որոնք առաջանում են նման իրավիճակներում, կարող են դրսևորվել միանգամից և որոշ ժամանակ անց: Հիմնականում առաջանում է վախի, տագնապի զգացում, որը հենց էդպես էլ կոչվում է՝ տագնապային համախտանիշ: Կարող են դրսևորվել նաև նևրոզանման տարբեր գանգատներով, դեպրեսիվ վիճակներով, անքնությամբ, նյարդային գերլարվածությամբ:

 -Ո՞ր ախտանշաններն են խոսում նյարդային համակարգի գործառույթի խանգարումների մասին։ Ո՞ր դեպքում է հնարավոր ինքնուրույն հաղթահարել հիշյալ պատճառներով (տագնապ, վախ, կորստի ցավ և այլն) առաջացած նյարդաբանական խնդիրները, և որ դեպքում է անհրաժեշտ դիմել մասնագետի օգնությանը։

Վախի, տագնապի զգացում նման իրավիճակներում առաջանում է բոլորի մոտ, սակայն այդ զգացումները չպետք է խանգարեն առօրյա գործունեությանը։ Դա, որպես այդպիսին, օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, սակայն այն դեպքերում, երբ, դառնում են պաթոլոգիկ, այսինքն՝ ուղեկցում են մարդուն ամեն պահ, մարդու մոտ ամեն մի շարժումից, ձայնից ոչ համապատասխան ռեակցիա է առաջանում, խանգարվում է առօրյա գործունեությունը, մտավոր աշխատանքը, սկսում են առաջանալ ցավեր կամ տարօրինակ զգացողություններ մարմնում, ապա անհրաժեշտ է դիմել բժշկին:

-Այս և հետպատերազմյան շրջանում ինչպե՞ս հոգ տանել նյարդային համակարգի մասին․ կա՞ն արդյոք պարզ կանոններ, որոնք թույլ կտան պահպանել նյարդային համակարգի բնականոն գործունեությունը, հնարավորինս կթեթևացնեն նյարդային համակարգի հետ կապված խնդիրները, կօգնեն հաղթահարել սթրեսը։

– Առհասարակ նյարդային համակարգի բնականոն գործունեության համար անհրաժեշտ են՝ առողջ ապրելակերպ, քնի ճիշտ ռեժիմ, մաքուր օդ, սննդակարգի պահպանում և ամենօրյա սթրեսային իրավիճակներից խուսափում: Ինչ վերաբերում է պատերազմական իրավիճակներին, գրեթե անհնար է պահպանել և չունենալ վախի, տագնապի զգացում, դա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որը նորմայում պետք է լինի, սակայն լինի կառավարելի:

– Հանգստացնող միջոցները, որոնք ընդունվում են առանց նշանակման, կարո՞ղ են արդյոք բացասական կամ կողմնակի ազդեցություն ունենալ, եւ այս հարցում ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն:

– Ինչ վերաբերում է հանգստացնող միջոցներին, իհարկե կախված է, թե սթրեսային իրավիճակներն ինչպիսինն են, ինչ կերպ են դրսևորվում և ինչքան խորն է լարվածությունը։ Բուսական ծագում ունեցող հասարակ հանգստացնող միջոցները որոշ ժամանակ օգտագործելով չեն վնասի, սակայն դրանք իրենցից բուժում չեն ներկայացնում։ Եթե թեթև հանգստացնող միջոցների մոտ 10 օր կամ 2 շաբաթ օգտագործումից հետո փոփոխություն չի նկատվում, ապա ճիշտ կլինի դիմել բժշկի օգնությանը:

-Ինչպիսի՞ սննդակարգ ընտրել նյարդային առողջ համակարգ ունենալու համար։ Ո՞ր սննդանյութերն են «պատասխանատու» առույգ նեյրոնների համար։

-Հատուկ սննդամթերքներ չէի առանձնացնի, պարզապես խորհուրդ կտամ նախապատվությունը տալ ճիշտ և վիտամիններով հարուստ սննդակարգին:

Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031