Որոնք եղել են 100 տարի եւ 25 տարի առաջ ձեռքբերված լուծումների մասնակիցներն ու ճարտարապետները
Նորությունները ձեզ հայտնի են, կրկնելու հարկ չկա:
Ստեղծված պայմաններում կարող ես քեզ թույլ տալ նայել շուրջը եւ փորձել հասկանալ, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել ուժային կենտրոնների կողմից, ռազմական տեսանկյունից անհեռանկար իրավիճակում, երբ կողմերը ստիպված կլինեն անցնել ուժասպառության տանող դիրքային պատերազմի: Բլիցկրիգը խափանվել է. նորի ռեսուրսներ Արցախի ՌԳԹ -ում (ռազմական գործողությունների թատերաբեմ), դատելով ամեն ինչից, Թուրքիան եւ Ադրբեջանը չունեն:
Վարձկաններին, Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին քշում են սպանդի, որոնց ոչ միայն չեն խղճում, այլեւ միտումնավոր անցկացնում պատերազմի մսաղացով: Այս մսաղացի աշխատանքին էլ մենք հետեւում ենք արյունահոսող սրտերով:
Կարդացեք նաև
Սկսեմ Ռուսաստանից, հասկանալի պատճառներով. ուժային կենտրոններից հենց նա եւ Թուրքիան են «պտտեցնում» Կովկասի գործընթացները: Ես արդեն գրել եմ, «շատ վաղուց», որ Ռուսաստանը շարունակում է մնալ ուժային կենտրոն, շրջված դեպի անցյալ` դեպի 20-րդ դար, որում նա գերտերություն էր եւ երկբեւեռ աշխարհի ճարտարապետ: Այստեղից էլ ձգտումը վերականգնելու 20-րդ դարի ստատուս քվոն: Ունեցած ժամանակը՝ ամենաթանկ ռեսուրսը, ծախսվում է փլուզված աշխարհակարգի մնացուկները վերականգնելու եւ պահպանելու փորձերի վրա, երբ բավարար ուժ եւ ամենակարեւորն է` ցանկություն չկա գլուխը բարձրացնելու, շուրջը նայելու եւ գործելու փոփոխված եւ փոփոխվող աշխարհի շրջանակներում:
Այս պահվածքը հստակ երեւում է եւ արցախյան խնդրի շուրջ:
Ռուսաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը, նրա դիվանագիտական ծառայությունը, համառորեն, ինչը կարող էր հիացմունք առաջացնել, եթե տարածաշրջանի համար իր հետեւանքներով այդքան սարսափազդու չլիներ, փորձում են Հարավային Կովկասը վերադարձնել հետխորհրդային շրջանում ստեղծված ստատուս քվոյին: Ռուսաստանը հասկանում է, որ ցանկալի իրադրությունը չքացել է, բայց համառորեն եւ դատապարտված կերպով փորձում է վերականգնել այն, որը հայհոյելու ցանկություն է առաջացնում:
Ռուսաստանը համառորեն փորձում է քանդել դարավոր արցախյան հիմնախնդրի` որպես Հայկական հարցի տարրի նոր հանգույցները՝ չցանկանալով ընդունել, որ փոխվել են աշխարհը, տարածաշրջանը եւ ուժային կենտրոնները, որոնք եղել են 100 տարի եւ 25 տարի առաջ ձեռքբերված լուծումների մասնակիցներն ու ճարտարապետները:
Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ է: Իլհամը մեծ հոր վատ որդի դուրս եկավ, եւ լսելով «գրբացի»՝ թե գիծը հատելով կկործանի թագավորությունը, չգիտես ինչու, եկել է եզրակացության, թե խոսքը գնում է ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի մասին: Մենք պատերազմի մեջ ենք Թուրքիայի հետ, որը հաղթականորեն վերադարձել է Կովկաս եւ շահագրգռված չէ հանգույցները քանդել եւ վերականգնել հին ստատուս քվոն, բայց պահանջում է նորը, որում նա հավասար կարգավիճակ ունի Ռուսաստանի հետ: Ավելին, Թուրքիան է, որ հյուսում է նոր հանգույցներ եւ ամեն ինչ անում դրանք գորդյան դարձնելու համար:
Իրան: Այո, Իրանը հասկանում է, որ հետխորհրդային շրջանի ստատուս քվոյին վերադարձ չի լինի, բայց նա ունի իր ներքին եւ տարածաշրջանային բարդ խնդիրները, եւ երեւում է, որ մեր տարածաշրջանում ակտիվ գործողություններ ծավալելու բավարար ռեսուրսներ պարզապես չունի: Այն ամենը, ինչ Իրանը կարող էր անել այս իրավիճակում, նա անում է: Ավելին` կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում, հույս դնել չարժե: Իրանը չի կարող միանձնյա Կովկասից դուրս շպրտել Թուրքիային, Իսրայելին եւ ՆԱՏՕ-ին:
Արեւմտյան ուժային կենտրոններին, ընդհանուր առմամբ, ամեն ինչ ձեռնտու է, եւ նրանք հետաքրքրությամբ են հետեւում Ռուսաստանի` ժամանակը ձգձգելու եւ իրավիճակը շտկելու դատապարտված փորձերին: Եվ պետք չէ դիմել Պոմպեոյին եւ ԱՄՆ-ին` դիրքորոշում պոկելու հայցով: Հայաստանը ռազմական դաշնակից ունի՝ Ռուսաստանը, որը Միացյալ Նահանգների կողմից որակվում է որպես աշխարհաքաղաքական դիմակայության գլխավոր հակառակորդներից մեկը:
Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ բարեհաճ վերաբերմունքը, այս փուլում պատերազմը հաղթահարելու ցանկությունը, Թուրքիայի հասցեին աղմկելը առավելագույնն է, որ կարելի է ակնկալել քո իսկ դաշնակցի քեզ հանձնվել պարտադրելու փորձերի ֆոնին: Եթե ԱՄՆ-ից ցանկանում եք ավելի կոշտ դիրքորոշում եւ ավելի մեծ աջակցություն, մտածեք ձեր դաշնակցի մասին, ընտրեք ուրիշի` ԱՄՆ-ի ակնարկը Հայաստանին: Ամեն ինչ արդար է ու թափանցիկ: Տեսակետ, ամրապնդվող Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի մեկ այլ համանախագահի կողմից:
Հայաստանի կարծիքը, խաղաղության դուրս գալու նրա պատրաստակամությունը հաշվի չեն առնվում հասկանալի պատճառներով: Հայաստանին չեն հերիքում ուժային ռեսուրսներ՝ Թուրքիայի կապած հանգույցները քանդելու համար: Մենք հսկայական բացեր ենք հայտնաբերել մեր մեծ ռազմավարության եւ ռազմական շինարարության մեջ: Ես դրանց մասին գրել եմ փակ գրություններում, զրույցներում, բայց սա առաջարկ-արդարացում է, որը չի կարող ընդունվել, անընդունելի է:
Պատերազմի վերաբերյալ իմ բոլոր տեսական աշխատանքները գործնականում` այս կամ այն կերպ, ձեւակերպել են Հայաստանի եւ նրա զինված ուժերի ռազմական անվտանգության համակարգի անհրաժեշտ վերափոխումը: Բայց մենք, որպես պետություն եւ ժողովուրդ, վատնել ենք ժամանակը օլիգարխիկ համակարգ, այլ ոչ թե ժամանակակից պետականություն կառուցելու վրա, եւ այժմ ստիպված կլինենք կայծակնային տեմպերով ուրիշ` Թուրքիայի սպառնալիքները հետ մղելու ունակ Հայաստան կառուցելու խնդիրը լուծել:
Մենք կարող ենք լուծել այս խնդիրը, եւ, կարծում եմ, ես գիտեմ, թե ինչ եղանակներով կարելի է այն իրագործել: Ես կփորձեմ ավարտին հասցնել թեմայի վերաբերյալ տեսական աշխատանքների շարքը եւ ձեռնամուխ լինել սկզբունքների մշակմանը` արդեն պատերազմից հետո:
Առայժմ արձանագրում: Թուրքիան եւ նրա արբանյակ Ադրբեջանը ստեղծել են նոր գորդյան հանգույց դարավոր հայկականի վրա, որը «օրինականացնում է» նրա ներկայությունը Կովկասում՝ Ադրբեջանը պաշտոնապես եւ հրապարակավ դարձնելով ՆԱՏՕ-ի առաջատար ռազմական բազա՝ հյուսիս, արեւելք եւ հարավ կոշտ ռազմուժի ուղղորդման համար: Թիրախը հաստատ Հայաստանը չէ: Բոլոր անհրաժեշտ հաղորդակցային եւ ռազմական ենթակառուցվածքներն ու գործիքները տեղակայված են, եւ հանգիստ, առանց շտապելու կարող են ջանքերը բազմապատկվել: Տվյալ դերակատարների համար ժամանակը ծայրահեղ ռեսուրս չէ: Նրանք դա ունեն:
Ռուսաստանը ունեցած-չունեցած ճշմարտություններով հետաձգում է վճռական գործողություններ ձեռնարկելու ժամանակը եւ պատրաստ է գործարքի գնալ Թուրքիայի հետ եւ զոհաբերել Հայաստանի շահերը՝ «մի քանի վայրկյան» շահելու համար: Այս առումով ճիշտ է Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է Մյունխենի մասին: Հայաստանը Ռուսաստանի քաղաքական շրջանակների համար ճակատագրական, եւ նույնիսկ շատ կարեւոր օղակ չէ: Թե ինչպես է Կրեմլը հասել նման կյանքի ու նման եզրակացությունների, կարեւոր չէ: Մենք պարզապես պետք է սա հաշվի առնենք: Այո, ռուս զինվորականները հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, բայց դա բավարար չի լինի, քանի որ արցախյան եւ հայկական խնդիրը աշխարհաքաղաքական է, եւ զուտ զինվորականներով չի կարող լուծվել:
Հայաստանը կենաց-մահու կռիվ է մղում` չունենալով մտարկելու եւ ծրագրեր կազմելու հնարավորություն: Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես ենք ավարտելու պատերազմը, ինչ դիրքերից: Կհասնե՞նք, արդյոք, 1994 թվականի շփման գծին, թե կկարողանանք ընդլայնել հայկական ապագայի հորիզոնները: Առայժմ գործում են հայ զինվորը եւ հայկական բանակը, եւ մենք, որպես ժողովուրդ, օգնում ենք նրան կատարել իր առջեւ դրված խնդիրները:
Կա՞ն լուծումներ, որոնք թույլ կտան` ոչ, չվերադարձնել 20-րդ դարի ստատուս քվոն, այլ ստեղծել նորը` արդեն 21-րդ դարում, որում Թուրքիան չկա Կովկասում: Նման լուծումներ կան, բայց դրանք հանրային քննարկման համար չեն:
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Ստեփանակերտ, Արցախ
Թարգմանությունը` Սուսաննա Զորանյանի
«Առավոտ» օրաթերթ
20.10.2020