Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կամավորագրվել է ռազմաճակատ մեկնելու

Հոկտեմբեր 21,2020 12:30

Ավելի քան 20 օր է՝ Ադրբեջանի զինված ուժերը մեծ եղբոր՝ Թուրքիայի զինված ուժերի, վարձականների եւ ահաբեկչական խմբավորումների հետ հանցավոր համագործակցությամբ թիրախավորում են Արցախի եւ Հայաստանի քաղաքացիական բնակչությանը, օբյեկտները՝ օգտագործելով միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ։ «Առավոտը» տեղեկացրել է մշակութային օջախներից ռազմաճակատում մատնչող արվեստագետների մասին եւս։ Առաջնագծում են նաեւ շատ ուսանողներ։

Հանդիպեցինք Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Կիրակոսյանի հետ։ Տեղեկացնենք, որ Մշակույթի պետական եւ Ջազային էստրադային քոլեջների խոշորացման արդյունքում ստեղծվեց մեկ՝ Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջը։ Ի դեպ, Մշակույթի պետական քոլեջում մեր զրուցակիցը զբաղեցնում էր ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալի պաշտոնը։

«Արցախյան այս գոյամարտում երկու քոլեջներից ունենք ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող շուրջ չորս տասնյակ ուսանող, նաեւ ռազմադաշտ են մեկնել մեր դասախոսներից։ Ցավոք, պատերազմի հենց առաջին օրերին ունեցանք երկու զոհ՝ դերասանական արվեստ մասնագիտությամբ երրորդ կուրսի ուսանող Արեն Հովհաննիսյանը եւ գործիքային կատարողական արվեստ մասնագիտությամբ դարձյալ երրորդ կուրսի ուսանող Գոռ Յարալյանը»,- հայտնեց Աննա Կիրակոսյանը։
                                                   Անմահացած Գոռ Յարալյանը եւ Արեն Հովհաննիսյանը

Հավելեց նաեւ, որ քոլեջի ուսանողներն ու դասախոսներն այս օրերին ընդգրկված են ռազմաճակատին օգնելու աշխատանքներում, եւ այս ամենը իրականացվում է հեռավար ուսուցմանը զուգահեռ։ Նաեւ նշեց, որ իրենք մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին։

Ըստ մեր տեղեկությունների՝ մինչ քոլեջների միավորումը, եթե չենք սխալվում, կառավարության որոշում կար, որ Մշակույթի քոլեջը պետք է կրեր Շառլ Ազնավուրի անունը։ Դրա նախաձեռնողը Մշակույթի պետական քոլեջի նախկին տնօրեն Վրեժ Կիրակոսյանն էր եւ ստացել էր Ազնավուրի որդու՝ Նիկոլայի համաձայնությունը։

Հարցին՝ ինչո՞ւ քոլեջների միավորվելուց հետո Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջին չտրվեց այդ պատվավոր անունը, Աննա Կիրակոսյանն ընդամենն ասաց. «ԿԳՄՍ նախարարությունը եւ Ազնավուրի ընտանիքը այդ հարցի քննարկումը հետաձգել են, ըստ էության մինչեւ նոր քոլեջի ամբողջական ձեւավորումը»։

Մեր զրույցի ընթացքում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը շեղվելով «վարչական թեմաներով» խոսակցությունից, անդրադառնում էր այսօր բոլորիս հուզող հարցին. «Փաստորեն իրականացվում է Արցախի բնակչության էթնիկ զտում, սա նոր ցեղասպանություն է, այն էլ այդ արհավիրքը վերապրած ազգի դեմ։ Այս պատերազմը քրիստոնյաների քաղաքակրթության դեմ է, դա մարդկությանն ուղղված մեծ հանցագործություն է, որին շտապ ու համարժեք պետք է արձագանքի միջազգային հանրությունը…»։

Աննա Կիրակոսյանը հաստատեց մեզ հասած այն լուրը, որ ինքը կամավորագրվել է ռազմաճակատ մեկնելու. «Օրհասական այս պահին մենք՝ կանայք, ոչ միայն թիկունքում, այլեւ ճակատում կարող ենք օգտակար լինել»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031