Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափ դժվար է կռվել ժամանակակից օդային զինտեխնիկայի դեմ, սակայն մեր հերոսները խախտում են այդ աքսիոմը…

Հոկտեմբեր 21,2020 12:00

Ես չգիտեմ, թե հայկական կողմը որքանով է ապահովված զինտեխնիկայով եւ ինչ սերնդի են դրանք, սակայն մի բանում համոզված եմ, որ Թուրքիան, այս պահին ասել է թե Ադրբեջանն անհամեմատ ավելի շատ է ապահովված դրանցով, որը խոսում է մի բանի մասին, որ մեր հույսը մեր հերոսների համառության, անկոտրում կամքի, մինչեւ վերջ կռվելու, միմիայն իրենց ուժերին ապավինելու, հայրենիքն ատամներով պահելու, ազգի միասնականության վրա է:

Հասկանալի է, որ նրանք լավ են հաշվել իրավիճակը. գործի գլխին կանգնած են 90 միլիոնանոց երկու արյունարբու եւ մեծ կարողությունների տիրապետող երկիր, իսկ աշխարհը՝ հանձինս ԵԱՀԿ ՄԽ երեք անդամներ ունեցող երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, գործնականում ոչինչ չեն անում, ընդամենը միջամտում են լոկ ձեւական հայտարարություններով, քանզի, մեծ հաշվով, իրականում Արցախը նրանց այնքան էլ չի հետաքրքրում, որովհետեւ հասկանում են, որ Արցախի կորստով որոշակիորեն կթուլանա Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա եւ կարծում են, որ այդ պարագայում իրենց համար կստեղծվի որոշակի հնարավորությունների հույս՝ Հայաստանի վրա իրենց ազդեցությունն ի հնարավորին մեծացնելու համար:

Ճիշտ է, Ֆրանսիայի մասով շատերը կարող են չհամաձայնել, ասելով, որ նա մեր ոչ մեծ թվով բարեկամ երկրներից է եւ Մակրոնը հենց առաջին օրերից կոչ է արել դադարեցնել պատերազմը: Այո, ընդամենն այդքանը եւ դրանից հետո էլ խոսել է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահների հետ ու համատեղ հայտարարություն են հրապարակել, որին, սակայն, որեւէ գործնական քայլ չի հետեւել, եւ արդյունքում այն եւս մնացել է որպես օդում կախված հերթական հայտարարություն: Մյուս կողմից, կորոնավիրուսի աշխարհագրությունն էապես ընդլայնվում է, առջեւում ձմեռն է (սա դեռ ամբողջը չէ) եւ այս պայմաններում նրանք փորձելու են ամեն ինչ ներդնել՝ հայկական հարցին վերջնական /մեկընդմիշտ/ լուծում տալու համար: Միաժամանակ պետք չէ նաեւ մոռանալ, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներից 3-ն են եւ նրանց կողմից այնտեղ եւս որեւէ կոնկրետ հարց չի բարձրացվել ու փորձել սայլը տեղից շարժել:

Այսքանից հետո, նրանց վերաբերյալ գնահատականները թողնում եմ ընթերցողին: Էլ չեմ ասում, որ ցանկության դեպքում ԱՄՆ-ը հեշտությամբ կարող է լուրջ ֆինանսական ճնշումներ գործադրել եւ Թուրքիայի, եւ Մեծ Բրիտանիայի վրա, քանզի հասկանալի է, թե վերջինիս հնարավորությունները եւս որքան մեծ են այս պատերազմի առումով: Թուրքիան եւ Ադրբեջանը լավ գիտեն, ինչը նաեւ ապացուցել է 30 եւ ավելի տարիներ ձգվող արցախա-ադրբեջանական պատերազմը, որ հայերը հերոսական եւ մինչեւ վերջ կռվող ժողովուրդ են, այդ իսկ իմաստով էլ ընտրել են նոր մարտավարություն, այն է՝ հիմնականում գործի դնել հրետանային եւ օդուժի ժամանակակից զինտեխնիկա, որի պարագայում անհամեմատ դժվար կլինի պաշտպանվելը, ինչպես նաեւ էապես մեծ կլինեն մարդուժի ու մնացած կորուստները, որն էլ իր հերթին համեմատաբար հեշտությամբ կբերի հայկական ուժերի ջլատմանը:

Բացի ասվածից, նրանք ընտրել են նաեւ մեկ այլ սադրիչ մարտավարություն. որքան հնարավոր է շատ հարվածել մեր թույլ տեղին՝ խաղաղ բնակավայրերին եւ ստրատեգիական կառույցներին, որպեսզի շարունակաբար փորձեն դրա վրա բեւեռել հայկական կողմի ուշադրությունը, քանզի նրանք լավ գիտեն, որ ի տարբերություն իրենց, ովքեր թքած ունեն եւ վարձկան ահաբեկիչների, եւ իրենց խաղաղ բնակչության ու զոհերի վրա, հայկական կողմը զուգահեռաբար ամեն ինչ պետք է անի, որպեսզի խոչընդոտի եւ նրանց ռմբակոծումներին, եւ հընթացս փորձի լուծել նաեւ դրանց հետեւանքով առաջացած՝ խաղաղ բնակչության անվտանգության ու ծագած բազմապիսի այլ հարցերը: Ցավոք, այս պահին եղած իրավիճակը հուշում է, որ աշխարհի հայությունը բացի ֆինանսական եւ այլ օգնություններից, այսուհետ պետք է փորձի օգտակար լինել նաեւ մարդուժի հարցով:

Հոդվածը գրելու պահին զուգահեռաբար ունկնդրում էի «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումը, որը սփռում էր ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բայդենի խոսքը՝ կապված Արցախում ստեղծված իրավիճակի հետ: Նա կտրուկ եւ ճշմարիտ քննադատում էր նախագահ Թրամփին եւ նրա վարչակազմին (իհարկե, հասկանալի է, որ նրա խոսքում կար նաեւ նախընտրական փիառի ելեւէջներ), հստակորեն ներկայացնելով, որ այս դաժան պատերազմի 18 օրվա ընթացքում (դա պատերազմի 18-րդ օրն էր) նախագահ Թրամփը եւ նրա վարչակազմը ոչ մի գործնական քայլ չեն արել պատերազմի դադարեցման ուղղությամբ, այլ ընդամենը Արցախյան իրավիճակի հանգուցալուծումը լռելյայն պատվիրակել են Ռուսաստանին, որն էլ բացի դիվանագիտական հայտարարություններից, որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկում արյունահեղությունը կանխելու ուղղությամբ:

Նա իրավացիորեն նշում էր, որ այս օրերին Թրամփն անգամ հեռախոսազրույց չի ունեցել Էրդողանի հետ: Նրա խոսքով, Թրամփը փաստացի այնպիսի պահելաձեւ է որդեգրել, որ կարծես արտառոց որեւէ բան տեղի չի ունենում: Փոխանակ, նա, Պուտինը եւ այլ խոշոր տերությունների ղեկավարներ համատեղ փորձեն Էրդողանին ու Ալիեւին պարտադրել նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, ճիշտ հակառակն են անում, յուղ են լցնում նրանց կրակի վրա, անդադար հայտարարություններ անելով, որ Արցախը պետք է հանձնի ազատագրված (ըստ իրենց, գրավյալ) տարածքները, որից հետո կսկսվեն խաղաղ բանակցությունների վերաբերյալ քննարկումները:

Նրանց համար այս ամենն այնքան միեւնույն է, որ ցույց են տալիս, իբր լավ չեն հասկանում, որ ստեղծված իրավիճակում, առանց հրադադարի հնարավոր չէ որեւէ այլ բանի մասին խոսել: Հարգելի ղեկավարներ՝ «ժողովրդավարության» տիեզերական ջատագովներ, բա ո՞ւր թողեցիք իրական ժողովրդավարության հիմնասյուներից մեկը՝ ինքնորոշման իրավունքը, բա ինչո՞ւ դրա մասին ոչ մի բառ չի հնչում ձեր շուրթերից եւ ընդամենը խոսքներդ մեկ արած՝ հաճոյանալով այդ երկու հրեշներին, շուտասելուկի նման միայն հայտարարում եք ազատագրված (երբեք ոչ գրավյալ) տարածքների վերադարձման մասին: Մոռացե՞լ եք ոչ վաղ անցյալում ձեր երկրներում նույն ահաբեկիչների կողմից իրականացված գործողությունների մասին: Այսօր արդեն պաշտպանո՞ւմ եք նրանց նույնատիպ ձեռնարկումները, ինչ է, թե դրանք ձեր երկրներում չեն անում եւ ձեր երեխաները չեն զոհվում: Ոչինչ, շուտով հերթը դարձյալ ձեզ կհասնի, տեսնենք այն ժամանակ ինչ եք ասելու…: Գոնե փորձեք գնդասեղի գլխիկի չափով ձեր մեռած խիղճն արթնացնել, քանզի շարունակում եք ցուցադրել, իբր ոչինչ չեք տեսնում: Ինչպե՞ս կպահեիք ձեզ, եթե Թուրքիան այդ նույնն աներ ձեր երկրներում: Միգուցե այդ դեպքում էլ հայտարարեիք, որ Արցախը պետք է վերադարձնի գրավյալ տարածքները, որպեսզի Թուրքիան գթար ձեզ…

Ի դեպ, սոցցանցերում անընդհատ տեղեկատվություն է տարածվում, որ տեղի ունեցավ Պուտին-Էրդողան, … եւ տարբեր երկրների, տարբեր ռանգի պաշտոնյաների հեռախոսազրույցներ, որոնց խոսակցությունների հիմնական թեման Արցախյան պատերազմն է եւ միամիտ ժողովուրդներն էլ կարծում են, թե այդ ղեկավարները լրջորեն են վերաբերվում Արցախյան պատերազմի դադարեցման ուղղությամբ հարցին, սակայն Էրդողանն ու Ալիեւը նրանց խրատներին բանի տեղ չեն դնում: Դե ի՞նչ անեն այդ «խեղճերը», հո չեն կարող նրանց ստիպել: Չէ՞ որ նման մոտեցումը լրիվ դեմ է ժողովրդավարության սկզբունքներին: Աշխարհի հարգելի ժողովուրդներ, նման բան չկա, ուղղակի այդ երկրները զուտ իրենց շահերից ելնելով, ոչ մի կոնկրետ քայլ չեն անում, ընդամենը ձայն-ձայնի տված մի գլուխ բարբաջում են. Արցախը պետք է ետ վերադարձնի ազատագրված տարածքները, քանզի Էրդողանն այդպես է ուզում: Անկեղծ ասած, այդ ղեկավարներն արդեն այնքան կրկնեցին այդ դատարկ հայտարարությունները, որ ուզում ես մտածել. դրանք հոգի ունեցող մարդիկ են, թե՞ ռոբոտներ…: Մենք էլ միամիտ-միամիտ մշտապես կարծել ենք, թե նրանք արդար դատավորներ են, մոռանալով, որ դատավորի ամենամեծ առաքինությունը խղճի մտոք գործելն է…

Իրականում նրանք իրենց կույրի դերը լավ են խաղում եւ բնավ չեն նկատում, որ այդ երկու հրեշները հայերի դեմ են հանել մի գերհարուստ պետության ժամանակակից ողջ զինանոցը, որը ոչ այլ ինչ է, քան գերագույն վախկոտության ախտանիշ …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
20.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031