Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին օրերին էլ անընդհատ կրկնում էր՝ պատրաստ եմ կյանքս զոհել հանուն ձեր խաղաղ կյանքի

Հոկտեմբեր 21,2020 13:30

Էրիկը բարձրացավ բարձունք եւ այնտեղ հերոսաբար անմահացավ։

«Ուներ սիրած աղջիկ` կյանքի երազանքներից շատերը կապելով նրա հետ։ Ավա՜ղ, երազանքները անկատար մնացին…»,-ասում է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ զոհված Էրիկ Եղիազարյանի մտերիմներից մեկը: Էրիկը ժամկետային զինծառայող էր՝ 19 տարեկան։

«Կենսուրախ էր, սիրում էր կյանքը իր բոլոր գույներով, անսահման լավատես էր, բարի եւ կամեցող, ծառայությանը նվիրված: Անհամբերությամբ սպասում էր սերժանտի կոչմանը»,-«Առավոտի» հետ զրույցում պատմում են մտերիմները: Ասում են՝ որոշել էր գալ, ուսումը շարունակել եւ իր ձեռքով կառուցել իր տունը: Ընկերների խոսքով, վերջին օրերին էլ անընդհատ կրկնում էր՝ պատրաստ եմ կյանքս զոհել հանուն ձեր խաղաղ կյանքի: Ընկերներն ասում են՝ Էրիկը անվախ էր, խիզախ եւ հայրենիքին նվիրված։ Նրանց խոսքով՝ կամավոր բարձրացել է բարձունք եւ բարձունքում հերոսաբար անմահացել։

Նելլի Խաչատրյանն էլ, որն Էրիկի դասղեկն է, բառեր չի խնայում իր նախկին աշակերտին բնութագրելու: Սիրով է հիշում՝ ինչպես է Էրիկը հենց սեպտեմբերի 1-ին դասից բացակայել. «Երբ տարիներ առաջ ստանձնեցի 10 Լ (լեզվաբանական հոսք) դասարանի դասղեկի պաշտոնը՝ ցուցակագրման ժամանակ Էրիկը բացակայում էր։ Երբ հետաքրքրվեցի, թե ինչու է բացակայում սեպտեմբերի 1-ից սկսած, տեղեկացա, որ հերթական արկածները կատարելիս վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոցում պառկած է՝ այրվածքաբանության բաժնում։ Ինձ սկսեց հետաքրքրել Էրիկի անձը՝ ինչպիսին է նա, չէի հանդիպել ոչ մի անգամ։ Սեպտեմբեր ամսին դասի չեկավ: Երբ սկսեց հաճախել դպրոց, շատ սիրված էր ընկերների կողմից, շուտ մտերմացավ դասընկերների հետ, քանի որ նախկին դասարանցիներ եւս ուներ այս դասարանում։ Դասարանում հիանալի կորիզ էր ստեղծվել, սիրում, օգնում եւ հարգում էին միմյանց։ Ընթացքում պարզ դարձավ, թե ինչպիսի մարդ էր նա: Բարի էր, հասնող, ընկերասեր, խաղաղասեր, չէր սիրում կռիվներ անել, կոնֆլիկտներ չէր ստեղծում»։

Դասղեկը պատմում է, որ Էրիկը երբ ծառայության է մեկնել, եկել՝ հրաժեշտ է տվել. «Ավելի լրջացած, կարծես չէր հավատում, որ գնում է բանակ՝ զինվոր է դառնում։ Ծառայության մեկնելուց հետո հաճախ էր զանգում, զրուցում էինք, պատմում էր իր երազանքների մասին, ուզում էր ունենալ գեղեցիկ ընտանիք, իր ձեռքով կառուցած տուն, շատ երեխաներ»։

Ասում է՝ պրպտող բնավորություն ուներ. «Մտքին, եթե դներ՝ մեկ օրում ահռելի գործ կկատարեր։ Մի անգամ մեքենայի շարժիչը վնասվել էր, նա էլ համառորեն այնքան է ջանացել, որ կարողացել է վերանորոգել՝ զարմանք պատճառելով անգամ մասնագետներին։ Մտածում էր, որ լավ արհեստավոր կդառնա, բայց երբ գնաց բանակ՝ հասկացավ, որ կարեւոր տեղ ունի նաեւ ուսումը։ Խելացի տղա էր, ուզում էր գալ եւ ուսումը շարունակել, ընդունվել բուհ»։ Նելլի Խաչատրյանի խոսքով, մեծ սիրով էր պատմում իր զինվորական կյանքի, առօրյայի մասին. «Մի անգամ կատակով ասաց, որ ՊՆ-ի օճառներն այնքան լավն են, էնպես է մաքրում, մինչեւ իսկ հոգիդ էլ հետը, ասաց ու լավ ծիծաղեց։ Օգնում էր նաեւ իր զինընկերներին, զիջում էր իրենից կրտսերներին, կանգնած էր նրանց կողքին»:

Դասընկերուհի Մոնիկան էլ ասում է՝ «Նրա մասին խոսելը թե՛ առաջ, թե՛ հիմա մեծ պատասխանատվություն է։ Իրականում բառերն անգամ քիչ են նրան բնութագրելու, նրա մասին պատմելու համար։ Էրիկը մեծատառով մարդ էր։ Շատ ժպտերես, բարի, ընկերասեր, հոգատար տղա էր, երբեք չէիր ձանձրանա նրա հետ։ Միշտ բոլորիս տրամադրությունը կախված էր նրա ներկայությունից թե՛ դասարանում, թե՛ դասարանից դուրս ինչ-որ հավաքույթներին։ Մեր դասարանի ուրախությունն էր»: Մոնիկայի խոսքով, շնորհալի էր եւ հատկապես լավ հասկանում էր էլեկտրոնիկայից. «Ցանկացած ցանկությունը ի կատար էր ածում շատ կարճ ժամանակում։ Իսկ հաջողություն գրանցում էր ամեն սկսած գործի թե՛ ընթացքում, թե՛ ավարտում»։

Սակայն, ընկերների խոսքով, Էրիկը շատ հաճախ էր արկածախնդրություններ ունենում եւ փորձանքների մեջ ընկնում:
Մոնիկան պատմում է, որ անհասկանալի պատմություններում էր հայտնվում եւ ժպիտով այդ մասին պատմում. «Մեր դասարանի քեֆչին էր ու 12 տարի՝ ինչ հավաքույթ լիներ, հիմնականում իրենց տանն էինք հավաքվում, կարճ ասած՝ մենք ոչ միայն դասընկերներ էինք, այլեւ մի մեծ ու միասնական ընտանիք: Հիմա ցանկացած հիշողություն, որը կապված է նրա հետ, շատ խորը ցավ է առաջացնում։ Չեմ էլ ուզում անցյալով խոսել նրա մասին։ Նա միշտ կա, մենք մեր մեծ ընտանիքով սպասում ենք նրա վերադարձին»:

Դասընկերուհու խոսքով, Էրիկը դեռ փոքրուց է սիրել զինվորական համազգեստը եւ միշտ ասել է, որ հպարտությամբ է կրում այն։ Դեռ 2013-14 թվականներին գրանցվել էր պատանի Երկրապահների խմբում, համազգես ձեռք բերելու օրն էլ ուրախությանը չափ չի եղել. «Ծառայության հետ կապված, որոշ խնդիրներ կար, որի պատճառով հնարավոր էր ազատվել բանակից, բայց ամեն բան արեց, պայքարեց, որ գնա։ Գնաց ու հավերժ զինվոր մնաց։ Ծառայության ընթացքում մի քանի անգամ հասցրեցինք խոսել հեռախոսով։ Վերջին անգամ պատերազմից 8 օր առաջ էինք խոսել։ Զանգում հարցնում էր՝ ոնց եք, ինչ կա։ Չէինք հասցնում մի բառ ասել՝ ասում էր՝ դե լավ, էլի կզանգեմ։ Միշտ խոստման տեր էր լինում, բայց այս անգամ՝ հավերժ սպասումով թողեց»,-ցավով ասում է Մոնիկան:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031