Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես քվեարկում եմ Բայդենի օգտին․․․ Թրամփի մղձավանջին վերջ դնելու համար». Հարութ Սասունյան

Հոկտեմբեր 20,2020 23:45

Հարութ Սասունյան

Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

Տասնյակ միլիոնավոր ամերիկացիների և մնացած աշխարհի հետ միասին ես հույս ունեմ, որ Թրամփ կոչվող մղձավանջը կավարտվի նոյեմբերի 3-ին:

Բարեբախտաբար, Թրամփը վերջերս հայտարարեց, որ եթե պարտվի ընտրություններում՝ կլքի Միացյալ Նահանգները: Դա ամենալավ բանն է, որ նա ասել է վերջին չորս տարիների ընթացքում․․․ Հավանաբար, նա անհանգստացած է, որ ընտրություններում պարտվելու դեպքում կհայտնվի բանտում՝ բազմաթիվ հանցագործությունների համար, որոնք գործել է ինչպես պաշտոնավարման ընթացքում, այնպես էլ պաշտոնը զբաղեցնելուց հետո: Միակ խնդիրն այն է, թե որ երկիրը կցանկանա ապաստան տալ նրան. միգուցե Թուրքիան կամ Ադրբեջանը: Կամ գուցե Իսրայելը:

Գիտեմ, որ որոշ հայեր դժգոհ կլինեն իմ դիրքորոշումից: Բայց ես միշտ վճռականորեն արտահայտել եմ իմ տեսակետը այնքան անկեղծորեն, որքան կարողացել եմ։ Համոզված եմ, որ Թրամփը սպառնալիք է եղել Միացյալ Նահանգների և աշխարհի համար․․․ Հուսով եմ, որ նոյեմբերի 3-ին Թրամփի պարտությամբ մենք բոլորս մի փոքր թեթևացած շունչ կքաշենք, նորից կապրենք ազատ ժողովրդավարական երկրում՝ առանց վախի, որ բռնապետը կփչացնի մեր կյանքն ու առողջությունը:

Բառարանում բավարար բացասական բառեր չկան նկարագրելու այն բոլոր սխալները, որոնք Թրամփն ասել կամ արել է վերջին չորս տարիների ընթացքում: Սրան պետք է վերջ դրվի։ Երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի ԱՄՆ հաջորդ նախագահը վերացնի այն վնասը, որը Թրամփը հասցրել է Ամերիկային և աշխարհին:

«Վաշինգտոն փոստը» բծախնդրորեն հետևել է Թրամփի ստերին և չափազանցություններին: 2020 թ․ մայիսի դրությամբ՝ նախագահ դառնալուց ի վեր, Թրամփը ստել է ավելի քան 20 հազար անգամ: Նա անընդհատ ստում է: Դուք չեք կարող վստահել նրա ասածներին: Առավոտյան մի բան է ասում, իսկ երեկոյան՝ հակառակը: Առերեսվելիս նա պնդում է, որ նման բան չի ասել, նույնիսկ եթե դա ապացուցվում է իր իսկ ձայնի ձայնագրությամբ: 2018 թ․ իր ելույթներից մեկում նա ասաց՝ մի՛ հավատացեք այն ամենին, ինչ կարդում եք կամ ինչ տեսնում եք․․․ Այլ կերպ ասած, անտեսեք փաստերը և վստահեք նրա ստերին:

Միակ բանը, որին կարող ես վստահել, այն է, որ Թրամփը կանի այն, ինչը իր անձնական  շահն է: Որպես նախագահ՝ նա բիզնեսն ուղղել է դեպի իր հյուրանոցներն ու գոլֆի խաղադաշտերն ամբողջ աշխարհում: Նա 400 միլիոն դոլար պարտք ունի անհայտ անձանց և այլ աղբյուրների, բայց նրանց անունները չի բացահայտում: Միգուցե իրեն  հաճելի  բռնապետերից մի քանիսը հենց նրանք են, որոնք տրամադրել են այդ դրամական միջոցները: Եվ դա կարող է լինել պատճառը, ի թիվս այլոց, որ Թրամփը կտրականապես հրաժարվում է հրապարակել իր հարկային հայտարարագրերը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային համավարակին՝ Թրամփի անկարողությունն ու տգիտությունը պատճառ դարձան այս պահի դրությամբ ավելի քան 220 հազար ամերիկացիների մահվան, որոնց թիվն օրեցօր աճում է: Նա երբեք լուրջ չէր վերաբերվում մահացու վիրուսին՝ այն որակելով որպես դեմոկրատների ​​կեղծիք և 2020 թ․ փետրվարի 27-ին Սպիտակ տանն ասաց՝ «Այն կվերանա: Մի օր, հրաշքի նման կվերանա»։ Ցավոք, դեռ շատերը կմահանան մինչև այս համավարակի ավարտը: Թրամփը մեծ քաղաքական հանրահավաքներ է անցկացրել երկրի տարածքում և մի շարք միջոցառումներ Սպիտակ տանը, որոնց մասնակիցների մեծ մասը դիմակներ չի կրել և սոցիալական հեռավորություն չի պահպանել։ Նրանցից շատերը՝ Թրամփի սեփական ընտրողները, վարակվել են, իսկ ոմանք՝ մահացել։ Թրամփն ու իր ընտանիքը ևս վարակվել էին, բայց նա կարծես դասեր չի քաղել իր անխոհեմ պահվածքից:

Թրամփը խոստովանեց, որ ինքը սիրահարված է բռնապետերին և դեմ է Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցներին։ Լրագրող Բոբ Վուդվորդին տված հարցազրույցում, որը ձայնագրված է, Թրամփն ասել է․ «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Էրդողանի հետ, թեև այդպես չպետք է լինի, որովհետև բոլորն ասում են՝ «ինչ սարսափելի մարդ է»։ Բայց գիտես, ինձ մոտ լավ է ստացվում։ Ծիծաղելի է, իմ ունեցած հարաբերությունները, որքան նրանք ավելի կոշտ ու ստոր են, այնքան հաշտ եմ նրանց հետ։ Դու ինձ մի օր կբացատրես, լա՞վ: Բայց գուցե դա վատ բան չէ… Հեշտ մարդիկ նրանք են, որոնց ես միգուցե այդքան շատ չեմ սիրում կամ այնքան էլ հաշտ չեմ նրանց հետ»։

Ուստի զարմանալի չէ, որ Թրամփը մատը չի շարժել, որպեսզի ճնշում գործադրի իր լավ ընկեր Էրդողանի վրա՝ դադարեցնելու զինել ու խրախուսել Ադրբեջանին Արցախի վրա հարձակման համար: Նա նույնիսկ հետաքրքրված չէ Էրդողանին ասելու՝ դադարեցնել ահաբեկիչների տեղափոխումը Հյուսիսային Սիրիայից Ադրբեջան, քանի որ Թրամփը անձնական շահ չունի Արցախյան հակամարտությունից: Մինչդեռ ամեն օր հայ երիտասարդ զինվորներ են զոհվում։ Եթե ​​Թրամփը ցանկանար, նա կարող էր դադարեցնել պատերազմը Էրդողանին ուղղված մեկ հեռախոսազանգով: Բայց, ինչպես 2015-ին Թրամփը խոստովանել է Breitbart News Daily-ին. «Ես մի փոքր շահերի բախում ունեմ, որովհետև Ստամբուլում ունեմ մեծ, մեծ շենք: Անչափ հաջող աշխատանք է։ Այն կոչվում է Թրամփի աշտարակներ՝ երկու աշտարակ, մեկի փոխարեն, ոչ թե սովորական, այլ՝ երկու»։

Հոկտեմբերի 18-ին, Կալիֆորնիա նահանգի Օրանժ շրջանում մի խումբ հայ ցուցարարների նկատելուց հետո, այդ օրն ավելի ուշ Նեվադա նահանգի Ռինո քաղաքում տեղի ունեցած հավաքի ժամանակ, Թրամփը գովեց հայերին և ասաց, որ հավանում է նրանց դրոշը։ Թեև Թրամփը չանդրադարձավ Արցախյան պատերազմին, բայց ասաց «Մենք աշխատում ենք ինչ-որ բաների վրա»։ Միգուցե Թրամփն ակնարկում էր Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին նախատեսված պետքարտուղար Մայք Պոմպեոյի`Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման մասին։ Ինչպես Թրամփն է հաճախ ասում, «տեսնենք, թե ինչ կլինի»:

Վերջին ամիսներին շատ գրքեր են գրվել Թրամփի հարազատների կամ Սպիտակ տան աշխատակիցների կողմից՝ բացահայտելով նրա բազմաթիվ թերությունները: Վերջերս Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար նախկին պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլին Թրամփի մասին ասաց․ «Նրա անպարկեշտության խորությունը պարզապես ապշեցնում է ինձ: Անպարկեշտությունը, յուրաքանչյուր հարաբերության գործարքային բնույթը, ավելի  ողորմելի է, քան ցանկացած այլ բան: Նա իմ կյանքում երբևէ հանդիպած ամենաարատավոր անձնավորությունն է»:

Թրամփի կողմնակիցների զարմանալի բաներից մեկը Թրամփին որպես իրենց պաշտամունքի առաջնորդին կույր հետևելն է, որքան էլ նրա արարքները կամ հայտարարությունները  քստմնելի լինեն։  Ինչպե՞ս կարող են ավետարանականները և այլ պարկեշտ մարդիկ անտեսել նրա անբարո գործելակերպն ու ստերը: Նա բազմաթիվ ապօրինի սեռական հարաբերություններ է ունեցել մարմնավաճառների հետ և գումարներ վճարել քողարկելու  համար։  Նա հավանաբար իր կյանքում երբեք եկեղեցի չի մտել, բայց նրան պաշտում են Աստծո պես․․․ Սա շատ տխուր է և ցավալի:

Թրամփը նաև փչացրել է Միացյալ Նահանգների հեղինակությունը ամբողջ աշխարհում: Pew-ի հարցախույզի համաձայն, Ռուսաստանի նախագահ Պուտինն ավելի հարգված է, քան Թրամփը, իսկ համաշխարհային առաջնորդներից նա ընդամենը մեկ միավորով է առաջ անցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինից (29% -28%): Թրամփի վարչակազմը նաև խախտել է Միացյալ Նահանգների կողմից ստորագրված մի քանի միջազգային պայմանագրեր:

Ամփոփելու համար նշենք, որ Բայդենի օգտին քվեարկությունը Թրամփից ազատվելու քվե է: Ես միամիտ չեմ հավատալու նախընտրական խոստումներին, բայց մի բան հաստատ է, որ Թրամփը պետք է գնա: Այնպես որ, անկախ նրանից, թե Բայդենն ինչ է խոստանում անել, նա չի կարող ավելի վատ լինել, քան Թրամփը՝ ամերիկահայերի, Հայաստանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար: Մենք տեսել ենք Թրամփի ապաշնորհ կառավարման չորս տարիները, և դա բավական երկար է ինձ և շատ ուրիշների համար: Զարմանալի չէ, որ բազմաթիվ վերլուծաբաններ ասում են. «Թրամփը պիտանի չէ նախագահ լինելու համար»: Ժամանակն է՝ խելամտությունը վերադառնա Սպիտակ տուն․․․ Պատկերացրեք, թե Թրամփը ինչ վնաս կարող է հասցնել իր երկրորդ պաշտոնավարման ընթացքում, եթե չկաշկանդվեր վերընտրվելու մտահոգություններով․․․

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031